Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու օրակարգով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի շենքում երեկ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ԲՀԿ ներկայացուցիչների միջեւ: ՀՅԴ-ից քննարկմանը մասնակցել են Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը, ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը:
Թեեւ ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչները եւս կողմ են միասնական ցուցակին, սակայն այդ կուսակցությունը չի մասնակցել հանդիպմանը: Տարածվել են լուրեր, թե ՀԱԿ-ի մասնակցությանը դեմ է եղել «Ժառանգությունը»:
«Ժառանգության» մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը Yerkir.am-ի հետ զրույցում սխալ համարեց տեղեկությունները, թե իրենք դեմ են ՀԱԿ-ի մասնակցությանը: «Մենք չենք եղել այդ հանդիպման նախաձեռնողը, եւ չեմ կարող ասել, թե ինչու չի մասնակցել ՀԱԿ-ը: Մենք բաց ենք բոլոր ընդդիմադիր ուժերի հետ համագործակցության համար: Երկրորդ օրն է, որ նույն ՀԱԿ-ի հետ մենք բանակցությունների մեջ ենք համագործակցության ձեւաչափերի ճշգրտման օրակարգով»:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աղվան Վարդանյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Քանի որ նախնական կոնսուլտացիաներ կային հենց այդ երեք ուժերի միջեւ, այս փուլում այս ֆորմատով է հանդիպումը կայացել»: Աղվան Վարդանյանի խոսքերով` ՀԱԿ-ի պարագայում կա որոշակի անորոշություն. նախկինը գոյություն չունի, նորը դեռ կազմակերպված չէ: ՀԱԿ-ի հետ հանդիպում եւս կլինի` անհրաժեշտության դեպքում: «Մենք ասել ենք, որ կողմ ենք ոչ իշխանական ուժերի համախմբմանը», - ասաց Աղվան Վարդանյանը:
Ինչ վերաբերում է հանդիպման արդյունքներին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամը նշեց, որ վերջնական որոշում չի կայացվել, քննարկումները շարունակվելու են: