Երևանի տարածքում գտնվող 75 կրպակների սեփականատերեր 2011թվականի մարտի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ը դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: 56 անհատական և 1 կոլետիվ բողոք են ներկայացրել բնակիչները: Անհատական դիմումների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 7 կրպակատերեր ունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող հստակ և դեռևս չսպառված ժամկետով փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումն ապօրինի է:
15 կրպակատերեր ունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող անորոշ ժամկետով փաստաթղթեր: Այս դեպքում կրպակների ապամոնտաժումը կարող է լինել օրինական միայն երեք ամիս առաջ սահմանված կարգով կրպակների սեփականատերերին ծանուցելու դեպքում: Միայն 25 կրպակատերեր չունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող իրավաչափ փաստաթղթեր: Դրանց ապամոնտաժումն օրինական է: Իսկ 9 դիմումներ դեռ ուսումնասիրության փուլում են:
Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ պաշտպանի գործունեության արդյունքում կասեցվել է 56 կրպակներից 22-ի ապամոնտաժումը: Կարեն Անդրեասյանն առաջարկում է ՀՀ կառավարությանը հնարավոր միջոցներ ձեռնարկել անապահով կրպակատերերի ընտանիքների կենսապահովման խնդիրների լուծման համար: