կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-14 15:25
Առանց Կատեգորիա

Վրաստանում ազատ են արձակվել 2 հայ քաղբանտարկյալներ

Վրաստանում ազատ են արձակվել 2 հայ քաղբանտարկյալներ

Վիրահայոց թևի մամլո դիվանի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ազատ են արձակվել  հայազգի քաղբանտարկյալներ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը:


2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն` հունվարի 13-ին 190 հոգու հետ միասին կալանավայրից ազատվել են նաև մեր հայրենակիցները:


Հարազատների և ընկերների ուղեկցությամբ, ովքեր վաղ առավոտից գտնվել են Թբիլիսիի Գլդանի համար 8 կալանավայրի բակում, նախկին կալանավորներն ուղևորվել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ հոգևոր դասի և պաշտոնեության հետ միասին:

 

Սրբազանը եկեղեցում աղոթել և օրհնել է Արմեն Գևորգյանին և Ռուբեն Շեկոյանին: Թեմակալ առաջնորդն իր խոսքում բարձր է գնահատել նոր իշխանությունների արդար և մարդասիրական դրսևորումները:

 

Արմեն Գևորգյանը երկար տարիներ եղել է Աջարիայի հայ համայնքի ղեկավարը և 90-ական թվականներին կազմակերպել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու վերանորոգման աշխատանքները, որոնք ավարտին են հասել 1996 թվականին:

 

Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շեկոյանը մեծ հարգանք են վայելում Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում ոչ միայն հայերի, այլև Աջարիայում բնակվող ողջ ազգաբնակչության կողմից:

 

Մոտ ժամանակներս սպասվում է նաև հայազգի գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի ազատումը: