կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-12 12:45
Հասարակություն

Հաստատում ենք 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների գնումը. դրանք չինական են լինելու․ Մարության

Հաստատում ենք 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների գնումը. դրանք չինական են լինելու․ Մարության

Բոլորիդ հայտնի է, որ անգլիական WYG ընկերությունը մեզ համար նոր ավտոբուսային ցանց է նախագծել, ըստ որի՝ 850 ավտոբուս պետք է ունենանք, որից 450-ը պետք է լինեն 7,5-8,5 մետրանոց, մնացածը՝ 12 եւ 18 մետրանոց․ այսօր՝ փետրվարի 12-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Այս պահին մենք հաստատում ենք 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների գնումը: Սա բավականին երկար ու դժվար աշխատանք է պահանջել: Առկա պայմաններում շատ գործարարներ վախենում են պայմանագրեր կնքել՝ թե՛ համայնքի, թե՛ պետական մասշտաբով, բայց մենք վստահեցրել ենք, որ կկատարենք մեր պարտավորությունները, իրենք էլ կկատարեն մատակարարումը: Ծրագիրը պետք է շարունակական լինի:

Նաեւ ՎԶԵԲ-ի եւ կառավարության հետ համատեղ 1 անգամ չի կայացել 12 մետրանոց ավտոբուսների գնման տենդերը: Եվս մեկ անգամ տենդեր է դրվել, որը կբացվի մարտի 31-ին: Հուսանք, որ այս անգամ կկայանա: Այստեղ 100 հատ 12 մետրանոց ավտոբուսների մասին է խոսքը»,- ասաց նա:

Մարությանի խոսքով՝ այս ծրագրի իրագործման արդյունքում կձերբազատվենք միկրոավտոբուսներից, որոնք ե՛ւ վտանգավոր են, ե՛ւ պրոբլեմատիկ են, ե՛ւ անհարմար։

Քաղաքապետը հավելեց, որ 7,5-8,5 մետրանոց ավտոբուսները 95 տոկոսով արտադրում են միայն Չինաստանում։ «Չինաստանում ավտոբուսների արտադրությունը շատ առաջ է գնացել, եւ գերմանական, շվեդական, հոլանդական շատ քաղաքներում տենդերները հաղթում են հենց չինական ավտոբուսները, հատկապես՝ էլեկտրաբուսները՝ որակով անցնելով եվրոպական շատ արտադրողների: Այստեղ մեզ համար ոչ թե երկիրն է, որ արտադրում է, այլ թե ինչ պարամետրերի է համապատասխանում, իսկ մենք բարձր պարամետրեր ենք դրել: Բավականին շատ լավ գին ենք ստացել այս որակի ավտոբուսների համար: Եթե գործարքը կայանա, կհամարեմ սա լավագույն ձեռքբերումը Երեւանի համար»,- ասաց Մարությանը: