կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-12 19:05
Հասարակություն

Մութաֆյանի մահվան առիթով պարզվել են մի շարք հանգամանքներ, որոնք հրապարակման ենթակա չեն. ՔԿ

Մութաֆյանի մահվան առիթով պարզվել են մի շարք հանգամանքներ, որոնք  հրապարակման ենթակա չեն. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում այսօր ստացվել է թատերագետ Լ. Մութաֆյանի մահվան մասին բժշկական վկայականը, համաձայն որի՝  նրա մահը հետևանք է սրտային սուր անբավարարության։ 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Լ. Մութաֆյանի դին հայտնաբերվել է նոյեմբերի 11-ին՝ Կենտրոն վարչական շրջանում գործող հյուրանոցներից մեկի լոգասենյակում։

 Ի պատասխան ԶԼՄ-ների հարցադրումների՝ պարզաբանում ենք, որ Լ.Մութաֆյանի այցը տվյալ հյուրանոց կրել է մասնավոր բնույթ։

 ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը սահմանում է յուրաքանչյուր քաղաքացու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը։ Միաժամանակ, նույն հոդվածով արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին։

Լ. Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել և ձեռնարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ գործողություններ, պարզվել են մի շարք հանգամանքներ, սակայն դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։