Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015 թվականի հունիսի 20-ին տեղի է ունենալու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունը: Այս ընտրության շուրջ գոյություն ունի որոշակի լարվածություն, որը դուրս է եկել ԲՈւՀ-ի պատերից եւ ստացել հասարակական հնչեղություն: Պոլիտեխնիկի շուրջ եղած խոսակցությունները իրականում ավելի վաղ են սկսվել, ինչն էլ, հավանաբար, հիմք է ծառայել նման ուշադրության համար: Առաջիկա ընտրություններում ռեկտորի պաշտոնում թեկնածուներ են առաջադրված ներկայիս ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը եւ նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը:
Սույն թվականի մայիսի 29-ին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում գործող ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, անդրադառնալով Ոստանիկ Մարուխյանի առաջադրմանը, մասնավորապես ասել է. «Ինչքանով ես տեղյակ եմ, Դաշնակցության որեւէ մարմին Ոստանիկ Մարուխյանի պաշտպանության վերաբերյալ որոշում չի կայացրել, գիտեմ նաեւ, որ նման որոշում չի կայացրել որեւէ քաղաքական ուժ»: Հարցի պարզաբանման համար Yerkir.am-ը դիմեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին:
– Պարո'ն Մարգարյան, Ոստանիկ Մարուխյանը առաջադրվել է պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի թեկնածու: Դաշնակցությունը պաշտոնապես պաշտպանո՞ւմ է այս թեկնածությունը:
– Նախ ասեմ, որ մեզ համար ուրախալի է, երբ կուսակցական ընկերը ստանձնում է որեւէ կարեւոր պատասխանատվություն եւ հաջողությամբ իրականացնում է այն: Մեզ համար նաեւ պատիվ է, որ պաշտոնական պարտականություններ կատարած ընկերը այնպիսի բարի հետք է թողնում իր պաշտոնավարումից հետո, որ շատ գործընկերներ ցանկանում են կրկին տեսնել նրան նախկին պաշտոնում: Մեզ համար սա ուրախալի է, եւ հաջողություններ ենք ցանկանում Ոստանիկ Մարուխյանին: Իհարկե, թե ո՞վ կդառնա նոր ռեկտորը, որոշվելու է ընտրությամբ, հետեւաբար, ցանկությունս է, որ մարդիկ կարողանան կայացնել ճիշտ որոշում: Ինչ վերաբերում է կուսակցության կողմից պաշտոնապես թեկնածուին պաշտպանելուն, ապա դրա անհրաժեշտությունը չկա: Խոսքն այս դեպքում քաղաքական ընտրության մասին չէ, եւ համալսարանի ղեկավարի ընտրությունը կուսակցականացնելը, առհասարակ` կուսակցական միջամտությունը, նման դեպքում անընդունելի է: Մենք առհասարակ դեմ ենք երեւույթին, վերաբերի դա ԲՈՒՀ-ի, դպրոցի, թե` այլ մասնագիտական հաստատության: Մանավանդ` ուսումնական հաստատության: Կողմնորոշիչն այս դեպքում, կարծում եմ, պետք է լինեն մարդու մասնագիտական եւ բարոյական որակները:
- Բայց մամուլում այդպիսի հարց շոշափվել է:
- Ես չգիտեմ` ինչու է նման հարց առաջացել, դրա առիթը, համենայն դեպս, չեմ տեսնում: Գուցե ղեկավարի ընտրության նախօրյակին անառողջ կրքեր բորբոքելը պատահականություն չէ, չգիտեմ: Համենայն դեպս, հուսանք, որ ամեն ինչ տեղի կունենա արդար ձեւով, եւ պոլիտեխնիկի ղեկավարի ընտրությունից շահողը, առաջին հերթին, կլինեն ուսանողությունը եւ հեղինակավոր բուհի դասախոսներն ու ողջ աշխատակազմը: Տեղյակ եմ, որ հենց կոլեկտիվի ցանկությանն ընդառաջելով է Մարուխյանը կրկին ներկայացրել թեկնածությունը: Դա լավ բանի մասին է խոսում, եւ մենք Ոստանիկ Մարուխյանին հաղթանակ ենք մաղթում: