Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Նախագահական այս ընտրությունները, ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով, իդեալական ընտրություններ չէին, բայց, մյուս ընտրությունների հետ համեմատած, ավելի մաքուր էին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ այս ընտրություններից հետո սկսվում է նոր փուլ, նոր քաղաքական ուժերի նախապատրաստում, եւ արդեն հաջորդ ընտրությունները լիովին վերահսկելի կլինեն ժողովրդի կողմից:
Այս նախագահական եւ 1996թ.-ի նախագահական ընտրությունների միջեւ Վազգեն Մանուկյանը դժվարությամբ է նմանություն գտնում, կարելի է ասել` առհասարակ չի գտնում:
«Այն ժամանակ փաստացի ապացուցվել է, որ հաղթել է ընդդիմության թեկնածուն: Այդ մասին ապացուցում էին բոլոր փաստաղթղթերը: Եվ հետո այս ընտրությունները, գոնե սկզբում, անտարբերության մեծ էլեմենտ էին պարունակում. ձայները դարձան անսպասելի»,- հայտարարեց նա:
Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ Վազգեն Մանուկյանի, ունի երկու հնարավորություն:
«Հնարավորություն համար մեկ` նա հայտարարում է, որ թեեւ իսկապես տեղի են ունեցել կեղծիքներ, բայց ինքն ընդունում է այս արդյունքները եւ չի բողոքարկում, ինչն էլ կլինի նոր օրիգինալ էջ երրորդ հանրապետության պատմության մեջ: Սա շատ դժվար կլինի Րաֆֆի Հովհաննիսյանի համար, քանի որ նա համոզված է, որ ինքը հաղթել է: Ես կանխագուշակում է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նման քայլի գնա, բոլորը, այդ թվում` դուք, նրան կմեղադրեք դավաճան, ծախված լինելու մեջ: Երկրորդ ճանապարհն այն է, ինչը միշտ արվել է, այսինքն` կլինեն հանրահավաքներ, բայց այս անգամ այդպիսի ընդհարումներ չեն լինի, ինչպես 2008թ. մարտի 1-ին էր: Կլինեն հանրահավաքներ, կամաց-կամաց կմաշվի: Այս երկու ճանապարհն եմ ես տեսնում»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը եւ ընդգծեց, որ ճանապարհը որոշողը Րաֆֆի Հովհաննիսյանն է:
Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ կտա ժողովրդին առաջին ճանապարհի ընտրությունը, նա պատասխանեց, որ դա կլինի օրիգինալ քայլ, քանի որ նման բան դեռ չի արվել, իսկ թե ի՞նչ կտա ժողովրդին` հստակ չգիտի, բայց կարծում է, որ կարող է համախմբվելու, Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջը նոր դաշտ ստեղծելու հնարավորություն տալ:
Ըստ Մանուկյանի` երկրորդ ճանապարհը ոչ մի բան էլ չի տվել եւ չի տա ժողովրդին: Նա կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները ոչ միայն ցույց են տալիս, որ նա լավ էր կազմակերպել քարոզարշավը, այլ նաեւ այն, որ իշխանություններից դժգոհությունը շատ ավելի մեծ է: