կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-19 12:56
Հասարակություն

Երեխայի հիմնական որակները ձևավորվում են ընտանիքում

Երեխայի հիմնական որակները ձևավորվում են ընտանիքում

Յուրաքանչյուր ծնողի կարևոր խնդիրներից մեկը երեխաներին ճիշտ դաստիարակելն է: Իհարկե, դրան պետք է մասնակից լինեն նաեւ դպրոցն ու հասարակությունը: «Օրինակ` ասում են, որ սերիալները լավ չեն, սակայն եթե դաստիարակությունը լավ լինի, և խնդիրը լինեն միայն հեռուստատեսությունն ու համացանցը, ապա ամեն ինչ հեշտ կլուծվի»,- այսօր լրագրողներին ասաց «Մաշա-Մերի Պոպինս» մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Չիթչյանը:

 

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի կարծիքով` հասարակության դարբնոցը դպրոցն է: Որքան դպրոցներում գիտակ մասնագետներ աշխատեն, այնքան հասարակությունը որակյալ մասնագետներ կունենա: Երեխան դաստիարակվում է կենդանի կերպարով` ծնողների, մանկապարտեզի դաստիարակչուհու, ուսուցչի... Եթե դաստիարակչուհին կամ ուսուցիչն ունեն բացթողումներ, ապա դրանք անդրադառնում են հասարակության վրա: Ըստ դպրոցի տնօրենի` երեխաներն ագրեսիվ են, քանի որ ունեն ուշադրության և սիրո կարիք: Նրանք ձեռք են բերում վատ որակներ, որովհետև մենք ենք վատը, պահանջում ենք ազնիվ լինել, բայց իքններս ազնիվ չենք:

 

Իսկ հոգեբան Նարինե Ստեփանյանը համարում է, որ երեխայի հիմնական որակները ձևավորվում են ընտանիքում, մնացածը` մանկապարտեզում, դպրոցում: Երեխաների զարգացման վրա ազդում են նաեւ համացանցն ու համակարգչային խաղերը: Իհարկե, մենք չենք կարող հետ պահել նրանց, քանի որ երեխան պետք է շարժվի ժամանակին համահունչ, սակայն ծնողը պետք է երեխայի կողքին լինի, երբ նա համակարգչի մոտ է: Երբ երեխայի մոտ սկսվում է «ես»-ի ձևավորումը, նա ցանկանում է առաջ տանել իր «ես»-ը, և շատ դեպքերում ծնողները մոռանում են այդ փաստը: Երբ ծնողը երեխային ասում է «չի կարելի», նա մտածում է, որ ծնողն իրեն չի սիրում:  Հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս իրենց խոսքը ձևակերպել դրական, «ոչ»-եր քիչ օգտագործել, որպեսզի երեխայի մոտ ագրեսիա չձևավորվի: