Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ մենք փոքր էինք, մեր ծնողները զբաղված էին խորհրդային զանազան կիսապարապ հիմնարկներում, և մենք էինք լցնում մեր օրը: Վերջին քաղաքական իրադրությունը շատ նման է մանկության օրերին ինքներս մեզ համար զբաղմունք գտնելու մի դրվագի. օրինակ` շախմատ էի խաղում ինքս ինձ հետ: Առանձնապես լավ չէի խաղում և իրական հակառակորդներից կրած պարտությունների սատիսֆակցիան կատարվում էր ինքս իմ դեմ խաղալիս՝ իմ բացարձակ և բացառիկ հաղթանակների շնորհիվ: Սպիտակներով խաղում էի, բնականաբար, ես: Ես` հակառակորդս, խաղում էր սևերով և, բնականաբար, «շատ վատ» էր խաղում: Ընդ որում` պարտիաները գրանցվում էին տետրի թղթի վրա` հաղթանակը արձանագրված լեգիտիմացնելու համար: Խաղն ընթանում էր շախմատի սպիտակ, երկմաս ժամացույցի թկթկոցի պատկառելի ուղեկցությամբ, ու երևույթը լրջանում էր ատրիբուտների պարտաճանաչ առկայության շնորհիվ:
Իմ հակառակորդ եսը գնալով վատ էր խաղում: Ընդ որում` կարող էր հանձնվել, բայց իսկական «ես»-ը թույլ չէր տալիս: Հաղթանակը պիտի համոզիչ լիներ, իսկ հաղթանակի հասնելու ընթացքը` զգլխիչ հաճույքով առլեցուն: Խնդիրն այն էր, որ ինչքան երկար տևեր պայքարը իմ և իմ երևակայական հակառակորդի միջև, այնքան ավելի ուժեղ էր լինելու իրական հակառակորդներից կրած իմ պարտությունների սատիսֆակցիան: Եվ ես խաղում էի երկար... Ես` շատ լավ, իսկ ես - հակառակորդս` գնալով ավելի անտանելի:
Սա «հաղթանակի» ընթացքն էր... Բայց առջևում դեռ հաղթանակի գրանցման արարողությունն էր` պարտությունների դառնության հանդեպ կրած հաղթանակի շռնդալից գրանցումը, որն արտահայտվում էր հակառակորդի ֆիգուրներից մեկը տախտակի վրա հորիզոնական դիրքով դնելու մոգական պահով:
Ամեն ինչ լավ էր..., բացառությամբ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ լիարժեք բացակայության անառողջ փաստի:
Բայց մանկական երևակայությունը տենդագին տենչում է կատարելության: Եվ որոշ ժամանակ անց դիմացի դատարկ աթոռին հայտնվեց խորհրդային տարիների ամենաուրախ գույներից մեկով` կիսաշագանակագույն ներկված մեծ, անշուք փափուկ խաղալիքը, որի ով լինելը հստակ չէր կարող արձանագրել նույնիսկ ստաժավոր կենդանաբանը, և նա` կիսաշագանակագույն փափուկ կենդանակերպը, այսուհետ խաղալու էր հակառակորդիս դերը:
Ես նրան հնարել էի՝ հաղթելու համար:
Այդ ժամանակ ես կա՛մ չորրորդ, կա՛մ հինգերորդ դասարանում էի: Ոչ ավել:
Այն ինչ տեղի ունեցավ և ունենում է այսօր նախընտրական հարթակի վրա, իմ խաղից տարբերվում է միայն մի կարևորագույն ատրիբուտի բացակայությամբ` ես հանդիսատես չունեի: Իսկ նախընտրական սատիսֆակցիան կատարվում է բազմահազարանոց հանդիսատեսի առաջ, որի մի մասը միայն տեղյակ է իրականությանը, իսկ մնացածը փորձում է հասկանալ` ով է ում բարեկամը...
Նրանք, որոնք տեղյակ չեն և պարտավոր էլ չեն տեղյակ լինելու այս բրազիլիական ֆեստիվալից, թոթվում են հոգնած ուսերը ու «քշում իրենց տաքսին»: Բայց անհասկանալի է տեղյակների դիսկուսիան սույն բրազիլիական ֆեստիվալի շուրջ: Քննարկվում են առաջարկներ, ֆեյսբուքում լայքում զարմանազան ելույթներ: Ինչու` անհասկանալի է...
Իմ շախմատային խիզախ նկրտումների հետագա զարգացումները 4-5-րդ դասարաններում բերեցին համաժամանակյա սեանս տալու գաղափարին, և իմ դիմաց տեղավորված կիսաշագանակագույն անհայտ փափուկ կենդանու կողքին շարվեցին տան մնացած փոշոտ փափկամորթները, որոնց անհողդողդ հայացքների առաջ ինքնավստահ քայլելով' մեկ առ մեկ պարտության էի մատնում ու ըմբռնումով սեղմում նրանց բրդոտ թաթերը:
Ես հնարել էի նրանց` հաղթելու համար...
Ցավալին, բացի հանդիսատեսի բացակայությունից, միայն մի բան էր նաև. փափկամորթ հակառակորդներս չէին ընկալում իրենց պարտության դառնությունը և դա էապես թուլացնում էր իմ հաղթանակի ուժգնությունը: Նրանց դարչնագույն դեմքերը մնում էին ամիմիկ, նրանց հանգստությունը սինթետիկ մորթու տակ` անդրդվելի: Իսկ ես տենչում էի, որ իրենք գիտակցեն իրենց պարտությունը:
Այդ ժամանակ ես ընդամենը տասը-տասնմեկ տարեկան էի` ոչ ավել, որովհետև մեկ տարի անց ես պիոներ պալատի թատերական խմբակում էտյուդ էի ներկայացնում, թե ինչպես է տղան աղջկան ծաղիկ նվիրում, և ինչպես է աղջիկը ստանում այդ ծաղիկը, այն դեպքում, երբ կյանքում դեռ չէի զգացել դրա ինչ լինելը: Ինչևէ, մեկ տարի անց արդեն իրական հակառակորդների հետ մրցում էինք, թե ում էտյուդն է ավելի ստացված:
Առանց իրական հակառակորդի մի տեսակ հոսպիտալացված հաղթանակ է ստացվում: Եվ որպեսզի այդպես չթվա, օգնության է գալիս խոսքը: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «Ազատություն» /Ազատ Եվրոպա/ ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հարցին ներկա և ապագա նախագահը /ըստ իս, իհարկե/ պատասխանում է այսպես. «Ես հակված եմ կարծելու, որ իշխանությունների պրոբլեմը չէ մրցակից աճեցնելը... Բայց մենք ի՞նչ պետք է անեինք, գնայինք Եվրոպայից կամ Միացյալ Նահանգներից մեր մի հայրենակցի՞ բերեինք, պարտադրեի՞նք, կամ ինչ-որ մեկին այստեղ սկսեինք աճեցնե՞լ: Դա այն է, ինչում փորձում են մեզ մեղադրել, որ իբր մենք դրանով ենք զբաղված: Գիտեք, երբ որ ասում են, որ չկա մարդ, որ կարող է շատ ձայներ տանել, ես դրա հետ համաձայն չեմ: Իսկ ով է ասել, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, նույն Հրանտ Բագրատյանը, նույն Պ.Հայրիկյանը, որոնք վաստակ ունեն և ճանապարհ են անցել' շատ ավելի հեշտ մրցակիցներ են, կամ ավելի քիչ փորձ ունեն բանավիճելու կամ հրապարակային խոսքի»:
Նրանց, ովքեր կարդում են իմ նյութերը, ես խոստանում եմ` մինչև փետրվարի 18-ը այլևս ոչ մի տառ քաղաքական երևակայական իրականության շուրջ: Իսկ այս հոդվածի շրջանակներում մի գողտրիկ զուգահեռ ևս. երբ փոքր էինք, մեր խորհրդային դասագրքերում 21 թվականի փետրվարի 18-ին դաշնակցական կառավարության` իշխանությունը հետ վերցնելու փորձը կոչվում էր «փետրվարյան ավանտյուրա»:
Այդքան բան... Բայց դա 1921-ի փետրվարի 18-ի մասին էր...
Լուսինե Հովհաննիսյան
zham.am