Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահի նստավայրում Հանրապետության ղեկավարի անունից այսօր ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Ընդունելությանը Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ և մաղթել հաջողություններ:
Սերժ Սարգսյանը խոսել է 2012թ. արդյունքների, տնտեսության հիմնական ճյուղերում սպասվող աճի մասին, անդրադարձել է պետական բյուջեի կատարողականին՝ ընդգծելով, որ տարին ամփոփվելու է բյուջեի՝ լիովին կատարված ցուցանիշներով, ինչի անհնարինության մասին ողջ տարվա ընթացքում ի լուր աշխարհի հայտարարում էին հոռետեսները:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել գործարարներին ոչ միայն ընթացիկ աշխատանքի, նախաձեռնությունների և դրանց արդյունքների, այլ նաև տարվա ընթացքում համագործակցության, տարբեր իրավիճակներում՝ պետության և մեր ժողովրդի առջև ծառացած նոր մարտահրավերներին հավուր պատշաճի արձագանքելու համար: Նախագահը գոհունակությամբ է նշել, որ այս տարի չափազանց առատ բերք է եղել, և վերամշակող ընկերությունները, ականջալուր լինելով իշխանությունների հորդորներին, արել են ամեն ինչ, որպեսզի գյուղացու աշխատանքը ջուրը չթափվի, մթերել են ռեկորդային քանակությամբ միրգ ու բանջարեղեն` միաժամանակ մեծ ջանքեր գործադրելով իրացման նոր շուկաներ ու նոր պայմանագրեր ձեռք բերելու համար:
«Բիզնեսի համար հարմարավետ միջավայր ստեղծելու ջանքերը լինելու են շարունակական ու հետևողական: Մեր նպատակն է, որ տեղական և օտարերկրյա գործարարի ու ներդրողի համար Հայաստանը վերաճի գործարարությամբ զբաղվելու տեսանկյունից ապահով, կայուն և օրենքի գերակայությամբ բնորոշվող միջավայրի: Արդյունքը պետք է լինի առարկայական, տեսանելի ու շոշափելի` երկիրը գործարար միջավայրի դյուրինությամբ ընդգրկելով աշխարհի առաջատար երկրների շարքում: Հետևողականորեն շարունակելու ենք զարգացնել և արդիականացնել հարկային ու մաքսային համակարգերը, էական է դառնալու արդար դատական համակարգի դերը:
Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր նոր տարին լինի նախորդից ավելի արդյունավետ, լինի առանց սոցիալական ու քաղաքական ցնցումների և ավելացնի բարիքները մեր երկրի ու ժողովրդի համար: Ապագայում ևս շարունակվելու են կառավարություն-բիզնես երկխոսությունն ու համագործակցությունը: Այստեղ մենք արդեն ունենք դրական փորձ և զգալի արդյունքներ: Այդ արդյունքները պետք է ամրապնդվեն, իսկ համագործակցությունը պետք է խորանա և նոր լիցք ստանա:
Հարգելի՛ գործարարներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ Ամանորի առթիվ և մաղթում անձնական հաջողություններ, հաջողություններ՝ ձեր աշխատանքում, քանի որ ձեր աշխատանքից է կախված տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների բարեկեցությունը: Ձեր հաջողություններով է պայմանավորված, անշուշտ, մեր երկրի հետագա զարգացումը:
Շնորհավոր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդ»,-գործարարներին ուղղված շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: