|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Մարտի 6-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջազգային անվտանգության քաղաքականության տնօրեն Նիք Գըրրի համանախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են հայ-բիրտանական ամենամյա ռազմաքաղաքական խորհրդակցությունները: Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական երկկողմ համագործակցության 2016 թվականի արդյունքները: Արձանագրվել է ամենամյա համագործակցության պլանի ամբողջական իրականացումը:
Քննարկվել են նաև 2017-2018 թվականների համագործակցության շրջանակներում իրականացվելիք ծրագրերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում` ռազմական կրթություն և վարժանքներ, կրտսեր հրամանատարների և խաղաղապահ հրահանգիչների պատրաստություն, խորհրդատվություն բարեփոխումների գործընթացում և այլն:
Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության բնագավառում 2017-2018թթ. Համագործակցության պլանը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: