Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարիներ առաջ, երբ /այն տարիներին ակտիվ/ հասարակական գործիչ Սուրեն Խառատյանի տունը հրդեհ է ընկնում, այրվում է ողջ տունը. Խառատյանին տնից մնում են միայն մի քանի նկարներ, որոնց, կարծես, կրակի բոցերը չէին հասել. հրաշքով փրկված նկարների հեղինակը Գյումրիում ծնված, բայց արմատներով նախիջեւանցի Կարեն Սմբատյանն էր: Նկարչի տղան` Դավիթ Սմբատյանը, ասում է, որ հոր մահից հետո իրենք որոշել են անել այն, ինչ նկարիչը չհասցրեց իրականացնել կենդանության օրոք: Նկարչի 80-րդ տարեդարձի առիթով անցած տարի ցուցահանդես բացվեց` հետադարձ` Սմբատյանի առաջին աշխատանքից մինչեւ վերջին նկարը: Նաեւ լույս տեսավ «Պատառիկներ օրագրից» գրքի 2-րդ մասը:
Yerkir.am-ը զրուցել է նկարչի որդու` Դավիթ Սմբատյանի հետ:
-Ի՞նչն էր խանգարում նկարչի կենդանության օրոք այս ամենն անելուն:
-Մենք իր կենդանության օրոք էլ ցուցահանդեսներ, գրքեր, ալբոմներ ենք տպագրել: Մեր օրերում, քանի դեռ արվեստագետը կա, գիծ քաշել եւ նորովի նայել արվեստագետի կյանքին, կարծես, չի ստացվում: Հիմա բոլորը համախմբվել են, որպեսզի նրա համար ինչ-որ լավ բան անեն, քանի որ նա այլեւս չկա: Օրինակ` «Պատառիկներ օրագրից» գիրքը լույս տեսնելու համար մեր աջակցեցին Անահիտ Հարությունյանն ու Սերգո Երիցյանը: Գրքում ներկայացվում են հորս հետ կապված այն պատմությունները, որոնք բացակայում էին առաջին գրքից: Գրքում ներկայացված է հայրս` ոչ թե որպես արվեստագետ, այլ մարդ. հուշագրության մեջ սա բացառիկ գիրք է, որը ընթերցվում է մեկ շնչով:
-Ձեր ընտանիքում նկարչությամբ միայն Ձեր հայրը զբաղվեց, արդյոք չկա՞ր այդ ձիրքը մյուսների մեջ:
-Ընդհանրապես, հայրս դեմ էր նկարիչների դինաստիային. տեսեք, 40-ից ավելի Բախ կա, բայց բոլորս ճանաչում ենք Յոհան Սեբաստիան Բախին: Փոքր հասակում մենք սկսեցինք նկարել, ես անգամ էսքիզներ էի անում, բայց դա ինձ մոտ զբաղմունքի պես բան էր. մի տան մեջ, ուր անընդհատ նկարում են, դուք էլ կսկսեիք նկարել: Հետո հայրս ասաց, թե նկարչությունը տաժանակիր եւ դժվար աշխատանք է, որը ոչ միշտ է առհասարակ գնահատվում: Արդյունքում ես ընտրեցի դերասանի մասնագիտությունը, բայց, ցավոք, գործերի բերումով տեղափոխվեցի Գերմանիա: Բայց մինչ այդ այստեղ հասցրի հիմնադրել «Մետրո» թատրոնը: Եղբայրս էլ արվեստի հետ կապ չունի. ժամանակին նա բռնցքամարտիկ էր` Սովետական Միության չեմպիոն, սակայն նա էլ բռնցքամարտը թողեց:
-Ձեր հոր լավատեսությունից փոխանցվե՞լ է Ձեզ:
-Աններելի, անուղղելի, խայտառակ լավատես էր հայրս: Նույնիսկ մահից 5 րոպե առաջ ես զանգեցի նրան եւ հարցրի, թե ինչպես է, իսկ նա պատասխանեց` լավ եմ, փառք Աստծո: Եթե հանկարծ մեր արագիլն ավելի բարձր թռչեր ինչ-որ երկրի վրայով, քան թուրքականը, դա տոն էր իր համար: Նա մեր մի փոքրիկ հաջողությունը մեծացնում ու ճոխացնում էր: Պատկերացրեք` մի անգամ եղբայրս մրցումների ժամանակ հաղթել էր ադրբեջանցի մի մարզիկի` նոկաուտով, գիտե՞ք` քանի օր ենք տոնել դա: Իհարկե, մեզ էլ է փոխանցվել այդ լավատեսությունից, բայց ոչ` հորս նման: Նա կապ ուներ ինչ-որ վերերկրային, հոգեւոր ուժերի հետ, նրա կապն Աստծո հետ շատ ավելի հաստատ էր, ինչպես բացատրեմ` Աստված դիպել էր նրան:
-Կարեն Սմբատյանի նկարներ, բացի Ազգային պատկերասրահից, կա՞ն որեւէ այլ պատկերասրահներում:
-Իհարկե: Նրա նկարներից կան Ժամանակակից արվեստի թանգարանում, մշակույթի նախարարության ցուցասրահում, իսկ նրա «Օդային ամրոց» նկարը Նյու Ջերսիի Զիմերլիի անվան թանգարանում է կախված:
-Իսկ Ձեզ ժառանգություն հասած նկարների ճակատագիրն ի՞նչ է լինելու:
-Դե, որոշ մասը կվաճառենք: Փառք Աստծո, մենք մի ամբողջ հավաքածու ունենք` 700 յուղաներկ աշխատանք: Նկարներ կան, որ մասնավոր սեկտորին վաճառելը մի տեսակ ափսոս կլինի, օրինակ` հայրս ֆիդայինների, Նժդեհների շարք ունի, որոնք, կարծում եմ, պետք է պետական ինչ-որ հաստատություններում մշտապես կախված լինեն: Ի դեպ, Սերգո Երիցյանի հետ ծրագրում ենք առաջիկայում ցուցահանդես բացել Աստանայում, Պետերբուրգում եւ Մոսկվայում:
-Ձեր հորը նաեւ դրսում էին առաջարկում լավ պայմաններով աշխատանք, ի՞նչն էր նրան պահում այստեղ:
-Ամերիկա տեղափոխվելու առաջարկի ժամանակ հորս ասել էին, թե նկարներ կլինեն, որ իրենք կասեն, թե ոնց նկարի, եւ հայրս անմիջապես մերժել էր առաջարկը: Իսկ Գերմանիա գնալու առաջարկին /այդ ժամանակ ես էի թարգմանում խոսակցությունը/ասաց, թե` ճիշտ է, ես շատ մեծ ակնածանք ունեմ գերմանացիների հանդեպ, բայց ես կկարոտեմ մեր արեւը եւ մեր փոշոտ փողոցները: Այսինքն` դա ֆիզիոլոգիական կապ էր հողի հետ. 3 ամիս մնաց մոտս` Գերմանիայում, տխրում էր, կարոտում:
-Նկարիչներն ասում են, որ Սմբատյանի նկարների մեջ կարմիր թելի նման գնում է ազգային նկարագիրը, իսկ Դուք ի՞նչ եք հայտնաբերել Ձեզ համար:
-Հա, ճիշտ է, կա ազգայինը, բայց նրա նկարները նաեւ չեզոք են: Այսինքն` նկարին նայելով` օրինակ, գերմանացին կարող է իրեն տեսնել նկարում, բայց եւ հասկանալ, որ դա հայի աշխարհն է, հայի ստեղծած նկարը: Այսինքն` հորս հաջողվել է, ազգայինը ներկայացնելով հանդերձ, համամարդկային նկար ստեղծել: Վերջին տարիների ես ամեն նկարի մեջ նկարի պատմությունն եմ տեսնում: Ես կարող եմ կանգնել նկարի դիմաց եւ ասել, թե սրանով ինչ է ասում նկարիչը:
-Իսկ որպես հայր` ի՞նչ կպատմեք նրա մասին, ի՞նչ գուցե շատերը չգիտեն:
-Նա չէր զբաղվում մեր դաստիարակությամբ, այլ իր օրինակով էր ինչ-որ բան ցույց տալիս: Կարելիներ եւ չի կարելիներ երբեք չի սովորեցրել մեզ. ես 40 տարեկան էի, բայց դեռ մի տեսակ ամաչում էի նրա մոտ ծխել: Նա մեզ չի հարվածել, նրա մի հայացքը մեզ համար արդեն բավարար էր: Մենք ակնածանք ունեինք նրա հանդեպ: Հայրս շատ լուսավոր կերպար էր:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ