կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-06 23:11
Հասարակություն

Ինչո՞ւ չինական ավտոբուսների համար վարորդներ չեն գտնվում

Ինչո՞ւ չինական ավտոբուսների համար վարորդներ չեն գտնվում

Գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանն իր քարոզարշավների ժամանակ մի քանի անգամ հայտարարել է, թե մարդիկ չեն ցանկանում աշխատել 130-150 հազար դրամ վարձատրությամբ աշխատատեղերում: Նման չափի աշխատավարձերով աշխատատեղերի առկայության մասին խոսել եւ խոսում է նաեւ Տիգրան Սարգսյանը: Ուշագրավ է, որ թե' երկրի առաջին դեմքը եւ թե' երրորդ դեմքը, որպես ասածին ապացույց, սիրում են ասել. «Դուք հեռուստացույց չե՞ք դիտում: Որ հեռուստաալիքը միացնում ես, տեսնում ես, որ աշխատանքի հայտարարություն է գնում»:

 

Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցում, հավատարիմ մնալով «ավանդույթներին», վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Եթե դուք դիտեք մի քանի հեռուստաալիքներ, ապա կտեսնեք, որ մշտապես տեղադրվում են հայտարարություններ, որ այս կամ այն ոլորտում մասնագետներ են աշխատանքի հրավիրվում: Այսինքն՝ ՀՀ-ում կան բազմաթիվ աշխատանքի վայրեր, ուր աշխատանքի են հրավիրում»:

 

Yerkir.am-ը վարչապետից հետաքրքրվեց` մի՞թե հանրապետության նախագահի եւ իր` վարչապետի համար աշխատատեղերի առկայության մասին ինֆորմացիոն աղբյուրը հեռուստաալիքներն են, խնդրին տիրապետում են՝ ելնելով հեռուստաընկերությունների տարածած հայտարարությունների՞ց:

 

«Բնականաբար, հեռուստաալիքները մեր ինֆորմացիոն աղբյուրներից մեկն են: Դա տրամաբանական է, չէ՞: Դուք աշխատում եք, ինֆորմացիան տրամադրում եք հանրությանը, մենք էլ հանրության մասն ենք եւ ինֆորմացիայի աղբյուր ենք համարում հեռուստատեսությունը: Բայց, իհարկե, միայն հեռուստատեսությունը չէ մեր ինֆորմացիայի աղբյուրը, մենք ունենք ինֆորմացիայի բազմաթիվ այլ աղբյուրներ, ունենք նաեւ պաշտոնական տեղեկատվություն, թե ՀՀ-ում ինչ թափուր աշխատատեղեր կան: Այսինքն՝ մեր ինֆորմացիայի աղբյուրները բազմազան են, եւ տեղեկատվությունն էլ` հավաստի»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

 

Ինչպես միշտ, այս անգամ եւս վարչապետ Տիգրան Սարգսյանը, վկայակոչելով Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը, խոսեց «չինական ավտոբուսների» մասին, որոնց համար վարորդներ չկան:

 

Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե, ամեն անգամ առանց վարորդ մնացած չինական ավտոբուսները օրինակ բերելով, չե՞ն դարձրել դա «մատի փաթաթան», եւ արդյոք երբեւիցե հետաքրքրվե՞լ է, թե ինչու այդ ավտոբուսների համար այդպես էլ վարորդ չի գտնվում, ո՞րն է խնդիրը:

 

Հարցին ի պատասխան, Տիգրան Սարգսյանը իբր կատակեց. «Չինական ավտոբուսների հարցը մատի փաթաթան մի' սարքեք: Ես ասում եմ՝ եկեք չխոսենք, դուք էլի հարցը կրկնում եք»:

 

Նշենք, որ թեեւ վարչապետը մեր այս հարցին չպատասխանեց, բայց Yerkir.am-ն առաջիկայում պարզելու է, թե ում է ձեռնտու, որ այդ ավտոբուսներն այդպես էլ «գիծ դուրս չգան», եւ ինչու վարորդ չի գտնվում: Դրանից հետո երեւի ՀՀ նախագահն ու վարչապետը այլեւս այդ օրինակը չեն բերի: