կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-09 18:30
Հասարակություն

Ի՞նչ են կառուցում Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակների տեղում

Ի՞նչ են կառուցում Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակների տեղում

«Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության անդամները հանդես են եկել հայտարարությամբ` Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակների տարածքի վերբերյալ:

 

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.

 

«Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակների տարածքը վերջնականապես խլում են հանրությունից։ Դեռևս անցյալ տարվա մայիսին «Մեր քաղաքը» և «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով «անհապաղ ապամոնտաժել Աբովյան փողոցի հիշյալ տարածքում առկա վերջին կրպակը և վերջին օրերի ընթացքում սալապատված մակերեսը, որպեսզի տարածքը կանաչապատվեր և վերադարձվեր հանրությանը՝ որպես բաց, հանրային, ոչ առևտրային հանգստի գոտի։

 

Վերոհիշյալ պահանջին ի պատասխան՝ քաղաքապետարանը՝ ի դեմս տեղեկատվության և հասարակայնության հետ վարչության պետ Արթուր Գևորգյանի, հայտարարեց, թե «Աբովյան փողոցի կրպակներից ազատված տարածքում սրճարանի կամ որևէ այլ «օբյեկտի» կառուցում չի նախատեսվում»:

 

Այնուամենայնիվ, ընդամենը շաբաթներ անց տարածքում սկսեց գործել հերթական բացօթյա սրճարանը, իսկ 2012-ի հունիսին շարունակվեցին ապօրինի կառուցապատման աշխատանքներ։ Մենք կրկին դատապարտեցինք քաղաքապետարանի տարածած սուտ տեղեկատվությունը, ինչին ի պատասխան քաղաքապետարանը հանդես եկավ հերթական ստահոդ հայտարարությամբ՝ պնդելով, թե տեղում հասարակական զուգարան է կառուցվելու:

 

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին տարածքում կրկին ակտիվ շինարարություն էր։ Երկու հաստաբուն ծառերի բնականոն աճը խոչընդոտող քարե կառույցը այդպես էլ չապամոնտաժվոց, փոխարենը կառույցի վրա ավելացվել են երկաթյա բազրիքներ՝ հերթական սրճարանի (կամ ինչ-որ նոր տեսակի հանրային զուգարանի համար։

 

Ակնհայտ է, որ քաղաքային իշխանությունները այս պարագայում ևս հավատարիմ են մնում հարության աչքերին թոզ փչելու և ստահոդ լուրեր տարածելու իրենց քաղաքականությանը, ինչին մենք ծանոթ ենք դեռևս Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարի օրերից։

 

Եթե նշված հատվածում մայթը սեփականաշնորհված է, ապա քաղաքային իշխանությունները պարտավոր են հանրայնացնել այդ տեղեկատվությունը և անօրինականության առկայության պարագայում բարձրացնել զեղծարարության ու դրան հաջորդած կեղծիքների հեղինակներին պատասխանատվության կանչելու հարցը։

 

Մինչ այդ, նման «հաղթական» ստերով առաջ շարժվող իշխանություններին տեղեկացնում ենք, որ ստելն էլ «սիրուն չի» և ստի վրա հիմնված ցանկացած կառույց պետք է ապամոնտաժվի։ Սույն պահանջը լիովին համահունչ ենք համարում այն բոլոր հայտարարությունների հետ, որոնք հնչեցվելու են գալիք նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ամբիոններից»,-նշված է հայտարարության մեջ:

 

«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն