Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներքաղաքական վիճակում որոշակի լարվածություն կա, քանի որ մոտենում են ընտրությունները, եւ բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է ընդլայնել իր օգտին քվեարկողների զանգվածը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը նշեց, որ, չնայած այս ամենին, հայտնի է, թե դաշտում որոնք են առաջատար քաղաքական ուժերը. «Բնականաբար, մեր ցանկություններից անկախ` քվեների համամասնական բաժանումը տեղի կունենա այդ հիմնական քաղաքական ուժերի միջեւ»:
Խոսելով Հայ ազգային կոնգրեսի քաղաքական դաշտում ունեցած ներկայիս դիրքի մասին` Վ. Բոստանջյանն ասաց, որ ՀԱԿ-ը, ըստ էության, մեծ ձգտումներ ունեցող նեղացածների մի զանգված է, որն ինչ-որ հարցեր է բարձրացնում եւ պահանջներ ներկայացնում. «Շատ տրամաբանական է նրանց վարքագիծն այնքանով, որքանով ընդդիմադիր ուժը է եւ նույնիսկ հավակնում է արմատական լինել: Նրանք տարբեր հարցերի լուծման վերաբերյալ ունեն յուրովի մոտեցումներ, որոնք որոշ առումով կարող են ապակայունացնող համարվել, սակայն, ըստ իս, դա չի համապատասխանում իրականությանը»:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ ԲՀԿ-ն ընտրություններից առաջ փոխի իր մոտեցումը կոալիցիոն նոր հուշագրի նկատմամբ՝ նկատի ունենալով այն, որ իր գործընկեր Նաիրա Զոհրաբյանն ասել էր, թե քաղաքականությունը քարացած դոգմա չէ, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ որպես այդպիսին, հասարակությանը ներկայացել է իմպերատիվությամբ, խոսքը գործի վերածելով, պատվախնդիր տարբերակով, և այս պարագայում ես չեմ կարծում, որ «Բարգավաճ Հայաստանը» հակված է շուտափույթ փոփոխություններ իրականացնել իր սկզբունքներում ու վարքագծում»:
Եվ ի պատասխան հարցի ճշգրտմանը, թե գուցե Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն կարող է փոփոխություններ մտցնել ԲՀԿ-ի ռազմավարության մեջ, ասաց, թե չի կարող որեւէ մեկի փոխարեն պատասխան տալ, կյանքը ցույց կտա` ինչ կլինի, սակայն, այնուամենայնիվ, չի կարծում, թե փոփոխություններ կլինեն:
Վերջին շրջանի լրահոսում մեծ տեղ են զբաղեցնում Ռուսաստանի ներքաղաքական գործընթացները` Պուտինի նախագահ դառնալու ձգտումների կապակցությամբ:
«Արդյո՞ք ռուսաստանյան գործընթացները կարող են ազդեցություն ունենալ հայաստանյան քաղաքական վիճակի վրա» հարցին պատգամավորը պատասխանեց, որ Ռուսաստանը հզոր պետություն է եւ նրա վարած քաղաքականությունը նվազագույն ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի պես փոքր երկրի վրա:
Նրա խոսքերով` Ռուսաստանը միշտ էլ որոշակի հետաքրքրություն է ունեցել Հայաստանի նկատմամբ, հետեւաբար Պուտին-Մեդվեդեւ փոխատեղումից էական ոչինչ չի կարող փոխվել: