Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2013-05-05 14:35
Քաղաքական

Օրվա երկրորդ կեսին նորատեսակ ընտրախախտումներ են սպասվում

Օրվա երկրորդ կեսին նորատեսակ ընտրախախտումներ են սպասվում

Երևանի ավագանու ընտրություններում օրվա առաջին կեսին գրանցվել են արդեն ավանդական դարձած ընտրախախտումները, տեղեկություն կա, որ երկրորդ կեսին կկիրառվեն նաև որոշ նորամուծություններ. «Մեդիա կենտրոն»-ին հայտնել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 

Նրա տեղեկությամբ` նկուղային հարկերում տեղակայված մի շարք ընտրատեղամասեր քվեարկության ընթացքում հոսանքազրկվել են: Դրանց թվում են, մասնավորապես, 13/26 և 10/01 տեղամասերը, երկրորդում երկու ժամից ավելի լույս չի եղել:  Բացի դրանից` Նար-Դոսի փողոցում գտնվող թիվ 75 դպրոցում տեղակայված 9/1, 9/2, 9/3 և 9/4 տեղամասերի կից տարածքում ինչ-որ անձինք ընտրողներին բաժանել են կանաչ գույնի գրիչներ, նրանց դրդել հենց այդ գրիչներով քվեաթերթիկներում նշումներ կատարել և այնուհետև վերադարձնել գրիչները` կրկին բաժանելու համար:

 

Նաիրա Զոհրաբյանն ականատես է եղել նաև, որ մայրաքաղաքի թիվ 114 դպրոցի տարածքում շրջում են «ակտիվ երիտասարդներ, որոնք փորձում են կողմնորոշել ընտրողներին»: Ընդ որում` տեղամասը հսկող ոստիկանը ոչ միայն չի հեռացրել այդ երիտասարդներին տեղամասից 50 մ շառավղով, ինչպես դա պահանջում է Ընտրական օրենսգիրքը, այլև մտերմիկ զրուցել է նրանց հետ: