կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-27 21:56
Քաղաքական

Ոստիկանապետը Հայդի Թալիավինիին պատմել է, թե ինչու են տեսագրվում հանրահավաքները

Ոստիկանապետը Հայդի Թալիավինիին պատմել է, թե ինչու են տեսագրվում հանրահավաքները

Փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիին և պատվիրակության անդամներին:



Հանդիպմանը Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն է հայտնել սերտ համագործակցության կապակցությամբ: Ոստիկանության պետը նշել է, որ նկատի ունենալով Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ձեռք բերած փորձը՝ ոստիկանությունն արել և անում է առավելագույնը թափանցիկ ու արդյունավետ աշխատելու թե՛ դիտորդական առաքելությունների, թե՛ կուսակցությունների, կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների հետ: Մասնավորապես, անդրադարձ է արվում բոլոր ահազանգերին, ըստ պահանջի տրամադրվում են անհրաժեշտ նյութերը, ընտրախախտումների քննության վերաբերյալ հասարակությունը պարբերաբար և ամենայն մանրամասնությամբ իրազեկվում է ոստիկանական հեռուսատահաղորդումների միջոցով, իսկ կայքով ներկայացվում են նաև նյութերի անգլերեն և ռուսերեն տարբերակները:



Հայդի Թալիավինին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ դիտորդներին հետաքրքրում է նաև ոստիկանության արձագանքը հետընտրական զարգացումներին:



Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ հետընտրական շրջանում էլ ոստիկանությունը պատշաճ իրականացնում է իր գործառույթները հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:



Ոստիկանության պետն ընդգծել է, որ հանրահավաքների ընթացքում ոստիկանության խնդիրը անցանկալի միջադեպերի բացառումն է՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, որն ընդգրկում է նաև հանրահավաքների տեսագրումը՝ նպատակ ունենալով կանխել սադրանքներն ու իրավախախտումները, ինչպես և վերահսկել ոստիկանների կողմից ծառայության պատշաճ կատարումը:



Ի պատասխան Հայդի Թալիավինիի՝ Արտաշատի հանրահավաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին՝ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ այդ դեպքով արդեն իսկ ծառայողական քննություն է նշանակվել, և օրենքը հատկապես խիստ է իր պարտականություններում թերացած ոստիկանի հանդեպ, քանի որ օրենքը չկատարող ոստիկանը չի կարող օրինահարգություն պահանջել քաղաքացուց:



Հայդի Թալիավինին շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Գասպարյանին հարցադրումներին տրված սպառիչ ու մանրակրկիտ բացատրությունների համար:



Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: