կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-11 11:35
Հասարակություն

Հայ գրականության ոչնչացումը` ԿԳՆ քաղաքականության նպատա՞կ

Հայ գրականության ոչնչացումը` ԿԳՆ քաղաքականության նպատա՞կ

Բաց նամակ` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին 

 

Հարգելի' պրն Աշոտյան, այսօր ձեռքս ընկավ հայոց լեզվի և գրականության 2013թ. պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանը: Թույլ տվեք վրդովմունքս հայտնել շտեմարանը կազմող ողջ անձնակազմին, ինչպես նաև ցավակցել դիմորդներին, ովքեր ստիպված պիտի լինեն պատասխանել շտեմարանում տեղ գտած անհեթեթ հարցերին, որոնցից երկուսն ուզում են ներկայանցնել Ձեր ուշադրությանը:

 

Գլուխ 8-րդ 28. Նշի'ր ստեղծագործությունների հաջորդականությունը` ըստ լույսընծայման տարեթվերի հերթականության. 1 Միսաք Մեծարենց, «Ծիածան», 2 Ավետիք Իսահակյան, «Երգեր ու վերքեր», 3 Լևոն Շանթ, «Հին աստվածներ», 4 Դանիել Վարուժան, «Հացին երգը», 5 Խաչատուր Աբովյան, «Վերք Հայստանի», 6 Հովհաննես Շիրազ, «Գարնանամուտ»:

 

29. Նշի'ր ստեղծագործությունների հերթականությունը` ըստ տողերի քանակի (աճման կարգով). 1 Վահան Տերյան, «Տխրություն», 2 Ավետիք Իսահակյան, «Ռավեննայում», 3 Հովհաննես Թումանյան, «Կյանքս արի հրապարակ.., 4 Եղիշե Չարենց, «Տաղ անձնական», Հովհաննես Շիրազ, «Բիբլիական», Միսաք Մեծարենց, «Աքասիաներու շուքին տակ»:

 

Ցավոք, նմանատիպ հարցերը մեծամասնություն են կազմում: Որևէ բանաստեղծություն կարդալիս կամ նույնիսկ անգիր սովորելիս մտքովս անգամ չի անցել հաշվել տողերի քանակը: Ստեղծագործության արժեքը երբեք ու երբեք չի որոշվում ո'չ նրա լույսընծայման ստույգ տարեթվով, ոչ էլ, առավել ևս, տողերի քանակով: Թե ի՞նչն է ուզում ստուգել այս և նմանատիպ հարցերի միջոցով ԳԹԿ-ն, ինձ համար անհասկանալի է: Համոզված եմ միայն, որ նպատակը աշակերտի հայ գրականության իմացությունը ստուգելը չէ: Եթե ես ստիպված լինեի սովորել ա'յն գարականությունը, որի իմացույթունը ստուգում է այս շտեմարանը, ես, մեղմ ասած, չէի սիրի գրականություն:

 

Շտեմարանում այն դարձել է ծննդյան ու մահվան տարեթվերի, կենսագրական մանր-մունր տվյալների, ստեղծագործությունների լույսընծայման տարեթվերի, տեղանունների ու անձնաունների, տողերի ու ստեղծագործությունների քանակի ու հերթականության անիմաստ խառնակույտ, որտեղ տեղ չի գտնում ո'չ ԳՐՈՂԸ, ո'չ էլ նրա ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ: Վեպը պետք է կարդալ, վերլուծել, հասկանալ, ոչ թե անգիր անել հերոսների անունները և ազգակցական կապերը, բանաստեղծությունը պետք է զգալ, ապրել, ոչ թե հաշվել տողերն ու փորձել մտապահել, թե որ ժողովածուում քանի բանաստեղծություն կա, դրանցից 4-րդն է ավելի շուտ գրվել, թե 15-րդը: Իսկ այսօր բազմաթիվ դիմորդներ զբաղված են հենց դրանով. մեխանիկորեն մտապահում են թվերի ու անունների անիմաստ շարքը: Եվ գրականություն չեն սովորում:

 

Համոզված եմ` հայ գրականության ստուգման, այդ ստուգումից ծագող ուսուցման այս ձևը ՍՊԱՆՈՒՄ է հայ գրականությունը: Մեջբերում եմ շտեմարանի նախաբանից. «Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ), իրականցնելով ՀՀ Կառավարության և ԿԳՆ-ի կրթական քաղաքականությունը, ներկայացնում է հայոց լեզվի և հայ գրականության 2013թ. պետական ավարտական և միասնական քննությունների թեստային առաջադրանքների շտեմարանը»:

 

Մի՞թե ՀՀ կառավարության և Կրթության և գիտության նախարարության քաղաքականության նպատակներից է հայ գրականության ոչնչացումը: Հուսով եմ, որ ոչ:

 

Հարգանքներով` ԳՊՄԻ-ի Հայոց լեզվի և գրականություն բաժնի ուսանողուհի Ա. Խաչատրյան