կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-15 23:34
Առանց Կատեգորիա

Թուրքիայի ընտրությունը ոչինչ էլ չի փոխի

Թուրքիայի ընտրությունը ոչինչ էլ չի փոխի

Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու դրանց ազդեցությունը Հայաստանի եւ հայ-թուրքական հարաբերությունների վրա երեկ հայկական մամուլի ակումբներում քննարկվող հիմնական թեմաներից էր: Առաջին հարցը, որ հուզում է հայկական կողմին, այն է՝ արդյո՞ք Թուրքիայի ընտրություններից հետո որեւէ փոփոխություն կլինի հայ-թուրքական հաշտեցման գործընթացում:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն օրինակ, պնդում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո հայկական կողմի հետ բանակցող ֆիգուրները կփոխվեն: «Ֆուտբոլային դիվանագիտությունը Գյուլի նախաձեռնությունն էր, իսկ այժմ մեզ հետ կխոսեն Էրդողանի ներկայացուցիչները»,- ասաց նա` ավելացնելով, որ հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանն այժմ ավելի շահեկան դիրքում է` բոլորը Թուրքիայից են ինչ-որ բան ակնկալում: Սակայն Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի օրակարգում կորցրել է իր ակտուալությունը, քանի որ առաջացել են նոր խնդիրներ ու մարտահրավերներ` մասնավորապես Սիրիան եւ Լիբիան:

Նրա այս տեսակետի հետ համամիտ է նաեւ թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Սիրիան Լիբիա չի դառնա»,- ասաց նա եւ բացատրեց. միջազգային հանրությունը չի փորձի զորք մտցնել Սիրիա եւ կգնա դիվանագիտական լուծման ճանապարհով: Այ հենց այդտեղ էլ օգնության կհասնի Սիրիայի հետ քիչ թե շատ լավ հարաբերություններ ունեցող Թուրքիան:

Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ Թուրքիայի նորընտիր իշխանությունների համար այս պահին հայ-թուրքական արձանագրությունները վերսկսելու ցանկություն չկա, թերեւս, այն ավելի ուշ կքննարկվի:

Արտակ Շաքարյանն էլ համոզված է. Էրդողանն այլեւս չի կարողանա հայ-թուրքական արձանագրությունները մտցնել խորհրդարանի օրակարգ, հետեւաբար այլ լուծում է պետք: «Եթե նախկինում կարող էր ցանկացած օրենք մտցնել խորհրդարան, այսօր ընդամենը ունի 325 ձայն, ինչը նշանակում է, որ քվեարկությամբ որեւէ օրենք չի կարող մտցնել` առանց Ժողովրդա-հանրապետական կուսակցության եւ քրդերի աջակցության»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Այսպիսով, եթե նախկինում Էրդողանը հնարավորություն ուներ արձանագրությունները մտցնել խորհրդարանի օրակարգ` թեկուզ առանց ընդունվելու երաշխիքների, այժմ արդեն դրա հնարավորությունն անգամ չունի. մանդատները քիչ են, չեն բավարարի: Եվ առհասարակ, թուրքագետի համոզմամբ, Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունն այս ընտրություններում, չնայած հավաքած ձայներին, պարտվող կողմ է, քանի որ այս կուսակցության ուժը զգալիորեն նվազել է, իսկ Էրդողանն այլեւս անվերահսկելի չէ:

Նրա համոզմամբ` ամենամեծ հաղթանակն այս ընտրություններում քրդերինն էր, քանի որ եթե տարիներ առաջ «քուրդ» բառն օգտագործելն անգամ հանցանք էր համարվում, այսօր արդեն նրանք խորհրդարանում 35 տեղ ունեն: Իսկ Ժողովրդա-հանրապետականների հաղթանակը պայմանավորված էր ոչ թե այն հանգամանքով, որ Էրդողանն այս տարիներին լավ չի աշխատել, այլ նրանով, որ այս կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըջդարօղլուն, ի տարբերություն իր նախորդի, ավելի լավ է աշխատել: Էրդողանի հավաքած քվեների քանակը Արտակ Շաքարյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ համաշխարհային ճգնաժամը Թուրքիայի վրա գրեթե չազդեց:

«Ընտրողը տեսնում է, որ Էրդողանը կերակրում է նրա ընտանիքը եւ քվեարկում է հօգուտ նրա»,- մեկնաբանեց թուրքագետը:

Թուրքիայի հայ համայնքն այս ընտրություններում քվեարկել է «չարյաց փոքրագույնի» օգտին: Բնականաբար, ազգայնականներին չէր կարող իր ձայնը տալ, հետեւաբար տվել է կամ Էրդողանին, ում կառավարման տարիներին հանգիստ է ապրել, կամ էլ մեծամասնականով առաջադրված քրդերին:

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն էլ կարծում է, որ ընտրությունների արդյունքում հայ-թուրքական հարաբերություններում ոչինչ չի փոխվի` մինչեւ չկարգավորվի Ղարաբաղյան հարցը: Արտակ Շաքարյանը նույնպես այս հարցում որեւէ տեղաշարժ ակնկալում է միայն Կազանի առաջիկա հանդիպումից: Կիրո Մանոյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ընտրությանը 50 միլիոն մարդ է մասնակցել, եւ ընդամենը 6-7 ժամ անց արդյունքները հրապարակվել էին եւ չէին վիճարկվում քաղաքական ուժերի կողմից: «Սա իրենց համար դրական կետ է, իսկ մեզ համար էլ՝ ուսանելի»:

Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ