կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-28 14:34
Սպորտ

Անտեղի աղմուկ` ոչնչից

Անտեղի աղմուկ` ոչնչից

Ավանդույթ է` յուրաքանչյուր  տարվա ավարտին մարզական լրագողների ֆեդերացիան ընտրում է հանրապետության 10 լավագույն մարզիկներին: Ինչպես ցանկացած կարգի ընտրություն, սա նույնպես ունի իր հստակ ձևաչափը, և այս տարի այդ ձևաչափն, իրոք, գործեց, ի տարբերություն նախորդ տարիների:

 

Դեկտեմբեր ամսվա վերջին ամենաքննարկվող թեման է, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը կամ այլ ֆուտբոլիստներ չեն ընդգրկվել լավագույն մարզիկների տասնյակում: Կանոնակարգն այսպիսին  է` օլիմպիական մեդալակիրներ, աշխարհի և Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ: Այս ձևաչափերից որևէ մեկին ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անդամները չեն համապատասխանում:

 

Հենոն Հենո է, և բոլորիս հպարտությունն է այն փաստը, որ հայկական ֆուտբոլի հեղինակությունն աշխարհում բարձրացավ նրա ջանքերի և ամբողջ հավաքականի աշխատանքի շնորհիվ: Սակայն սա թիմային խաղ է, և հավաքականը պետք է առաջադրված լինի լավագույն թիմ անվանակարգում, որում այս տարի հաղթեց Շախմատի ոսկե հավաքականը: Մյուս կողմից` հանրության զայրույթն արդարացվում է այնքանով, որ ֆեդերացիան սխալվել է` առաջադրելով այն մարդկանց, ովքեր ձևաչափին չեն համապատասխանում, և որքանով մեզ է հայտնի, ոչ մի  լրատվամիջոց տասնյակը հրապարակելիս չի տեղեկացրել ընթերցողին, թե ինչ չափանիշներով է կատարվում ընտրությունը:

 

Ինչո՞ւ են մարդիկ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակրին համարում պակաս կարևոր կամ հայրենիքի համար պակաս գործ կատարած մեկը. հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հանդես է գալիս գերմանական «Ալեն» ակումբում, որը եթե ոչ ավելի, ապա պակաս հեղինակավոր չէ Հենրիխ Մխիթարյանի «Շախտյորից», եթե նա գնար և տապալվեր բոլոր առաջնություններում, սակայն ակումբի համար հաղթանակներ բերեր` Հայաստանում պետք է ճանաչվեր լավագո՞ւյնը կամ մտներ լավագույն տասնյա՞կ: Խնդիրը Մխիթարյանը չէ, պարզապես նա ձևաչափին չի համապատասխանում:

 

Լևոն Արոնյանը, ում դիրքերից ևս դժգոհողներ կան, այս տարի իր ուժերի առավելագույն սահմանում հանդես չեկավ, իսկ համաշխարհային օլիմպիադայում հավաքականը տարավ թիմային հաղթանակ, ինչի համար էլ ճանաչվեց լավագույն թիմ: Արոնյանն անգամ զիջել է դիրքերը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

 

Եթե դատել անձնական նախընտրություններով կամ երկրպագուի աչքերով, ապա լավագույնն ամեն տարի կդառնա ամենալուսաբանվածը, որովհետև ժողովուրդը ճանաչում և ըստ այդմ էլ գնահատում է մարզիկներին: Եթե այսօր լրատվամիջոցներն աչքաթող են անում մյուս մարզիկներին, սակայն լուսաբանում Հենրիխ Մխիթարյանին անպիսի ակտիվությամբ, ինչպիսին  հնարավոր է միայն պատկերացնել, ապա դա խոսում է ոչ օբյեկտիվ ժուռնալիստիկայի մասին: Իսկ եթե անգամ լուսաբանման հարցում չեք կարողանում ճիշտ բաշխել ուժերը, ի՞նչ սուբյեկտիվ օբյեկտիվություն եք պահանջում:

 

Հարգելի' գործընկերներ, ամեն տարի այս օրերին  անտեղի աղմուկ բարձրացնելու փոխարեն, կարծում եմ, ճիշտ կլիներ ընդամենը դիմել մարզական լրագրողների ֆեդերացիայի կանոնակարգը փոխելու պահանջով: Եթե ձեր հարցումը հիմնավորվի և ընդունվի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կամ սպորտի նախարարությունն այլեւս մեղավոր չեն լինի ձեր չբավարարված ցանկությունների համար:

 

Անի ՄԵՋԼՈՒՄՅԱՆ