կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-17 17:11
Առանց Կատեգորիա

Սերժ Սարգսյանի քննությունը

Սերժ Սարգսյանի քննությունը

Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՔԴՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

 

-Պարո'ն Հարությունյան, երբ երեք մեծ ուժեր` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը, որեւէ ձեւաչափով չեն մասնակցում ընտրություններին, ինչպիսի՞ ընտրություններ կարելի է սպասել:

- Որ կլինի մրցակցություն, ես չեմ կասկածում: Այլ հարց է, որ պարագաների ավելի օբյեկտիվ բերումով Սերժ Սարգսյանը, մնացած մրցակիցների համեմատ, ունի ակնհայտ առավելություն եւ այդ առավելությունները պայմանավորված են բացառապես քաղաքական որակներով: Ես ցավում եմ, որ տարիներ շարունակ բավականին բարձր քաղաքական պաշտոնների հավակնող կառույցները չեն մասնակցում այս մրցապայքարին: Պետք է հասկանալ, թե ինչու չեն մասնակցում:

 

- Դե, ասում են, որ իմաստ չունի մասնակցել մի խաղի, որը կանոններ չունի, որը կանխորոշված է:

- 2008թ.-ին էլ էին ասում` ամեն ինչ կանխորոշված է, բայց մասնակցում էին: «Ամեն ինչ կանխորոշված է» բանաձեւը վաղուց իրեն սպառել է: Դա արդեն խոհանոցի այն կեղտոտ գոգնոցին է նման, որով ստիպված, երբ չգիտես` ձեռքերդ էլ ինչով մաքրես, դրանով ես մաքրում: Այդպես չէ, որ ամեն ինչ կանխորոշված է: Նույնիսկ մրցակիցները չեն հերքում, որ ոչ թե կանխորոշված է, որ Սերժ Սարգսյանը ցանկացած գնով կհասնի հաղթանակին, այլ կանխորոշված է, որ իր հակառակորդների նկատմամբ ունի տեսանելի առավելություններ:

 

-Ըստ Ձեզ` ինչո՞ւ երեք ուժերը չմասնակցեցին ընտրություններին:

-Քչերն են պատրաստ պարտվելուն: Կան անհատներ, ում համար պարտվելը շատ ցավալի կարող է լինել: Իմ վերաբերմունքը ՀՅԴ-ի հարցում վերապահումով է: ՀՅԴ-ի մոտեցումները միշտ եղել են շատ գաղափարախոսական, եւ տվյալ դեպքում, հավանաբար զգալով Սերժ Սարգսյանի առավելությունները, ՀՅԴ-ն չփորձեց իր կոնցեպտը դնել ավելնորդ հանրային քննարկման տակ:

 

-Լավ, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այլ թեկնածուների մասնակցությունը, եթե ինքներդ էլ ասում եք, որ նրանք շատ լավ գիտեն Սերժ Սարգսյանի առավելությունները:

-Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրանց համար անհամեմատ ավելի կարեւոր է քաղաքական կենսագրության ձեւավորման խնդիրը: Որոշ թեկնածուների համար սա գուցե հաջորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների համար հնարավոր քաղաքական մեկնարկ կարելի է դիտել:

 

- Տպավորություն է, որ ամեն ինչ սկսվելու է նախագահական ընտրություններից հետո: Սերժ Սարգսյանն ի՞նչ ճանապարհով կտանի երկիրը, կհամագործակցի՞ այլ քաղաքական ուժերի հետ: Կամ` գուցե ամեն ինչ կթողի այնպես, ինչպես կա...

- Ոչ, մի բան պետք է փաստել, որ նույնը չի մնա: Ասեմ ավելին, ես այն կարծիքին եմ, շատ կուզենայի, որ այս ընտրությունները դառնային հանրության ճնշող մեծամասնության կողմից շատ սպասվելիք մեծ փոփոխությունների ժամանակաշրջանի սկիզբ: Ելնելով ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթի հիմնադրույթներից, ճանաչելով նրան, իր` խոսքերի հանդեպ պատասխանատվությունը, կարծում եմ, որ առաջիկա 4-5 տարիները պետք է դառնան հանրային օրգանիզմի առողջացման տարիներ: Համաձայնեք, որ արտագաղթը պայմանավորված է ոչ այնքան սոցիալական պայմաններով, որքան բարոյական, հոգեբանական պայմաններով: Մարդիկ հանրապետությունը լքում են ոչ այն պատճառով, որ վատ են ապրում, այլ վաղվա օրվա նկատմամբ վառ հույսեր չունեն: Այս մասին խոսել է ՀՀ նախագահը, եւ ես կարծում եմ, որ առաջիկա տարիները կլինեն արդարության վերականգնման շրջան:

 

-Եվ ինչպե՞ս դա կիրականացնի Սերժ Սարգսյանը, քաղաքական այլ ուժերի կներգրավի՞ կառավարման համակարգում:

-Կարծում եմ` այո: Նման բարեփոխումներ կատարելու համար հարկավոր է ունենալ քաղաքական ավելի լայն համաձայնության միջավայր, պետք է ունենալ լուրջ հենարան: Խոսքը նրա մասին չէ, որ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը բավարար չեն այդ ծրագիրն իրականացնելու համար, խոսքը նրա մասին է, որ այս բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու համար արժե ունենալ ավելի լայն, ավելի մեծ, ավելի ընդգրկուն համագործակցության շրջանակ: Այս 4-5 տարիները Սերժ Սարգսյանի համար կլինեն պատմության առջեւ քննություն բռնելու տարիներ: Կարծում եմ` բոլորս ենք սա գիտակցում, եւ առաջին հերթին գիտակցում է հենց ինքը` Սերժ Սարգսյանը:

 

Զրուցեց Ագնեսա Խամոյանը