կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-16 09:30
Հասարակություն

՛՛Հրապարակ՛՛-ը 5 տարեկան է

՛՛Հրապարակ՛՛-ը 5 տարեկան է

««Հրապարակն» այսօր դառնում  է հինգ տարեկան: Շա՞տ է, թե՞ քիչ թերթի համար: Եթե թվարկենք այն բոլոր փորձություններն ու դժվարությունները, որոնց միջով ստիպված ենք եղել անցնել այս հինգ տարիների ընթացքում, դրանք թերեւս 50- ամյա լրատվամիջոցի կյանքին անգամ կբավարարեին: Սակայն կարծես երեկ էր, որ սկսեցինք առաջին քայլերն անել մամուլի «ականապատ» դաշտում: Դժվարությամբ, բայց քայլ-քայլ հաղթահարեցինք նորաստեղծ լրատվամիջոցների առջեւ հառնող բոլոր խոչընդոտները: Անցանք հրի ու սրի՝ դատական պրոցեսների, ճնշումների, մերժման, անհանդուրժողականության միջով, արտակարգ դրություն տեսանք, դատական պրոցեսներ լուսաբանեցինք, քաղաքական բախումների մասնակցեցինք: Բուռն քաղաքական գործընթացների ականատեսն ու արձանագրողը եղանք:

 

Աշխատեցինք դրանց նայել կողքից եւ որքան հնարավոր է՝ անաչառ ներկայացնել դեպքերն ու դեմքերին: Փորձեցինք հասարակության «աչքը» լինել՝ սրատես ու քննադատող: Նրա խոսնակը՝ սուր հարցադրումներով իշխանավորներին նեղող: 5 տարի առաջ փետրվարի 16-ին՝ 2008-ի նախագահական ընտրություններից երկու օր առաջ, մենք լույս աշխարհ եկանք եւ միանգամից հայտնվեցինք հանրահավաքների, քաղաքական պայքարի թեժ մթնոլորտում: Հինգ տարի անց մենք կրկին նախագահական ընտրությունների բովում ենք: Եվ կրկին երկու օր անց մեզ համապետական նշանակության ընտրություններ են սպասվում:

 

Իրավիճակն անշուշտ տարբերվում է 2008-ից, բայց միեւնույն է՝ սա երկրի համար ամենաբարդ ստուգատեսն է, եւ մենք կրկին կանգնած ենք դրանից պատվով դուրս գալու խնդրի առաջ: Ի՞նչ տրամադրությամբ ենք արթնանալու փետրվարի 19-ին: Կրկին անիծելո՞ւ ենք ընտրություն կոչվող գործընթացը, անզորությունից ատա՞մ ենք կրճտացնելու, թե՞ հենց այդ օրվանից սկսելու ենք սպասել հաջորդ ընտրություններին»,- կարդում ենք «Հրապարակ»-ի խմբագրականում: