Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բազմաթիվ հայ աղջիկներ գեղեցիկ կազմվածք ունենալու համար հաճախ օգտվում են տարատեսակ դիետաներից, հաճախում մարզասրահ կամ պարզապես այնքան են ներշնչում իրենց` մինչև մի 100 գրամ նիհարում են:
«Ժառանգություն» կուսակցությունը` ի դեմս նրա ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի, հունվարի 22-ից սկսել է յուրօրինակ քարոզարշավ, որի շրջանակներում նրա կուսակիցները, ինչպես նաև լրագրողների մի խումբ, հնարավորություն են ունենում վազել Րաֆֆի Հովհաննիսյանի հետևից կամ առջևից` նրա ձեռքսեղմումները և պատահական այցելությունները լուսանկարելու համար:
Այսօրվա քարոզարշավը սկսվեց Մոսկովյան փողոցից` «Ժառանգության» կենտրոնական գրասենյակից: Այցը հիմնականում մշակութային և կրթական ուղղվածություն ուներ: Այս անգամ Հովհաննիսյանին ուղեկցում էր նրա որդին' Կարին Հովհաննիսյանը: Նախ` այցելեցինք Երվանդ Քոչարի թանգարան, ապա` Մատենադարան, որտեղ Հովհաննիսյանը պատահաբար հանդիպեց նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և սեղմեց ՀՀԿ-ական նախարարի ձեռքը:
Նախագահի թեկնածուն ճանապարհին հանդիպեց մի տարեց մուրացկանի, ում արդեն 3-րդ անգամ էր տեսնում: Տարեց կինը նստած հաց էր ուտում: Րաֆֆին մի կտոր հաց խնդրեց տատիկից և կերավ: Այս դրվագը կարելի էր վերնագրել այսպես` «Րաֆֆին հաց է կիսում մուրացկանի հետ», սակայն, հաշվի առնելով վերջին օրերին թեկնածուի քարոզարշավին վերաբերող որոշ տեսակետներ, թե դա արևմտյան քարոզչություն է և բեմադրված շոու` yerkir.am-ի լրագրողը հարցրեց պարոն Հովհաննիսյանին, թե ի՞նչ կարծիք ունի այս հարցի մասին: Նախագահի թեկնածուն ասաց, որ իր քարոզարշավը ոչ մի արևմտյան երանգ չի պարունակում, բեմադրված շոու չէ, այլ հասարակ քաղաքացուն բնորոշ բնական գործելաոճ:
Հովհաննիսյանը, Փոքր կենտրոնի բոլոր փողոցները հաղթահարելով, անցորդներին անխտիր բարևելով, հասավ ԵՊՃՀ: Այստեղ, սակայն, yerkir.am-ի լրագրողն արձանագրեց թեկնածուի` քարոզարշավի ընթացքում կատարած միակ խախտումը. Նա մուտք գործեց բուհի հետնամասից, որտեղ գրված էր` մուտքն արգելվում է: «Պոլիտեխնիկի», ԵՊՀ-ի և Ազգային գրադարանի ընթերցասրահներին թեկնածուն նվիրեց որդու` Կարինի հեղինակած «Գերդաստան ստվերաց» գիրքը, որը պատմում է Րաֆֆի Հովհաննիսյանի գերդաստանի մասին:
Երթուղին դժվար էր, երկար որոշ լրագրողների համար, շատերն ուժասպառ էին եղել, սակայն Րաֆֆին քայլում էր արագ, զրուցում անցորդների հետ` աղջիկներին բարի բախտ մաղթում, տղաներին` բարի ապագա: Սակայն նա այնքա~ն անկանխատեսելի էր, որ լրագրողները չէին կողմնորոշվում, որ կողմ քայլեն, որ առջևից նկարահանեն նրան:
Ետ դա'րձ, մեկ, երկու. մեկ էլ տեսանք` Րաֆֆին չկա: Պարզվում է` նախագահի թեկնածուն, կտրուկ շրջադարձ կատարելով, մտել էր «Երիտասարդական» մետրոյի գետնանցում: Բարեբախտաբար, ցուրտ եղանակի պատճառով շատ վաճառողներ չկային, և նրանց բարևելու համար թեկնածուից ընդամենը 5 րոպե պահանջվեց: Նախավերջին կանգառը` Շախմատի տուն:
Հարկ է նշել, որ քարոզարշավի ընթացքում «կորուստներն» անխուսափելի էին. ճանապարհին «կորցրեցինք» «Հ1»-ին, «Հ2»-ին, «Կենտրոն»-ին... Լրագրողներից քարոզարշավի վերջնակետին` Մանկավարժական համալսարան հասնել հաջողվեց միայն նրանց, ովքեր «կոփվել էին» երեկ` Էրեբունի վարչական շրջանի վարսավիրանոցներում և տոնավաճառներում:
Ստորև ներկայացնում ենք այսօրվա քարոզարշավի տեսանյութը: Հայցում ենք ձեր ներողամտությունը Րաֆֆի Հովհաննիսյանին մեջքով նկարահանելու համար. պարզապես մեր լրագրողը ֆիզիկապես ի զորու չէր այդքան վազել:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ