Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանը հանդես են եկել նախագահական ընտրությունների վերաբերյալ համատեղ հայտարարությամբ, որով փաստացի երկու հիմնական ուղերձ են հղում հանրությանը: Նախ` նրանք կոչ են անում իշխանություններին` հրապարակել հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակները` բացառելու համար նրանց փոխարեն քվեարկելու դեպքերը, զերծ մնալ վարչական ու բանակի ռեսուրսն ընտրություններին օգտագործելուց, ինչպես նաև վախի մթնոլորտ ստեղծելուց: Երկրորդ` թեկնածուները համոզվածություն են հայտնում, որ քաղաքացիների կողմից ընտրություններին ակտիվ ու վճռական մասնակցությամբ է հնարավոր Հայաստանում իրավիճակ փոխել:
Երեք թեկնածուները, սակայն, այս հայտարարությամբ ընդամենը հաստատում են, որ իրենց իսկ նշած մարտահրավերների չեզոքացման համար ոչնչի պատրաստ և ունակ չեն, և որ այս հայտարարությամբ բոլորովին էլ ընտրակեղծիքների դեմ համակարգված ու կազմակերպված պայքարելու նպատակ չունեն:
Րաֆֆի Հովհաննիսյանի համար սա արդեն թվով երրորդ նմանատիպ հայտարարությունն է: Առաջին երկուսը նա արել էր նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ` հատուկ նամակով դիմելով նախագահ Սերժ Սարգսյանին: Երկու դեպքում էլ նրա այդ նամակներն արհամարհել էին: Կասկած չկա, որ արհամարհվելու է նաև իշխանություններին ուղղված այս կոչը: Խնդիրը միայն այն չէ, որ, տրվելով թեկնածուների այս կոչին և երկրից բացակայողների ընտրացուցակները հրապարակելով, ձեռքն Աստվածաշնչի վրա դրած` վարչական ռեսուրսը չօգտագործելու, ընտրողներին չահաբեկելու մասին երդվումներ տալով, իշխանությունը պարզապես կհաստատի, որ դրանք եղել են իր վերարտադրման հիմնական գործիքակազմը, ինչը հավասարազոր է հանցագործության ինքնախոստովանական ցուցմունքի: Առավել ևս, որ քաղաքական մեծամասնությունը միայն անցած մեկ տարվա ընթացքում երկու անգամ մերժել է ընտրական օրենսգրքում հենց այդ մեխանիզմների չեզոքացմանն ուղղված փոփոխություններ կատարելու` ընդդիմության նախաձեռնությունները: Իշխանությունն արդեն բավականաչափ հստակ ցույց է տվել, որ այս հարցում նահանջելու ցանկություն չունի:
Թեկնածուների այս հայտարարությունը ոչ մի հետևանք չի ենթադրում, առաջին հերթին` այն պատճառով, որ նրանք իրենք իրենց պատասխանատու չեն համարում նորմալ ընտրոթյունների անցկացման հարցում և նման հայտարարությամբ փորձում են այդ պատասխանատվությունն իրենցից վանել: Խոսելով իշխանության անելիքների մասին` նրանք համեստորեն լռում են սեփական անելիքներից: Հայտարարության մեջ այս կապակցությամբ ընդամենը մեկ հպանցիկ ակնարկ կա` «ցանկացած ընտրական զեղծարարություն կամ խախտման նմանատիպ փաստ մեր կողմից կդիտարկվի որպես հակասահմանադրական գործողություն»։ Սակայն, թե ի՞նչ է ենթադրում նման հնարավոր «դիտարկումը», թեկնածուները հստակեցնել չեն ցանկացել կամ էլ չեն կարողացել: Որովհետև դրա համար նրանք նախ պետք է բացատրեին հանրությանը, թե ինչու է անհրաժեշտ հատկապես հանրության ակտիվ ու վճռական մասնակցությունը մի գործընթացի, որին նրանք բացարձակապես չեն հավատում: Պետք է հստակեցնեին, թե նախևառաջ` ի՞նչ են իրենք` թեկնածուները, անելու ընտրությունների ընթացքը վերահսկելու, ընտրական զեղծարարությունը զսպելու համար և այդ ուղղությամբ կոնկրետ ինչ գործընթացներ կամ մեխանիզմներ են առաջարկում: Հայտարարության մեջ, սակայն, նման բան չկա:
Ոչինչ չկա նաև այն մասին, թե ինչի՞ են պատրաստ երեք թեկնածուները, եթե, այնուամենայնիվ, ընտրական զեղծարարությունների մասին վկայող փաստեր ունենան` հայտարարելու համար, որ ընտրությունները հակասահմանադրական են: Այս հայտարարությունից բացարձակապես չի հետևում, որ ընտրությունները նման գնահատականի արժանացնելուց հետո թեկնածուները պատրաստ են դիմել միասնական գործողությունների: Մինչդեռ առանց այս հարցում հստակություն մտցնելու` առհասարակ անլուրջ է ընտրողներից ակտիվություն պահանջելը կամ ակնկալելը: Մարդիկ պարզապես չգիտեն` ստեղծված իրավիճակում քվեարկությանն իրենց մասնակցե՞լն է իշխանության վերարտադրմանը խոչընդոտելու, թե՞ չմասնակցելը:
Ունենալով մրցակցության արժանահավատ պատրանք ստեղծելու խնդիր` իշխանությանն օդ ու ջրի պես անհրաժեշտ է քվեարկությանը քաղաքացիների բարձր մասնակցություն ապահովել: Դրան էր ուղղված նաև օրեր առաջ «Հայաստանի եվրոպացի ընկերներ» կազմակերպության կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումը, որով ոչ այնքան փորձ է արվում համոզել, որ Սերժ Սարգսյանը վստահերեն ընտրվելու է հենց առաջին փուլում, որքան մարդկանց ներշնչելու, թե ընտրությունների նկատմամբ հասարակությունը սպասվածից ավելի մեծ հետաքրքրություն և մասնակցության շահագրգռությունն ունի: Այնպես որ` առանց ընտրողների քվեի պաշտպանության գործուն մեխանիզմների մասին խոսելու` ակտիվ մասնակցության կոչ հնչեցնելն ավելի շուտ կարող է ծառայել Սերժ Սարգսյանի վերընտրության լեգիտիմացմանը:
Բայց մեծ հաշվով թեկնածուների այս հայտարարությունն ավելի շատ խոսում է մի կողմից` ընտրական գործընթացի վերահսկման և ընտրակեղծարարության դեմն առնելու նոր մեխանիզմների բացակայության, եղածների ու արդեն իսկ այս կամ այն չափով կիրառվածների մաշվածության և «բռակ» լինելու մասին, մյուս կողմից` վկայում է ընտրությունների արդյունքների հիման վրա քաղաքական պրոցեսներ հասունացնելու կարողության ճգնաժամի մասին:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ