Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ինձ մոտ ոչինչ չի փոխվել. շուկայով մտա կանգառ` մարդկանց բարեւելով: Ես դա միշտ կարող եմ անել, միշտ հաշվետու եմ լինելու, եւ մեր հաղթանակը ոչ ոք չի կարող մեզանից խլել»,- արտաշատցիների հետ հանդիպման ժամանակ այսպես իր խոսքը սկսեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ խայտառակ հակաօրինական, հակասահմանադրական խախտումները եղան ամբողջ Հայաստանում, առավել եւս` Արտաշատում, եւ նշեց, որ կապ չունի` այդ խախտողի ազգանունը Հովհաննիսյան է, թե` Աբրահամյան, միեւնույն է` պատասխան է տալու:
«Անկախ նրանից` ժողովրդի հաղթանակը արձանագրել են, թե` գողացել, սրանից հետո ոչ ոք վախի մեջ չի ապրելու, Րաֆֆի, Հովիկ, Ջոնիկ, քաղաքապետ, թե մարզպետ, ոստիկանապետ, բոլորը պատասխան են տալու: Հայաստանում վիճակ է փոխվել, Արտաշատում էլ ամեն օր փոխվում է ու փոխվելու է: Ես թույլ չեմ տա, որ հայ ժողովրդի քվեի, իրավունքի եւ ընտրության հետ որեւէ մեկը խաղ անի»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ խոստացավ, որ մինչեւ իր հնարավորությունների վերջին կաթիլը թույլ չի տալու, որ ժողովրդի հաղթանակը հերթական անգամ գողացվի:
Նա հայտնեց, որ մեծ պայքար է սպասվում, որը կարող է երկար ժամանակ պահանջել, նշեց, որ սրանից հետո ամեն մեկն իր գործը պետք է անի, բայց ոչ ոք թող չվախեցնի ու թող չսպառնա:
«Անվտանգության ու ոստիկանության աշխատակիցները բոլորի համար անվտանգություն պետք է ապահովեն` ոչ միայն Հովիկի, Սերժի, Րաֆֆի եւ այլն, այլ բոլորի: Ողջունում եմ անվտանգության աշխատակիցներին, բայց նրանց խնդիրը արտաքին սահմանն է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Արտաշատում հանրահավաքը եզրափակելով` նա մեկ անգամ եւս պատրաստակամություն հայտնեց` քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ ժողովրդի իշխանությունը հետ բերել: