Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, թե իբր «երկու օր առաջ Հյուսիսային պողոտայում գտնվող «Վերանդա» սրճարանի աստիճանների վրա Նեմեց Ռուբոն լայն ապտակ է հասցրել slaq.am-ի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանին և կրակահերթով արձակել է գեղարվեստական հիմք պարունակող մի շարք հայհոյանքներ ու սպառնալիքներ, որից հետո նստել է իր մեքենան ու հեռացել»:
«Սարսափահար Մենուան իր ապագայի մասին մտահոգված շտապ հանդիպել է ոստիկանապետ Վովա Գասպարյանին, ով չի ցանկացել մինչև վերջ լսել երիտասարդ խմբագրին: Ոստիկանապետի ցրելուց հետո «տուժողը» աղիողորմ արցունքներով իր վիշտը պատմել է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի մոտ (փաստորեն բենթլիասեր «սրբազանը» զբաղվում նաև գողական ռազբորկաներով), ով նույնպես չի ցանկացել միջնորդ հանդիսանալ... Այսքանից հետո ճարահատյալ, Մենուան իր մտերիմներին ասել է, այսքան տարի վճարովի եւ անվճար ծառայություններ է իրականացրել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, սակայն չէր սպասում, որ հիմա չեն արձագանքի իրեն այլ բան չի մնում, քան Հայաստանից հեռանալը որոշ ժամանակով: Ընկերները տեղեկացրեցին, որ Մենուան մեկնել է Մոսկվա եւ հիմա ուղիներ է փնտրում իր անվտանգությունը ապահովելու համար, որպեսզի վերադառնա և շարունակի իր բազմաչարչար «հանրային» և անզուգական ծառայությունները»,- գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:
Yerkir.am-ը զրուցեց slaq.am-ի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունյանի հետ: Նա հերքեց տեղեկատվությունը:
Մեր զրուցակիցը հայտարարեց, որ երեկ երեկոյան է վերադարձել Մոսկվայից, արդեն 5-6 օր է` այնտեղ է, ուստի նման միջադեպ իր եւ Ռուբեն Հայրապետյանի միջեւ, ժամանակային առումով, լինել չէր կարող:
«Ես եւ Ռուբեն Հայրապետյանը կուսակից ընկերներ ենք, եւ մեր մեջ նման հարաբերություններ չէին կարող լինել: Մեր հարաբերությունները շատ ջերմ եւ նորմալ են: Եվ հետո` Ռուբեն Հայրապետյանն էլ իր կերպարով թե' կուսակցության ներսում եւ թե' դրսում շփումների ժամանակ ավելի շատ աչքի է ընկնում նորմալ հարաբերություններ կառուցելու ցանկությամբ, այսինքն` նա նման բանի ընդունակ չէր: Մենք ո'չ վիճել ենք, ո'չ էլ ինքն ինձ հարվածել է»,- հայտարարեց Մենուա Հարությունյանը եւ նշեց, որ իր համար տարօրինակ է, որ իրականության հետ կապ չունեցող նման ինֆորմացիա է հայտնվել:
Դիտարկմանը, թե, ըստ հրապարակման, ինքը նաեւ այսքան տարի վճարովի եւ անվճար ծառայություններ է մատուցել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, սակայն չէր սպասում, որ հիմա չեն արձագանքի իրեն, եւ այլ բան չի մնում, քան Հայաստանից որոշ ժամանակով հեռանալը, Մենուա Հարությունյանը պատասխանեց. «Ես որեւէ վճարովի կամ անվճար ծառայություններ չեմ մատուցել եւ չեմ մատուցում, ուղղակի ես Մոսկվայում ունեմ բիզնես, ունեմ բիզնես հեռանկարներ եւ իմ գործունեության արդյունքում շատ հաճախ լինում եմ Մոսկվայում: Բացի այդ` slaq.am կայքի սեփականատերերից մեկը Արա Աբրահամյանն է, ով եւս ապրում է Մոսկվայում, եւ, բնականաբար, ժամանակ առ ժամանակ մենք հանդիպում ենք կա'մ Մոսկվայում, կա'մ Երեւանում»:
Հարությունյանը հայտարարեց նաեւ, որ Երեւանում իրեն բոլորն են ճանաչում, «ու այնպես չէ, որ իրեն կարող են ապտակել կամ ծեծել»: