Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանի Դավիթաշեն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ այսօր էլ, ինչպես հինգ տարի առաջ, եկել է, որպեսզի խնդրի բնակչության վստահության քվեն:
«Ընտրություններով, այսինքն՝ քվեարկությամբ, մենք պայմանագիր ենք կնքում: Մենք հինգ տարի առաջ էլ ենք պայմանագիր կնքել, որին հետեւեցին տարիներ, երբ մենք հաղթահարեցինք մի քանի ճգնաժամեր, անկանխատեսելի եւ բարդ մարտահրավերներ, հաղթահարեցինք մեր երկրի ներսում առկա ճգնաժամը: Պետք է խոստովանեմ, որ այդ ճգնաժամերը մի քիչ շատ ստացվեցին, մի քանի նախագահների կբավականացներ, բայց ես չեմ բողոքում, չեմ տրտնջում եւ չեմ ուզում մեր թերացումները պայմանավորել այդ ճգնաժամերով, մենք ընկճվել չենք սիրում: Ամեն մի ճգնաժամ հաղթահարելով՝ մենք փորձ ենք ձեռք բերում: Ձեր քվեն ստանալով՝ յուրահատուկ պայմանագիր ենք կնքում»,- հայտարարեց Սերժ Սարգյանը:
Նա նշեց, որ պետական համակարգում կան անպիտան ու ծույլ մարդիկ, ովքեր իրենց անգործության համար մի արդարացում ունեն, երբ ասում են, որ նախաձեռնությունը պատժվում է: «Պատժվում է, երբ կա պարտադրանք եւ ստրկամտություն: Մենք պայմանագիր ենք կնքում, եւ ես պարտավորվում եմ, որ մեր երկրում նախաձեռնությունը խրախուսվի»,- հայտարարեց Սարգսյանը:
Նախագահի ՀՀԿ-ական թեկնածուն իր խոսքում հայտարարեց նաեւ, որ չեն պատարստվում որեւէ մեկին ճնշել, զրկել ունեցածքից եւ բաժանել մյուսներին: «Անցել են այն ժամանակները, երբ մի կով ունենալու համար մարդուն կարող էին Սիբիր աքսորել»,- նշեց նա եւ վստահեցրեց, որ երկում եղած դրամով պետք է ստեղծվի ազգային կապիտալ:
Սերժ Սարգսյանը հայտարարեց նաեւ, որ վերջերս գնացել է ՊԵԿ, որ անձամբ համոզվի, թե ինչ իրավիճակ է: Նա նշեց, որ թեեւ հանրության կողմից կարող է լավ չընկալվել, եթե դրական գնահատի հարկային մարմինների աշխատանքը, բայց ուզում է փաստել, որ այս ոլորտում հաջողություններ, իրոք, կան:
«Իմ ծրագիրը ճանապարհ է դեպի ապահով Հայաստան, եւ այդ ճանապարհն անցնելու համար խնդրում եմ ձեզ քվեարկել իմ օգտին: Ես չեմ անի որեւէ քայլ, որը կարող է ձեզ անհարմար վիճակում դնել: Իհարկե, ինչպես ցանկացած մարդ, ես էլ բազմաթիվ թերություններ ունեմ, բայց դա մեկ բան է, սխալներ գործելը՝ մեկ այլ բան»,- հայտարարեց նախագահի թեկնածուն եւ առաջարկեց ներկաներին ցանկության դեպքում հարցեր ուղղել իրեն՝ հանդիպումն առավել արդյունավետ դարձնելու համար: