Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2012-ին «ընթերցասեր» Երեւանս, չգիտես թե որ շնորհի համար, ստացավ Գրքի միջազգային մայրաքաղաքի կոչում: Տարվա ընթացքում միջոցառումների հրավառություն էր, որոնց ժամանակ շեշտը դրված էր բաժակաճառեր հիշեցնող խոսքերի եւ լավագույն դեպքում` ֆուրշետների վրա: Yerkir.am-ը զրուցել է ժամանակակից գրողների հետ` պարզելու, թե ի՞նչ է տվել Երեւանի պատվավոր կոչումը նրանց:
Նառա Վարդանյան
2012-ը գրքի մայրաքաղաք էր, ինչի շրջանակներում գեղեցիկ ու ճոխ միջոցառումներ եղան, գրքին նվիրված հուշարձաններ տեղադրվեցին Երեւանի կենտրոններում։ Մեծ հրավառություններ եղան, եղան գրքերի տոնավաճառներ, ցուցահանդեսներ, որոնք նույն` առաջին օրվա հրավառության արժեքն ունեցան: Փակվեցին գրախանութներ, եղան գրողին, գրականությանը «փչացնող» հրաշալի ծրագրեր: Մենք էլ բողոքավոր եղանք: Ու հոգնեցինք մեր բողոքներից: Եղան նաև գրողներ, որոնք հաճույքով գրքեր տպագրեցին, գրքերի բազում շնորհանդեսներ եղան: Լավ էր: Գրքառատ, գրքատյաց տարի էր:
Հասմիկ Սիմոնյան
Երևանը օրեցօր դառնում է բուտաֆորիաներով բտված քաղաք: Դեկորատիվ են նաև տոները, այդ թվում` և գրքի մայրաքաղաքի հռչակումը: Այս տարի գրքի քաղաքում ես մի քանի անգամ որոշեցի թարգել գրականությամբ զբաղվելը, բացեցի գրական գործակալություն, բայց քանի որ պետք էր գոյությունս քարշ տալ գրողի համար անձուկ կյանքում, ընդունվեցի աշխատանքի, որի ընթացքում չեմ հասցնում ո'չ գիրք կարդալ, ո'չ գրել: Նրանք, ովքեր գրում են, հերոս են: Ես վաղամեռիկ հերոս եմ: Այսօր դեկտեմբերի 20-ն է, ես վերջնականապես զզված եմ կյանքից, կարոտում եմ գրքերն ու գրականությունը: Մտածում էի գիրք տպել, մրցանակ շահել, քիչ առաջ նայեցի, ուշացրել եմ բոլոր հնարավոր մրցանակաբաշխություններին մասնակցելու վերջնաժամկետները: Ես կարիք ունեմ աշխարհի վերջի, գոնե իմ աշխարհի վերջին, գրողը տանի:
Մարինե Պետրոսյան
Գրքի հետ կապված էսօր Հայաստանում (եւ ոչ միայն Հայաստանում) շատ լուրջ խնդիրներ կան: Բայց «Երեւանը գրքի մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում ոչ մի անդրադարձ չեղավ էդ խնդիրներին, ոչ մի փորձ` նպաստելու դրանց լուծմանը: Երեւի ծրագրի կազմակերպիչները մտածում էին, թե դա տոն էր, եւ ուրեմն տոնի ժամանակ չարժի՞ ուղեղը ծանրաբեռնել բարդ հարցերով: Բայց ասեմ` եթե տոն էր, եթե ամեն ինչ միայն տոնական ու դրական պետք ա լիներ, էլի կարելի էր այնպես անել, որ էդ տոնի կենտրոնում էսօրը լիներ` էսօրվա գրականությունն ու էդ գրականությունը ստեղծողները: Այնինչ ծրագիրը ակնհայտ թեքում ուներ դեպի անցյալ: Տխուր ա էս ամեն ինչը, ու ես կարծում եմ էս տխուր վիճակի մեջ մեր մեղքի բաժինն ունենք նաեւ մենք` էսօրվա գրողներս, որ չենք կարողանում պաշտպանել մեր իրավունքները եւ թույլ ենք տալիս, որ գրականության անունով միջազգային աղբյուրներից ստացված փողերը ծախսվեն հազար ու մի բանի վրա, մենակ ոչ բուն գրականության:
Հովհաննես Իշխանյան
Գրքի համաշխարհային մայրաքաղաքը ավելի շատ կարգավիճակի բնույթ էր կրում, այսինքն` կարելի էր Երևանն անվանել ցանկացած ինչ-որ բանի մայրաքաղաք, ու մի տարի էդ անունով յոլա գնալ: Մենք հիշում էինք, որ Երևանը գրքի մայրաքաղաք ա, երբ քաղաքի պատերին ու ավտոբուսներին գրողների գրաֆիտիներ ու պաստառներ էինք տեսնում: Սա նման է, որ փոքր կրպակի վրա գրես` սուպերմարկետ ու հավատաս, որ մեծ խանութ ունես, որովհետև 2012թ. ցույց տվեց, որ Հայաստանում գրքի նկատմամբ վերաբերմունքը չի համապատասխանում երկրում որևէ քաղաք գրքի մայրաքաղաք կոչելուն, առնվազն կարելի էր կոչել «ճիշտ» գրքի մայրաքաղաք, որովհետև գիրքը շատ բազմազան երևույթ ա, իսկ այս պահին գիրք ծախելու համար մի գրավաճառ ազատազրկված ա, գրախանութներում շարունակում են որոշել, թե որ տպագրությունները իրավունք ունեն գիրք կոչվելու, իսկ որոնք չունեն: Հանրային հեռուստատեսությամբ, չգիտես ինչու, գրքի մասին կարծիք հայտնելու են հրավիրում Գոռ Թամազյանին, որի մտքերը ոչնչացնում են բոլոր տեսակի գրքերը` Խորենացուց սկսած, գիտական գրքերով վերջացրած: Հետաքրքիր ա, ոչ մի հայտնի գրող չեկավ Հայաստան: Համոզված չեմ, որ չեն փորձել հրավիրել, բայց եթե փորձել են, ավելի հետաքրքիր ա, թե ինչու չեն էկել, ու դրա փոխարեն մխիթարվել են Բորխեսի այրու այցով: Սա գրքի մայրաքաղաքի շրջանակներում, իսկ առանձին խմբերն իրենց ակտիվ գործունեությունը ոնց անում էին, նենց էլ շարունակում են անել` առանց որևէ գրքային պիտակ իրենց վրա վերցնելու: Թեկուզ «Արթ Բրիջի» ամենամյա տոնավաճառն ավելին արժի, քան մի տարվա գրքի մայրաքաղաք կոչվելը:
Արամ Պաչյան
Ողջ տարվա ընթացքում մամուլում պարբերաբար անդրադարձել եմ, և այն մարդիկ, ովքեր կարդացել են, գիտեն խնդրի շուրջ իմ տեսակետը: Երևի ես չափից դուրս լուրջ էի ընկալել այս միջոցառումը, մտածում էի իսկական պահն է կոնստրուկտիվ գործառույթներ սկսելու: Բայց հետո հասկացա, որ սխալվել եմ: Չեմ պատրաստվում շարունակել: Ժամանակի և ռեսուրսների անիմաստ վատնում: Ինչ փոխվեց քաղաքի ու մարդկանց կյանքում: Քաղաքի կյանքում` ոչինչ: Իսկ մարդկանց` անկեղծորեն չգիտեմ: Գուցե մարդիկ կան, որոնց կեցությունը լուրջ շրջադարձ է ապրել, որևէ բան ասել չեմ կարող, համենայն դեպս, վիճակագրության չեմ տիրապետում:
Աշոտ Գաբրիելյան
Որպես գրող` նախապես էլ մեծ ակնկալիքներ չունեի, քանզի առաջին մտահոգությունս հասարակության պատրաստվածության աստիճանն էր նման միջոցառմանը, ինչը, ինձ թվում է անբավարար: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե արդյոք մեկտարյա միջոցառումների ամբողջությունը, ինչպիսին էլ լինեին դրանք, հասարակությանը կարող է բերել այն մակարդակին, որը այսպիսի ակնառու անհամաձայնություն չէր ստեղծի նշվող միջոցառման ձևի ու բովանդակության համատեքստում, ապա մեծ սպասելիքներ ունենալն արդեն իսկ ծիծաղելի է: Միջոցառումները, այնուամենայնիվ, առիթ դարձան նկատելու ու բարձրացնելու որոշ խոցելի հարցեր, որոնք հետևողական լուծման են սպասում: Պետք է հետամտենք դրան:
Գեւորգ Թումանյան
Ես ամենևին էլ Գրքի մայրաքաղաքում չեմ ապրում, այլ Գյումրիում: Ինձ` որպես գրողի, որքան հիշում եմ, ոչինչ էլ չի տվել, հաստատ, ոչինչ:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ