Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր կառավարության ներկայացրած «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, որի կապակցությամբ տարաձայնություններ ուներ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնության բովանդակությունը, այն է՝ երկու տարի առաջ «Շահութահարկի մասին» օրենքով ակտիվների կառավարիչների կողմից երաշխիքային հիմնադրամներ արվող մասհանումները հարկվում էին, իսկ օրենսդրական փոփոխությունից հետո առաջարկվում է այն ազատել շահութահարկից 2014թ. հունվարի 1-ից:
Նախ` ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հարցեր ուղղեց ֆինանսների նախարարին` երաշխիքային հիմնադրամները ո՞ւմ համար են, ի՞նչ են երաշխավորելու, ո՞ւմ հաշվին են երաշխավորելու: Դավիթ Սարգսյանը պատասխանեց, որ երաշխիքային հիմնադրամում կառավարվելու են կուտակային կենսաթոշակները:
Նախարարի խոսքով՝ եթե տարիների ընթացքում ինչ-ինչ պատճառներով կառավարիչը վատ կառավարի կամ առաջանան այլ ռիսկեր, ապա երաշխիքային հիմնադրամը քաղաքացիներին կվերադարձնի նրանց գումարները, և այդ գումարները ազատվում են շահութահարկից:
Հրանտ Բագրատյանը բազմաթիվ հարցեր ուներ՝ կառավարիչը շահույթ ունի, բայց նրանց արտոնություն են տալիս, որ հարկեր չտա՞ն, թե՞ շահույթ չկա, չի հարկվում, այդ դեպքում ստացվում է, որ օրենսդրությունն է սխալ: «Ի՞նչ շահույթի մասին է խոսքը, ինչո՞ւ չեք փոխում ամբողջ օրենքը, որ դա ոչ թե մեկ հիմնադրամին վերաբերի, այլ բոլոր մասնավոր երաշխիքային հիմնադրամներին»,- հարց ուղղեց Հրանտ Բագրատյանը:
Ֆինանսների նախարարը նշեց, որ շահույթ, որպես այդպիսին, չկա, որովհետև դա երաշխիքային հիմնադրամ է, բայց ՀՀ օրենսդրությամբ` երկու տարի առաջ դա համարվում էր հարկման ենթակա: Օրենսդրական փոփոխություններ արվեցին և դա այլևս չի համարվում հարկման բազա:
Հրանտ Բագրատյանի և Խաչատուր Քոքոբելյանի հարցերը շատ էին, որովհետև գիտեին, թե իրենց հարցերն ու կառավարության պատասխանները ուր են տանելու: Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, սակայն, թույլ չտվեց հարցերը շարունակել` պատճառաբանելով, որ տվյալ օրենքի քննարկումը երկարում է:
Վարդան Այվազյանը բացատրեց. «Պետությունը գարանտիա փող է վերցնում ակտիվների կառավարիչներից, որը չպետք է հարկվի, որ հանկարծ քաղաքացիները չգցվեն, իսկ Դուք, պարո'ն Բագրատյան, ասում եք, որ դեմ եք, մեղայ Աստծու»: Բագրատյանը պատասխանեց, որ դեմ է այդ օրենսդրական նախաձեռնությանը. «Աստծուն հանգիստ թողեք, Աստծուն էլ եք նստացրել: Հերիք ա` մենք ամեն տեսակի արտոնություններ տանք բանկիրներին ու ֆինանսիստներին: Բոլորի համար այդ արտոնությունը դարձրեք»: