կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-18 22:38
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի երեք ճանապարհը

Րաֆֆի Հովհաննիսյանի երեք ճանապարհը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց նախագահական ընտրություններից հետո իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները. գրում է aravot.am-ը:

 

Նախագահական նոր ընտրությունների, երկրորդ փուլի եւ խորհրդարանը լուծարելու առաջարկների մերժումը ստանալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ գործող նախագահի, հարցրել է իրեն՝ ի՞նչ պետք է անի այս իրավիճակում «Ժառանգության» առաջնորդը: Սերժ Սարգսյանն առաջարկել է երեք ճանապարհ:

 

Առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Ազատության հրապարակ, շարունակում է պնդել, որ ստացել է քվեների 80 տոկոսը, իրեն հռչակում է նախագահ եւ փորձում է ստեղծել իշխանության այլընտրանքային կառույցներ: Այդ դեպքում իրավապահ կառույցները կատարելու են իրենց վերապահված պարտականությունները:

 

Երկրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով պնդել, որ ընտրություններն արդար չեն անցել, որ ինքը իրականում հավաքել է պաշտոնականից ավելի բարձր տոկոսներ, ուժեղացնում է իր կառույցները, մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին, ստանում է մեծամասնություն, դառնում է Երեւանի քաղաքապետ եւ ղեկավարում է հանրապետության մեկ երրորդը:

 

Երրորդ ճանապարհը՝ դադարում է ընդդիմություն լինելուց՝ ներգրավվելով իշխանական կառույցների մեջ եւ պայքարում է կոռուպցիայի ու արտագաղթի դեմ, ինչպես որ խոստացել է ընտրարշավի ժամանակ:

 

Ըստ Սերժ Սարգսյանի` երրորդ առաջարկի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտել է՝ արդյոք խոսքը կոալիցիայի՞ մասին է: Դրան Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ բոլոր քննարկումները կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանի սկզբունքային դիրքորոշումը հայտնելոց հետո: Երկու գործիչները պայմանավորվել են՝ իրար փոխանցել գրավոր առաջարկներ: Ըստ Սերժ Սարգսյանի` ինքը հարգել է պայմանավորվածությունը եւ ուղարկել է իր առաջարկները՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին: Այդ նախագիծը, ըստ նախագահի առաջարկի, պետք է պատրաստի Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած հանձնաժողովը: «Ժառանգության» առաջնորդը հետ է ուղարկել թուղթը՝ վրան խաչ քաշած: