կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-18 02:21
Իրավական

Դեդ Հասանին փոխարինելու կգա Յապոնչի՞կը

Դեդ Հասանին փոխարինելու կգա Յապոնչի՞կը

 

Ռուսական քրեական աշխարհի պարագլխի՝ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանության վերաբերյալ շրջանառվող վարկածներից շատերը թվում էին անհավանական, որոշները՝ իրական: Իտալական մամուլն այն կապեց քուրդ կանանց սպանության հետ, իսկ ռուսական վերլուծաբաններից և լրագրողներից շատերը՝ Սոչիի օլիմպիական խաղերի: Ինչո՞ւ սպանվեց ամենամեծ քրեական հեղինակությունը, ո՞ւմ կողմից էր պատվերը, և, ի վերջո, ի՞նչ է սպասվում քրեական աշխարհում այսուհետ: Այս և այլ հարցերի շուրջ yerkir.am-ը զրուցեց շուրջ 27 գրքերի հեղինակ, լրագրող, քրեագետ Սերգեյ Գալոյանի հետ:  

 

Վարկած կա, որ Դեդ Հասանի սպանությունը կարող է հանգեցնել քրեական հեղինակությունների միջև կոնֆլիկտի` կապված Սոչիում օլիմպիական բիզնեսի հետ:

- 83 մլրդ ռուբլի արժողությամբ և 200 հազար բանվոր պահանջող Սոչիի  օլիմպիական բազայի շինարարությունը, իհարկե, ոչ բացահայտ, պետք է ստանձներ քրեական ամենամեծ հեղինակությունը: Բազայի շինարարության վերահսկողությունը փորձում էր ստանձնել Տարիել Օնիանին (Տարո), ով ձերբակալված է և գտնվում է բանտում, բայց դա որևէ նշանակություն չունի, նա փակված վիճակում էլ հանգիստ կարող է ղեկավարել: Սակայն դեռ 2008-ին գողական աշխարհի գագաթաժողովի ժամանակ էր որոշվել շինարարության ղեկը վստահել Դեդ Հասանին: Ռուսաստանն, այնուամենայնիվ, այդ գործընթացը չէր վստահի որևիցե պաշտոնյայի, քանի որ նրանք անհնար է՝ չմսխեին այդ ահռելի գումարները, իսկ քրեական աշխարհում նման դեպքերում մահ է սպասվում: Այս տեսակետից չի բացառվում, որ Հասանի սպանությունը կապված է Սոչիում սպորտային շինությունների կառուցման հետ:

 

- Ըստ Ձեզ` ովքե՞ր են կանգնած Դեդ Հասանի սպանության հետևում՝ վրացի՞, թե՞ ադրբեջանցի «օրենքով գողերը»:

- Սա վրաց-սլավոնական հակամարտության արդյունք էր, պատվերը կարող էր լինել միայն վրացական կողմից:

 

-Իսկ ինչո՞ւ սպանվեց հենց Մոսկվայի կենտրոնում:

- Ամենամեծ հեղինակության վրա կրակել են քաղաքի կենտրոնում միտումնավոր, ցուցադրական, որպեսզի անգամ շարքային քաղաքացին տեղյակ լինի դրանից:

 

- Տեղեկություններ կան, որ Ուսոյանը Աբխազիայից Մոսկվա էր ժամանել քաղաքապետ Լուժկովի խնդրանքով: Շատ են խոսում նաև Հասանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սերտ հարաբերություններից: Որևիցե կապ տեսնո՞ւմ եք այս երկու քաղաքական գործիչների և նրա սպանության մեջ:

-Ո՛չ, այս սպանությունը միմիայն քրեական աշխարհի տարաձայնությունների արդյունքն է և քաղաքականության հետ կապ չունի: Իսկ ընդհանրապես` խելոք պետություններում անպայման կրիմինալ աշխարհն ու իշխանություններն իրար հետ հաշվի են նստում: Բացառված չէ նրանց կապը, սակայն այդ մասին ես տվյալներ չունեմ: Ինձ մոտ եղած տեսանյութերում շատ ավելի կարևոր մարդիկ կան, քան Պուտինը:

 

-Ռուս իրավապահները դեռ 10 օր առաջ տեղեկություն էին տարածել, որ նրա նկատմամբ մահափորձ է ծրագրվում: Այս առնչությամբ ի՞նչ կասեք:

- Վերջին տարիներին նրան անընդհատ փորձում էին վերացնել: Երբ 2010-ին նրա դեմ մահափորձ իրականացվեց, և նա տեղափոխվեց հիվանդանոց, 20 րոպեում քրեական աշխարհի մեծ մասն արդեն հիվանդանոցում էր, և ոչ ոք չգիտեր` ո՞վ է նրա բարեկամը, ո՞վ՝ թշնամին: Խիստ հսկողության շնորհիվ բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը: Սակայն այս անգամ դա նրանց չհաջողվեց: Ընդհանրապես, նրա հանդեպ մեծ թշնամանքը ծայր առավ 5-6 տարի առաջ:  Լուրջ խմորումներ սկսվեցին 2008թ. մայիսի 2-ին Կրասնոդարի երկրամասում գումարված «գողական գագաթաժողովից» հետո: Այդ ժամանակ լուրջ հակադրություններ ի հայտ եկան: Ռուսական կողմը՝ Իվանկովի գլխավորությամբ, Ուսոյանի (Դեդ Հասանի) աջակցությամբ, ուզում էր իշխանություն գրավել, իսկ վրացական կողմը՝ Ջաբա Իոսելիանիի և Տարիել (Տարո) Օնիանիի գլխավորությամբ, ցանկանում էր իր կողմը գրավել իշխանությունը:

 

-Ո՞վ կփոխարինի Դեդ Հասանին:

-Ինչպես մեր ժուռնալիստուհիներն են սիրում ասել, իմ հավաստի տեղեկություններով` այս պահին 4 հավանական թեկնածուների անուններ կան, որոնց անունները վաղ է տալ: Բոլորը մտածում են, որ վրացական կողմից կլինի թեկնածուն, սակայն հաշվի չեն առնում մի կարևոր հանգամանք, որ Վյաչեսլավ Իվանկովը (Յապոնչիկ) սպանված չէ: Ես դա իմ գրքում արդեն ապացուցել եմ: Ի՞նչ իմանաս, որ վաղը նա չի հայտնվի ու փոխարինի:

 

Զրուցեց՝ Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ