կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-14 19:03
Առանց Կատեգորիա

Շրջապա՜տդ փոխի, շրջապա՜տդ...

Շրջապա՜տդ փոխի, շրջապա՜տդ...

«Եթե որևէ մեկը կարող է ասել, որ իրեն դուր է գալիս, երբ իրեն քննադատում կամ հայհոյում են, ես չեմ հավատա այդ մարդուն։ Ինձ էլ դա չի դուր գալիս։ Բայց մյուս կողմից էլ` դա է այդ մարդու մակարդակը, ի՞նչ անենք, գնանք մենք էլ իրեն ծեծե՞նք»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը երեւանյան քարոզարշավներից մեկում:

 

Բնականաբար, որեւէ մեկին հաճելի չէ իր հասցեին քննադատական արտահայտություն լսել: Օրինակ` երբ Մարգարիտ տատիկի թոշակը նրա ձեռքից գողանալու համար դատում էին մեր գյուղացի Գեւորգ Խ.-ին, կողքից մեկն ասաց՝ արա, էս ինչ ես արել, դու խիղճ ունե՞ս: Գեւորգ Խ.-ն անմիջապես պատասխանեց. «Արան դու ես, ա'յ տղա»:

 

Քննադատությունն անընդունելի է, սակայն չքննադատելու լավագույն պայմանը քննադատության հնարավորություն չստեղծելն է, եւ դա ոչ թե վախեցնելով ու լռեցնելով, այլ՝ քո աշխատանքով: Նախագահ ես, ինչպես էլ աշխատես, միեւնույն է, բազում քննադատողներ կլինեն: Սակայն ընդունենք, որ մեր երկրում իշխանության հասցեին քննադատությունները մեծ մասով արդարացված են: Ու զավեշտալի է, երբ երկրի ղեկավարն իր հասցեին քննադատությունը համարում է մակարդակի հարց: Այսինքն` եթե 4 հոգանոց ընտանիքում հայրը ստանում է 60 հազար դրամ աշխատավարձ, կինը չի աշխատում, երկու երեխաները՝ եւս, հայրը իրավունք ունի՞ քննադատել, որ էս երկրում 140 հազար դրամանոց աշխատանք իրեն բաժին չի ընկել: Ունի: Ուրեմն անմակարդա՞կ է: Երբ կա 35 տոկոս աղքատություն, ընդ որում` այդ թիվը 24 տոկոսից 35 է հասել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, նշանակում է՝ ե'ւ 24 տոկոսը կմեղադրեն, որ նոր նախագահի օրոք իրենց խնդիրները չլուծվեցին, ե'ւ մյուս 11 տոկոսը, որ նոր նախագահի օրոք իրենք համալրեցին աղքատների բանակը:

 

Սերժ Սարգսյանի կառավարած յուրաքանչյուր տարում երկիրը անվերադարձ լքել է բնակչության 1,2 տոկոսը: Գնացողները, հաստատ, ճամպրուկը կապելուց առաջ չեն օրհնում: Ուրեմն անմակարդա՞կ են: Լավ, ասացեք խնդրեմ, բա ո՞րն է իշխանության մակարդակը:

 

Նախագահին չեմ մեղադրում: Սերժ Սարգսյանն օրերս հայտարարեց, որ նախագահն իր ելույթը չի գրում, աշխարհի կարգն է այդպիսին: Բայց այդ կարգով նախատեսված չէ՞, որ մասսայական ընթերցանությունից առաջ մի հատ կարդան տեքստը, գուցե որոշ թվեր խմբագրեն: Մեր տպավորությունն այն է, որ Սերժ Սարգսյանը կտրվել է իրականությունից: Շրջապատը՝ թիմակիցները, Հայաստանը ներկայացնում են որպես դրախտավայր, որն իրենք են կերտել օրուգիշեր տքնելու արդյունքում: Ինչ փույթ, թե խնդիրները կուտակվելով մարդկանց համար դառնում են այլեւս անլուծելի: Ինչպե՞ս էր վարչապետը նախագահի հանձնարարականներին պատասխանում՝ մեկ ամիս հետո կանեմ, մի շաբաթ հետո կանեմ, հեսա կանեմ, ու 4 տարի չէր արել, նույնն էլ այս պարագայում, ասում են՝ բոլոր հարցերը լուծել ենք, շե'ֆ ջան, բայց արի ու տես, որ արած չէ ոչինչ:

 

Շրջապատն ամեն ինչ լավ է ներկայացնում, բազմերանգ ու ընդունելի, եւ հակված ենք մտածելու, որ երկրի իրական պատկերից տեղյակ չէ հանրապետության ղեկավարը: Դրա համար էլ զարմանում է, որ այդքան աշխատելուց հետո բանակի օրը որոշել է հանգստանալ, իսկ մի կին իր լացով փչացնում է այդ տոնը: Ինչո՞ւ ես լացում, բա դա՞ է քո մակարդակը, էլ Աստծուց կրա՞կ ես ուզում: Գյուղապետերը հողի մշակման 30 տոկոսանոց ցուցանիշ են ներկայացնում մարզպետարան, նրանք էլ, թե՝ գժվե՞լ եք, սարքեք 70 տոկոս: Ձեռքն ամուր սեղանին խփելու հետեւանքով մեր բոլոր գյուղացիները դառնում են հողի մշակներ: Այդ ցուցանիշները մարզպետարանը ներկայացնում է կառավարություն, այնտեղից՝ նախագահի ելույթը գրողներին: Եվ, բնականաբար, Սերժ Սարգսյանը զարմանալ կարող է, թե ինչո՞ւ գյուղացու որդիները հողը մշակելու փոխարեն գնացել են ռուսաստանները: «Բա ես ե՞մ մեղավոր»,- կասեր նախագահը: Չէ` մակարդակը: Դրա համար է Սերժ Սարգսյանը զարմանում, որ դրախտավայրից մարդիկ փախչում են ինչ-որ անհեռանկար եվրոպաներ: Ու հենց այդ պատճառով է, որ, «նախագահական» տրամաբանությամբ, մարդկանց բողոքը բխում է ոչ թե իրավիճակից, այլ դժգոհողի մակարդակից:

 

Խաչիկ ՍԵՎՈՒՆՑ