կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-28 13:41
Առանց Կատեգորիա

Եղել է այն, ինչ պետք է լիներ

Եղել է այն, ինչ պետք է լիներ

Վստահ ենք, որ աշխատանքից ազատվող մարզպետներն ու քաղաքապետները, ընտրությունների համատեքստում տաքուկ անկյուններից թռչող բոլոր մանրումիջին պաշտոնյաները, նույնիսկ իրենց ամենավատ երազում այսպիսի բան չէին կարող տեսնել: Կոտորածն «մանկանց». ահա թե ինչ է կատարվում ՀՀԿ շարքերում: Ով մեղանչել է համակարգի դեմ, պետք է զբաղվի այլ գործով: Համակարգից դուրս 130-140 հազար աշխատավարձով տեղ՝ ինչքան ասես:

 

Այդ մարդիկ, սակայն, ոչ մի մեղք չունեն: Գոնե այնպիսի մեղք, որ ունեն ՀՀԿ առաջին մեծության ղեկավարները՝ չունեն: Այլ հարց է, որ նրանցից շատերը բարոյական իրավունք անգամ չեն ունեցել նման պաշտոններ զբաղեցնելու, բայց, որ մեկ անգամ զբաղեցրել են, այդ ժամանակներից մինչ օրս հավատարմորեն են ծառայել համակարգին: ՀՀԿ առաջին մեծության ղեկավարները պետք է փորձեն ընտրություններում տեղի ունեցած անսպասելի շրջադարձերի մեջ իրենց մեղքը տեսնել և ոչ թե իրենց սպասարկող անձնակազմի: Այդպես ավելի ասպետ կերևան:

 

Իրականում տեղի է ունեցել մի բան, որի մեջ մեղադրել Շիրակի կամ այլ մարզպետի, ավելի քան ծիծաղելի է: Ուզում ենք ասել՝ իշխանությունը կամ նրա թեկնածուն այն մարզերում, գյուղերում ու քաղաքներում որ պարտվել է, պարտվել է միանգամայն օբյեկտիվ պատճառներով և ոչ երբեք մարզպետի, գյուղապետի, քաղաքապետի կամ վարչական տարածքի ղեկավարի մեղքով:

 

ՀՀԿ շտաբը դեռ էն գլխից էր ասում, որ երկրորդ փուլ չի լինի: Դրանում համոզված էին գրեթե բոլորը, այդ թվում նաև այն քաղաքական ուժերը, որոնք դեռ ընտրություններից առաջ հայտարարեցին, որ արդյունքները կանխորոշված են և թեկնածություն չառաջադրեցին: Սակայն այս քաղաքական ուժերի հայտարարությունները (ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ), փոխանակ զգաստացնելու, ավելի թուլացրեցին ՀՀԿ-ին ու նրա շտաբին, և վերջիններիս թվաց, թե հեշտ հաղթանակն այլևս կասկած չի հարուցում: Այն, ինչից նրանք վախենում էին, իսկ դա ընդդիմության՝ միասնական թեկնածուով հանդես գալու գաղափարն էր, այլևս չեր սպառնում իրենց և նրանք կարծեցին, թե կարող են թուլանալ ու հաճույք ստանալ հերթական հաղթանակից:

 

Բայց տեղի ունեցավ ամենաանսպասելին՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Մինչ հանրապետականները առաջին փուլով հեշտ հաղթանակ էին ակնկալում, ընտրությունները սկսվեցին երկրորդ փուլից: Րաֆֆի Հովհաննիսյանը, իր համար ինչ-որ տեղ անակնկալ ձևով, դարձավ ընդդիմության միասնական թեկնածու: Ընդդիմության ձայները, որ այս անգամ չփոշիացան տարբեր կուսակցությունների թեկնածուների միջև, հիմնականում անցան Րաֆֆի Հովհաննիսյանին և նա մեկը մեկի հետևից համոզիչ հաղթանակներ տարավ բազմաթիվ ընտրատեղամասերում, անգամ ամբողջական ընտատարածքներում, քաղաքներում ու մարզերում: Եթե հաշվի ենք առնենում նաև մյուս թեկնածուների օգտին քվեարկած քաղաքացիների փոքր թիվը, ապա ակնհայտ է դառնում, որ անցած նախագահական ընտրություններում մենք առաջին փուլ, որպես թացը չորից ջոկելու առաջին հանգրվան, այդպես էլ չունեցանք: Այդ ընտրությունների հենց առաջին փուլում գործեց երկրորդ փուլի տրամաբանությունը՝ երբ մրցում են արդեն երկուսով միայն: Ահա սրան էր, որ պատրաստ չէր ՀՀԿ-ն և, հայտնի չե, թե ինչ էին անելու, եթե նաև իրավաբանորեն այս ընտրությունները տեղափոխվեին երկրորդ փուլ, որտեղ զգալի դերակատարություն են ունենում ընտրազանգվածի կողմնորոշումները:

 

Հիմա եկել, ասում են՝ Արմավիրի քաղաքապետ, դու պիտի հրաժարական տաս: Իսկ Արմավիրի քաղաքապետին նախապես ասել էի՞ն, որ ընտրությունները միանգամից երկրորդ փուլից են սկսվելու: Դժվար թե: Մեզ թվում է՝ մի բան էլ իրենց քաղաքապետի գլխի տակ փափուկ բարձ էին դրել, թե տես՝ ինչ ես անում, ինչքան ես խփում, որ քեֆի ժամանակ ուսիդ թփթփացնեն: Այս տրամադրությունն է իշխել ՀՀԿ-ում: Այդ մասին են վկայում նաև Սերժ Սարգսյանի սրտամոտ և «ժողովրդական» շփումները ընտրողների ու լրագրողների հետ, այդ մասին են վկայում ֆեյսբուքյան տարածքի ՀՀԿ-ական ասերի նախընտրական բարձր տրամադրությունները, զանազան «Չեբուրաշկաների», ջահելության բորբ օրերի հիշողությունը վերաթարմացնող համակուրսեցի աղջիկների ելույթները և այլն:

 

Իսկ այս վիրտուալ աշխարհից դուրս գտնվող իրական աշխարհն ապրում էր իր օրենքներով, և եղավ այն, ինչ պետք է լիներ: Եվ նույնիսկ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն այս ամենի հետ շատ քիչ կապ ունի:

Էդիկ Անդրեասյան