կարևոր
3202 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-31 11:40
Իրավական

ՄԻԵԴ-ն ավարտել է ՍԴ նախկին դատավորների դիմումների քննությունը․ «Հրապարակ»

ՄԻԵԴ-ն ավարտել է ՍԴ նախկին դատավորների դիմումների քննությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավարտել է Սահմանադրական դատարանի նախկին անդամների դիմումների քննությունը, արդեն սպասվում է ՄԻԵԴ վճռի հրապարակումը։

Հիշեցնենք, որ 2019 թվականին, առանց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Ազգային ժողովը Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացրեց, որի հետեւանքով ՍԴ երեք դատավոր՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանն ու Ֆելիքս Թոխյանը, պաշտոնանկ արվեցին, իսկ Հրայր Թովմասյանը հեռացվեց ՍԴ նախագահի պաշտոնից։ Իրավաբանական հանրությունը դեռ այն ժամանակ էր ասում, որ տեղի է ունենում Սահմանադրության ու մարդու իրավունքների կոպիտ խախտում, եւ ՔՊ իշխող ուժը Սահմանադրություն փոխելու ու ՍԴ անդամներին պաշտոնանկ անելու իրավունք չունի։ ՍԴ-ից ապօրինի կերպով հեռացված դատավորները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու նպատակով։ Մեզ հետ զրույցում Եվրադատարանում ՍԴ նախկին դատավորների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ հույս ունեն՝ ՄԻԵԴ վճիռն այս տարի կհրապարակվի․ «Քննությունն ավարտված է, մենք սպասում ենք վճռի կայացմանն ու հրապարակմանը։ Ժամկետների մասով․ անկեղծ ասած՝ ավելի վաղ էինք սպասում՝ հաշվի առնելով, որ դատական գործն ուներ նաեւ առաջնահերթություն, բայց ժամկետների մասը Եվրոպական դատարանում մի փոքր անկանխատեսելի է դարձել։ Բոլոր դեպքերում, ակնկալիք ունենք, որ գոնե այս տարվա մեջ հրապարակումը կլինի»։

Սահակյանն ասաց, որ ՍԴ նախկին անդամ Արեւիկ Պետրոսյանն այլ գանգատով եւս դիմել է ՄԻԵԴ․ «Առաջին գործով 4 դատավոր է դիմում ներկայացրած եղել՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Հրայր Թովմասյանը, որոնց նկատմամբ անմիջական ազդեցություն է ունեցել սահմանադրական փոփոխությունը։ Բայց նշեմ, որ հետագայում, երբ կիրառվել է այլ դատավորի՝ Արեւիկ Պետրոսյանի նկատմամբ, նա եւս հանդիսանում է դիմումատու, բայց՝ այլ գանգատով։ Այսինքն՝ առաջին գանգատում մենք ունենք 4 դիմումատու, սակայն հետագայում նույն հարցով այլ դատավորի անունից եւս գանգատ ներկայացվել է Եվրոպական դատարան»։

Սահակյանին հարցրինք՝ դիմումի քննության ժամանակ Եվրադատարանն առերեւույթ ինչպիսի՞ խախտումների է անդրադարձել ու հարցեր ուղարկել կողմերին, մասնավորապես՝ ՀՀ կառավարությանը։ «Դատարանը երբ կոմունիկացնում է հարցադրումները, հասկանալի է, թե որ իրավունքների մասով է առերեւույթ խախտման հատկանիշներ տեսնում։ Գործը քննարկվում է արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից, դատական պաշտպանության բացակայություն եւ այլ երաշխիքների խախտումներ, եւ, բնականաբար, այստեղ կիրառելի է 8-րդ հոդվածը՝ միջամտություն դատավորի մասնագիտական գործունեությանը, ինչն անձնական կյանքի անբաժանելի մասն է կազմում։ Հարցադրումներ կան նաեւ խտրականության եւ քաղաքական նպատակներով իրավական մեխանիզմների գործարկման մասով։ Քննության շրջանակը ներառել է այս 4 հիմնական հարցադրումները։ Բնականաբար, տեսել ենք, ծանոթ ենք նաեւ կառավարության դիրքորոշումներին, ուղղակի այս փուլում զերծ կմնամ դրանք մեկնաբանելուց»,- ասաց Սահակյանը։

Հարցրինք նաեւ՝ եթե ՄԻԵԴ-ը հօգուտ ՍԴ նախկին դատավորների վճիռ կայացնի, ապա իրավական ինչպիսի՞ հետեւանքներ են ակնկալում՝ պետք է փոխհատուցո՞ւմ վճարվի դիմումատուներին, թե՞ նրանք պետք է վերականգնվեն իրենց պաշտոններում։

«Կարծում եմ՝ երկուսը․ ՄԻԵԴ-ի վճռի կայացումը նախ առաջ է բերում արդարացի փոխհատուցման, գումարի վճարման պարտականություն, բայց պատասխանող պետությունը պարտավոր է նաեւ ձեռնարկել անհատական ու ընդհանուր միջոցներ, որոնք թելադրված կլինեն վճռով, պայմանավորված կլինեն վճռի պահանջներով։ Քանի դեռ մենք չունենք դատական ակտը եւ արձանագրված խախտումները, չենք կարող դուրս բերել կատարողական միջոցները՝ թե՛ ընդհանուր, թե՛ անհատական։ Դրանք կոնկրետացվում եւ տեղայնացվում են գործի հանգամանքներին, այդ առնչությամբ կան վերահսկողական մեխանիզմներ․ նախարարների կոմիտեն դիտավորյալ չկատարման պարագայում կա նաեւ դատարանի ներգրավման եւ միջամտության հնարավորություն։ Վերջնական դատական ակտերի պարագայում վճիռների կատարման վերահսկողական մեխանիզմը վերջին տարիներին բավականին կատարելագործվել է։ Երբ համապատասխան փուլը հասունանա, եւ մենք ունենանք վճիռ, կկարողանանք խոսել նաեւ կատարողական միջոցների մասին»,- ասաց Սահակյանը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում