կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-25 13:47
Առանց Կատեգորիա

Հրաժարականներ` ''լավ ընտրություններ'' անցկացնելու համա՞ր

Հրաժարականներ` ''լավ ընտրություններ'' անցկացնելու համա՞ր

Հայտնի է, որ փետրվարի 22-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Ըստ որոշ տեղեկությունների` դրանից հետո հրաժարական են տվել նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Քննարկվում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Էջմիածնի քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու` Կարեն Գրիգորյանի հրաժարականի հարցը: Չի բացառվում, որ հրաժարականները լինեն շարունակական, թեև այս մասին նոր տեղեկություններ, կարծես, առայժմ չեն ստացվում:

 

Այս մարդիկ, ովքեր բոլորն էլ Հանրապետական կուսակցության անդամներ են, իրենց պաշտոններից ազատվում են ոչ թե վատ աշխատելու, իրենց դիրքին անհարիր ինչ-որ վարքագիծ դրսևորելու համար, այլ բացառապես այն պատճառով, որ նախագահական ընտրությունների ժամանակ նրանց ղեկավարած տարածքներում կամ բնակավայրերում չեն ապահովել կուսակցության ղեկավար, գործող նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը: Այսինքն` սա ինքնախարազանման կամ ինքնապատժի ինչ-որ դրսևորում է, որը, դատելով կուսակցության ղեկավարության անտարբերությունից, ոչ միայն խրախուսվում է, այլև գուցե նաև պարտադրվում: Բայց ո՞րն է, ի վերջո, այս մարդկանց մեղքը:

 

Սերժ Սարգսյանը քվեարկության ավարտից և նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո իր կենտրոնական նախընտրական շտաբում ուենցած շնորհավորական ուղերձում ասաց հետևյալը. «Ես շնորհակալ եմ իմ թիմին՝ մեր թիմին: Հպարտ եմ այդ թիմով: Այսպիսի թիմի համար անլուծելի խնդիրներ գոյություն չունեն: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարողացան գիտակցել պահի կարևորությունը և համատեղ ջանքերով անցկացնել լավ ընտրություններ»: Այսինքն` Սերժ Սարգսյանն իր թիմին շնորհակալություն է հայտնում ոչ թե հատկապես իր վերընտրությունը բարեհաջող կազմակերպելու, այլ «լավ», նույնն է, թե «աննախադեպ» ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար, ինչը խոստացել էր թե' ժողովրդին և թե' միջագային գործընկերներ կազմակերպություններին:

 

Միջազգային դիտորդական խմբերը ևս հերթով «արձանագրեցին», որ Հայաստանում լավ ընտրություններ են անցկացվել և դրանք մեկ քայլ առաջ էին նախորդ ընտրություններից: Այսինքն` նրանք ևս «հաստատեցին», որ Սերժ Սարգսյանի թիմը ժողովրդավարության տեսանկյունից իսկապես աննախադեպ լավ ընտրություններ է անցկացրել:

 

Սակայն եթե գործող նախագահը և միջազգային հանրությունն իսկապես համարում են, որ ընտրություններն անցկացվել են բարձր մակարդակով, ապա պաշտոնատար այս անձանց պետք է ոչ թե պարտավորեցնեին հրաժարական տալ, այլ խրախուսանքի արժանացնեին: Որքան մեզ հայտնի է` լավ աշխատելու համար ոչ թե պատժում են, աշխատանքից ազատում, այլ ոգևորում, իսկ հայաստանյան նոմենկլատուրային ավանդույթների համաձայն` մեդալների արժանացնում:

 

Ժողովրդավարության դասական ընկալումը ենթադրում է, որ առնվազն կարող էին լինել ընտրատարածքներ, որտեղ իշխանության թեկնածուն կարող էր նաև պարտություն կրել: Իրական ժողովրդավարություն կայացնող երկրում դա ոչ թե ամաչելու, այլ հպարտանալու առիթ  պետք է լիներ: Օրինակ, եթե ԱՄՆ-ում ևս առաջնորդվեին ժողովրդավարության մասին ՀՀԿ-ական ունիկալ այս ընկալումներով, ապա 2012-ի նախագահական ընտրություններից հետո պետք է հրաժարական տային բոլոր այն նահանգապետերն ու մունիցիպալ իշխանության դեմոկրատ ղեկավարները, որոնց իշխանության գոտում գտնվող ընտրատարածքներում հաղթանակ էր տարել հանրապետական Միթ Ռոմնին, ինչը հնարավոր չէ պատկերացնել անգամ ամենատափակ հոլիվուդյան ֆիլմերում:

 

Իսկ ԱՄՆ-ում ու Արևմտյան Եվրոպայի երկրներում դա հնարավոր չէ երեք հիմնական պատճառով: Նախ` այնտեղ երկրի նախագահը երբեք իրեն թույլ չի տա հայտարարել, թե նախագահական ընտրությունները սկսվում են տեղական ինքնակառավարման մարմինների, հետո`պառլամենտական ընտրություններով: Որովհետև այդ մարմինների ընտրություններով ոչ թե իշխող կուսակցության ապագա շտաբն է ձևավորվում, ինչպես Հայաստանում, այլ իշխանության անկախ մարմիններ ու ինստիտուտներ, որոնց առաջնահերթ, իսկ որոշ դեպքերում ամբողջական գործառույթը չի դառնում վարչական ռեսուրսները սեփական կուսակցության վերարտադրությանը ծառայեցնելը: 

 

Երկրորդ` այնտեղ մունիցիպալ իշխանության ղեկավարները վստահության քվեն ստանում են հենց ընտրողներից, այլ ոչ թե «պարտիայից» ու վերջինիս ղեկավարից` իբրև իրենց տրված առանձնաշնորհ, երկնքից իրենց գլխին թափված աստվածային մանանա, որն ստիպում է ոչ միայն անսահմանորեն քծնել «շեֆին», այլև  մնալ նրան հավերժ պարտական: Այնտեղ այնքան կիսախելագար կամ տհաս քաղաքապետեր չկան, որ  իրենց թույլ տան հայտարարել, թե սեփական կուսակցության ղեկավարի պարտությունը ժողովրդի անգիտակից լինելու հետևանք է:

 

Եվ  երրորդ` այնտեղ «ժողովրդավարական» ընտրությունները բոլորովին  էլ չեն նշանակում ցանկացած գնով ապահովել իշխանության թեկնածուի հաղթանակը: Ավելին` ի զարմանս նման մոլորության մեջ գտնվողների` պարտությունը ևս քաղաքական կատեգորիա է, և ցանկացած քաղաքական ուժի համար այն օրինաչափ ու անհրաժեշտ է նույնքան, որքան հաղթանակը: Դրանում ամոթալի ոչինչ չկա: Բայց եթե անգամ համակերպվենք այն մտայնությանը, թե  պարտություն կրելն ամոթալի է և անթույլատրելի, ինչը կործանարար է, որովհետև հիմնվում է իշխանության եկած ուժի անփոփոխելիության ավտորիտար սկզբունքի վրա,  ինչպես նաև` որ դրա մեղավորները հենց գյուղապետերը, քաղաքապետերն ու մարզպետներն են, ապա այդ տրամաբանությամբ առաջին հերթին պետք է հրաժարական տան թե' իշխանության թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարն` իր տեղակալներով հանդերձ, և թե' անձամբ վերընտրված թեկածուն: Հակառակ դեպքում` «պարտություն» թույլ տվածների հանդեպ այս վերաբերմունքը դառնում է քավության նոխազների նկատմամբ պարզ հաշվեհարդար: Իսկ դա հանդուրժողականության հետ, որի մասին շատ են սիրում խոսել ՀՀԿ-ում, ոչ մի ընդհանուր բան չունի: Բայց այս ամենը մեզանում սովորական բաներ են, որովհետեւ հենց այդպիսի գույն ունի հայաստանյան կեղծ ժողովրդավարությունը:

 

Գևորգ Աղաբաբյան