կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-15 18:00
Քաղաքական

Ինչո՞ւ չբացեցիք քվեաթերթիկների պարկերը

Ինչո՞ւ չբացեցիք քվեաթերթիկների պարկերը

«Երեկ դատարանում, երբ բոլորս կանգնած լսում էինք, թե ինչ որոշում պետք է կայացվեր, եւ ընթերցվեց, ոչ ոքի դեմքին ժպիտ չկար, քանի որ դատավորներն իրենց խիղճը վաճառել էին սատանային: Կարծում եմ, որ սատանան Սերժ Սարգսյանն էր, կամ չգիտեմ, թե ով էր, բայց կարծում եմ, որ այդ գործարքից իրենք իրենց զգում էին ստորացած»,- այսօր Ազատության հրապարակում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 

Նա պատմեց, որ Գագիկ Հարությունյանը հաշվարկներ էր կատարում, թե քանի մարդ է մասնակցել ընտրական գործընթացներին եւ բազմապատկում էր այդ թիվը, փոխարենը` բազմապատկելու այն մարդկանց թիվը, ովքեր իր որոշումների հետեւանքով լքել են երկիրը: Այնուհետեւ Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց իրենց միջնորդությունները, որ բոլոր 1988 ընտրատեղամասերի պարկերը բացվեին, նաեւ, որ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչներ Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանն ամեն ինչ անում էին, որ այդ միջնորդությունները չբավարարվեին:

 

«Եթե այդքան ազնիվ էիք, արդար ու ինքնավստահ էիք, ապա դուք էլ կողմ լինեիք այդ միջնորդություններին ու բերեիք այդ պարկերը բացեիք, որ տեսնեինք, թե ինչ պարունակություն ունեն դրանք: Դատարանը դրսեւորեց անգործություն, բայց նա պետք է հասկանար, որ այդ անգործությամբ այդ սատանան էլի պետք է դիմի իրենց եւ իրենք դարձյալ պետք է սատարեն նրան»,- ասաց Զարուհի Փոստանջյան:

 

Այնուհետեւ Զարուհի Փոստանջյանն իր խոսքն ուղղեց Սերժ Սարգսյանին ու ասաց, որ երբ նա ասում էր, թե ինքն է կազմակերպել ընտրությունները, դա այդպես է. «Դուք եք կազմակերպել Հայաստանում կեղծարարությունը եւ Դուք էլ այսօր պահում եք մեր ժողովրդի քվեն այդ պարկերում եւ թույլ չեք տալիս, որ երեւա ժողովրդի քվեն»: