կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-18 12:25
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանը հորդորեց մեկ անգամ էլ հավաքվել

Հովիկ Աբրահամյանը հորդորեց մեկ անգամ էլ հավաքվել

ԱԺ հերթական քառօրյան մեկնարկել է:

 

Նիստի սկզբում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով հետընտրական զարգացումները ԱԺ արտահերթ նիստում քննարկելու վերաբերյալ ԱԺ նախագահի պատրաստակամությանը, հայտարարեց, որ ստացվեց այնպես, որ թեեւ ԱԺ նախագահը հայտարարեց, որ նախաձեռնելու է արտահերթ նիստ, բայց ոչ միայն չներկայացրեց օրենքի նախագիծ, այլ նաեւ մերժեց ընդդիմության կողմից ներկայացրված նախագիծը` այդ կերպ ձախողելով հնարավոր արտահերթ նիստի հրավիրումը:

 

Իր հերթին, ԱԺ նախագահը հայտարարեց, որ ինքը չի համարում, որ բանակցությունները ձախողված են. այսօր էլ պատրաստ է քննարկել այն հարցերը, որոնք ներկայացված են: «Մենք ոչ թե դեմ ենք եղել արտահերթ նիստին, այլ առաջարկել ենք ձեր ներկայացրած հարցերից մեկում փոփոխություն անել, ինչին, սակայն, դուք չեք համաձայնել: Ես հիմա էլ եմ պատրաստ քննարկման եւ նորից եմ հորդորում հավաքվել եւս մեկ անգամ եւ քննարկել»,- նշեց Աբրահամյանը:

 

Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իրենք այլեւս այդ բանակցություններին չեն մասնակցելու, եւ ընդգծեց, որ մեծամասնությունը կարող էր մերժել իրենց նախաձեռնությունը արտահերթ նիստում, բայց նիստ, այդուհանդերձ, հրավիրեր: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը եւս մեկ անգամ հայտարարեց, որ խորհրդարանն իրավունք չունի անմասն մնալ գործընթացներից, բայց հիմա ստեղծվել է իրավիճակ, երբ խորհրդարանի գործառույթները տեղափոխվել են փողոց եւ քրեական աշխարհ: