կարևոր
3412 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-20 11:17
Քաղաքական

Դատարանի բակում պտտվում էր մի հարց՝ ինչպե՞ս կարող է  40-ն անց կինն առևանգել 23 տարեկան տղամարդուն․ «Հրապարակ»

Դատարանի բակում պտտվում էր մի հարց՝ ինչպե՞ս կարող է  40-ն անց կինն առևանգել 23 տարեկան տղամարդուն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ Շենգավիթի դատարանի դիմաց կրկին մարդաշատ էր․ քննվում էր զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունը: Զոհված զինծառայողների տասնյակ ծնողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ եկել էին տիկին Գայանեին աջակցելու, ով արդեն 2-րդ օր է՝ Ձերբակալված անձանց պահման վայրում է եւ հացադուլ է հայտարարել։ Գայանե Հակոբյանը, հիշեցնենք, մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առեւանգելու մեջ: Աշոտ Փաշինյանն էլ մայիսի 18-ին տեղի ունեցած առերեսման ժամանակ պնդել է, թե զոհվածի մայրը՝ 40-ն անց կինը, փորձել է իրեն առեւանգել։ Դատարանի բակում հավաքված մարդիկ հարց էին բարձրացնում, թե ինչպես կարող է կինը տղամարդուն առեւանգել։

«Ես մի քանի անգամ դիտել եմ տեսանյութը, ես ճանաչում եմ Գայանեին։ Եթե նույնիսկ տեսանյութերը չնայեի, ես վստահ եմ, որ առեւանգման փորձի մտադրություն անգամ չի եղել, եղել է զրույցի թեմա։ Իհարկե, եթե ես այդ պահին այնտեղ լինեի, ձեռքս կգցեի նրա ուսին, կասեի՝ Աշոտի հետ զրուցելու ոչ մի նպատակ ու իմաստ չկա, եկեք իզուր էմոցիաներ չվատնենք»,- անդրադառնալով առաջադրված մեղադրանքին՝ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Հարցին, թե Աշոտն առերեսման ժամանակ պնդել է, որ Գայանե Հակոբյանն իրեն ցանկացել է առեւանգել, Նազարյանն ասաց․ «Ես Աշոտին կոչ եմ անում, որ ինքը հանդես գա հայտարարությամբ, որ պահանջում է, որ վայրկյան առաջ Գայանեն լինի ազատության մեջ: Հետո թող ինքը հանդես գա պարզաբանմամբ, թե ինչու նստեց մեքենան, ինչու այդպես հանկարծ դուրս եկավ մեքենայից։ Այսօր մեր երկրի ամոթն այն է, որ Գայանեն այս վիճակում է, մենք էլ այստեղ կանգնած ենք»։

Սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանին հարցրինք՝ հավատո՞ւմ է, որ Գայանե Հակոբյանը ցանկացել է Աշոտ Փաշինյանին առեւանգել։ «Այդ մի թանկարժեք տղան չէր, էլի, որ պիտի առեւանգեին, բոլորն էլ ճանաչում են թե՛ Նիկոլին, թե՛ Նիկոլի ժառանգին։ Նրան առեւանգես որ ի՞նչ, ինքն իրենից բան չի ներկայացնում, ուղղակի տիկնոջը շառով են տալիս, դա երեւի ինքն է սարքել, որ գա, նստի մեքենան, հետո էլ ստից կապիկություններ անի՝ իբր իրեն ուզում էին գողանային։ Այսօր սա է` ղեկը որ իրենց ձեռն է, ինչ ուզեն, դա էլ կանեն, կարան տանեն՝ ձորից գլորեն, կարան տեղ հասցնեն։ Էս իրավիճակում, ես կարծում եմ, էլ ասելու բան էլ չի մնացել, ես կարծում եմ, որ պիտի հավաքվենք իրար գլխի ու գործ անենք»,- ասաց Հակոբկոխյանը։ Նրան հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում, որ Աշոտ Փաշինյանը զոհվածի մոր դեմ ցուցմունք է տվել։ «Ա՜խ։ Էսօր էդ օրին ենք հասել, որ վշտով տառապող մի կին կարա մի հատ հասուն, բանակ ծառայած, առաջին գծում կանգնած տղայի առեւանգի, ուրեմն էդ տղան պետք է չադրա գցի գլխին։ Ախր, խոսքեր չեմ գտնում ասելու, եթե ինքն իրան տղամարդ է զգում, զգում է, որ վաղը ժառանգ պիտի ունենա, հիմա բողոք է ներկայացնում, որ մի թույլ, հոգեպես տանջված, որդուն կորցրած կին իրեն առեւանգել է, ուրեմն էլ ասելու բան չկա»,- ասաց Հակոբկոխյանը։

Դատարանի բակում էր նաեւ փաստաբան Արսեն Մկրտչյանը։ Նրան հարցրինք՝ որպես փաստաբան հրապարակված տեսանյութերում առեւանգման հանցակազմ տեսնո՞ւմ է։ «Տեսանյութերը տեսել եմ։ Իրավական տեսանկյունից, իհարկե, «ականջներից ձգված է» մեղադրանքը, բայց այստեղ հարցը պետք է դիտարկել ոչ միայն իրավական ասպեկտով, այլեւ՝ քաղաքական․ եթե Նիկոլ Փաշինյանի ընտանիքը հեռավոր նպատակներ ունի հետագայում Աշոտ Փաշինյանին փախստականի կարգավիճակով ինչ-որ այլ երկիր տեղափոխելու, ապա ճիշտ մարտավարություն է ընտրված: Բայց եթե նպատակ ունի իրեն դիրքավորելու որպես ՀՀ քաղաքացի, հայրենիքի պաշտպան, տղամարդ, զինվոր, ինչպես նախկինում ինքը դիրքավորվում էր, միանգամից հանրային ընկալման մեջ ստեղծվում է մի իրավիճակ, երբ հայրենիքի համար մարտնչած տղան, զինվորը քրեական գործով տուժող է, այն էլ՝ կնոջ կողմից, իր պես զինվորի մոր կողմից։ Այստեղ խելացի կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի ու իր որդու պաշտպանական ռազմավարությունը լիներ այն, որ ընտրվեր մի տղամարդու կերպար ունեցող պաշտպան, որն էս ամեն ինչը կարողանար բացատրել ու ասել, որ` գիտեք ինչ, բացի այն, որ այս մեղադրանքը տիկին Գայանեի հանդեպ մեռելածին է, նաեւ իմիջային ռիսկեր է իր մեջ պարունակում, որպես տղամարդու ու ՀՀ քաղաքացու։ Այստեղ կա վտանգ, որ սա Աշոտ Փաշինյանի նախաձեռնությունն է, եւ իր հայտնած դիրքորոշումն իրեն է պատկանում։ Կարծում եմ, որ հարկադրված է այս տղան հայտնվել ոչ բարենպաստ իրավիճակում։ Եթե ես լինեի պաշտպանը, իսկ եթե ինձ դիմեին` ես կլինեի, ես կկանգնեի էս ժողովրդի կողքը, կասեի, որ իրավունքը պետք է պաշտպանվի, եւ նաեւ անձի բարոյական մնալու, տղամարդ մնալու իրավունքը պետք է պաշտպանվի»,- ասաց փաստաբանը։

Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքով՝ Աշոտ Փաշինյանն ուղղակի զրպարտում է Գայանե Հակոբյանին, որովհետեւ հրապարակված տեսանյութերում լրիվ այլ բան է երեւում։ «Ինչի՞ց է ինքը բողոքում։ Բողոքում է, որ իր կամքով գնացել նստել է մեքենան, հետո ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելով՝ իրեն դո՞ւրս է շպրտել մեքենայից։ Իր ասելով չէ... Հիմա նրա ասածը զրպարտություն է, մենք տեսանյութ ենք տեսել, թե ինչպես է ինքը գնում նստում մեքենան։ Ո՞վ է իր նկատմամբ ուժ գործադրել։ Եթե դու անհանգստություն ունեիր, անծանոթ մարդ էիր համարում, կասկածում էիր, վտանգ էիր տեսնում, ինչո՞ւ էիր գլուխդ կախում, գնում նստում այդ մեքենան։ Այդ մեքենան նստել էիր, որ ո՞ւր գնաս, դե, ուրեմն, ուր տանում էին, այնտեղ էլ գնա։ Ասում են, թե ասել է՝ մեքենան կանգնեցրեք, ես իջնեմ, ինչի փողոցում մեքենան կանգնեցնելու տե՞ղ է, մեքենան կանգնեցնում են այնտեղ, որտեղ մեքենաների կանգնելու համար տեղ է նախատեսված, երբ այդ տեղին կհասնեն, կկանգնեն, այդտեղ էլ կիջնես, ինչո՞ւ ես քեզ մեքենայից շպրտել։ Ամբողջ ընտանիքով եկել՝ զոհված զինծառայողի ծնողին զրպարտում են։ Այստեղ ոչ մի իրավախախտում գոյություն չունի, եւ ինչ տեղի է ունենում, Աննա Հակոբյանի ցուցումն է, որ ամբողջ իրավապահ համակարգը, դատարանն էլ հետը, ուզում են կատարել»,- ասաց Ղազարյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին հարցրինք, թե ինչու քաղաքական ուժերը, խորհրդարանական խմբակցությունները հայտարարություն չեն տարածում Գայանե Հակոբյանի ձերբակալության վերաբերյալ, չէ՞ որ այդ հայտարարությունները կարող են դեր ունենալ նրան ազատ արձակելու համար։ «Երեկ մեր պատգամավորներից 10 հոգի անձնական երաշխավորագիր են գրել, մենք դատական նիստի ժամանակ ելույթ ենք ունեցել եւ մեր տեսակետը հայտնել ենք։ Երեք օր ու երեք գիշեր մենք տուն չենք գնում, դրանից ավել աջակցություն ես չգիտեմ, թե Դուք ինչ եք պատկերացնում։ Ամեն ինչով աջակցում ենք, էլ ինչո՞վ աջակցենք»,- պատասխանեց Դանիելյանը։

Երեկ դատարանի բակ եկան նաեւ Ազգային ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչները` Արա Պապյանի ու Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, ասացին, որ եկել են զոհվածների ծնողներին աջակցելու, սակայն քիչ հետո հեռացան, որովհետեւ զոհվածների հարազատները չցանկացան ընդունել նրանց աջակցությունը։

Գայանե Հակոբյանի կալանքի հարցով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 15։00-ին։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում