Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի թեկնածուներից ոմանք անգամ նախընտրական ծրագիր չունեն: Գուցե մտածում են, որ, միեւնույն է, գրվածը թղթի վրա է մնալու, իզուր ժամանակ պետք չէ ծախսել: Ոմանց նախընտրական ծրագրերին ծանոթանալով էլ` հասկանում ես, որ դրանք գրվել են` զուտ գրված լինելու համար:
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը նախընտրական ծրագիր մշակել է` մոռանալով, սակայն, այնտեղ ընդգրկել որոշ ոլորտներ: Կամ էլ, անդրադառնալով այս կամ այն ոլորտին, պարզապես ասում է` լավ է լինելու. չէ՞ որ այդպես ավելի հեշտ է: Վերջում կասի` իմ պատկերացրած լավն էս էր, ու... հարցը կփակվի:
Անդրիաս Ղուկասյանն իր նախընտրական ծրագրում հպանցիկ, ընդամենը մեկ նախադասությամբ է անդրադարձել թե՛ առողջապահական, թե՛ կրթական եւ թե՛ մշակութային ոլորտներին:
Ահա նրա առաջարկած փոփոխությունները`
«- բժշկական բոլոր ծառայությունները դարձնել հասանելի ամբողջ բնակչության համար,
- երաշխավորել բարձրագույն կրթության հասանելիությունը,
- ապահովել անհրաժեշտ պայմաններ բնակչության մշակութային զարգացման համար»:
Պարո'ն Ղուկասյան, մենք նույնպես Ձեզ նման մտածում ենք, որ ամեն ինչ պետք է լավ լինի. այստեղ մեր եւ Ձեր տեսակետները համընկան: Այն, որ Դուք էլ ինձ պես` դրանց լուծման տարբերակները չունեք, մեր տեսակետները նույնպես համընկնում են` մեր բանը բուրդ է: Ղուկասյանն իր նախընտրական ծրագրում բաց է թողել ամենագլխավոր կետը` նա չի պատասխանել «ինչպե՞ս» հարցին: Փոխարենը` խոստանում է բժշկական բոլոր ծառայությունները հասանելի դարձնել ամբողջ բնակչության համար: Ա'յ մարդ, տեսնես, մեր առողջապահության նախարարի մտքով մինչ այս ո՞նց չէր նման բան անցել:
Կամ էլ, պարո'ն Աշոտյան, ախր եղածն ի՞նչ է, է՜, որ չեք մտածել այսքան ժամանակ` ըհը, կրթության ոլորտում առկա բոլոր հարցերի` կոռուպցիա, ջեռուցում, որակյալ դասագրքեր, ընդունելության քննություններ, ներառական դպրոցներ, որակյալ մասնագետներ..., միակ լուծումը` երաշխավորել բարձրագույն կրթության հասանելիությունը:
Մի քիչ վիճելի է Ղուկասյանի` մշակութային ոլորտում առաջարկած փոփոխությունը` ապահովել անհրաժեշտ պայմաններ բնակչության մշակութային զարգացման համար: Ո՞վ իմանա` ինչ ասել է անհրաժեշտ պայմաններ Ղուկասյանի համար. գուցե թեկնածուն նկատի ունի այն, որ հայկական սերիալներում այսուհետ ոչ թե պարզվի այն, որ իրականում մայրն աղջկա հայրն է, այլ` քույրը, կամ էլ` ոչ թե հեռուստատեսությամբ Արմենչիկի տեսահոլովակը ցույց տալուն տրամադրեն 6, իսկ Սիլվա Հակովյանին` 4 րոպե, այլ` հակառակը:
Պարո'ն Ղուկասյան, քանի դեռ նախագահի թեկնածուները նման նախընտրական ծրագրեր են ներկայացնում, մենք մշակութային զարգացում չենք ապրի, իսկ կրթական ու առողջապահական ոլորտն էլ, հավատացնում եմ, Ձեր առաջարկած փոփոխություններից առանձնապես չի շահի: Արդյունքում` կշահեք միայն Դուք:
Կ. Հ.