կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-08 15:36
Քաղաքական

Ստեղծվում է նոր կուսակցություն` ՀԱԿ-ը

Ստեղծվում է նոր կուսակցություն` ՀԱԿ-ը

Երեկ 28 հոգու կողմից հայտարարություն-ծանուցում է մուտքագրվել ՀՀ արդարադատության նախարարություն` ՀԱԿ կուսակցություն ստեղծելու մասին. լրագրողներին այսօր հայտնեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զորաբյանը: Նա նշեց, որ այդ նախաձեռնողները հայտարարում են ՀԱԿ կուսակցության ստեղծումը եւ ծանուցում, որ կուսակցության հիմնադիր-համագումարը տեղի կունենա այս տարվա մարտի 22-ին:

 

Այդ փաստաթղթի տակ ստորագրել են Լեւոն Տեր-Պետրոսյանը, Լեւոն Զուրաբյանը, Զոյա Թադեւոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վահան Վարդապետյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Ավետիս Ավագյանը, Վահագն Խաչատրյանը, Աշոտ Սարգսյանը, Արման Մուսինյանը, Վարդան Մալխասյանը, Վլադիմիր Կարապետյանը, Ավետ Պողոսյանը, Արշակ Մանուչյանը, Անահիտ Եղոյանը, Արմեն Օհանյանը, Արման Գրիգորյանը, Կարինե Դավոյանը եւ մի շարք ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ:

 

Զուրաբյանը հատուկ շեշտեց, թե կուսակցության հիմնումը անհատների նախաձեռնություն է, բայց նախաձեռնողները նաեւ հրավիրում են ՀԱԿ այլ անդամներին եւս` միանալու այս նախաձեռնությանը: Զուրաբյանն ասաց, թե նոր կուսակցության հիմնումը ՀԱԿ-ի ներսում անկուսակցական անհատների եւ քաղաքական տարբեր ուժերի միջեւ ավելի ուժեղ կոնսոլիդացիա ստեղծելու փորձ է:

 

«Մենք կարծում ենք, որ ստեղծում ենք նախադեպը չունեցող մասսայական, դեմոկրատական կուսակցություն, որի միջոցով ցանկանում ենք իշխանության բերել ժողովրդի ներկայացուցիչներին, որոնք կկարողանան կազմաքանդել այս քրեաօլիգարխիկ համակարգը»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:

 

Բանախոսը հայտնեց, թե կուսակցության հիմնական գաղափարական ուղղությունը լինելու է սոցիալական լիբերալիզմի ուղղությունը:

 

«Եթե ուզում ենք ստանալ ժողովրդի վստահությունը, ապա պետք է գնալ գաղափարախոսությունների ամուսնության: Տվյալ դեպքում մենք դնում ենք սոցիալիզմի եւ լիբերալիզմի ամուսնություն»,- պարզաբանեց Զուրաբյանը: