կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-28 20:48
Քաղաքական

Ընդունելություն` նախագահականում

Ընդունելություն` նախագահականում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների երկաթուղային վարչությունների ղեկավարներին, ովքեր Երևան են ժամանել ԱՊՀ անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստին մասնակցելու նպատակով:

 

Նախագահը ողջունել է արդեն երրորդ անգամ խորհրդի նիստի անցկացումը Երևանում` նշելով, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԱՊՀ ինտեգրացիոն գործընթացներում և կողմ է Համագործակցության անդամ երկրների միջև հարաբերությունների հետագա խորացմանը:

 

Ընդգծելով, որ ԱՊՀ-ի տնտեսական բաղադրիչում տրանսպորտային ենթակառուցվածքը և, մասնավորապես, երկաթուղային հաղորդակցությունը կարևոր տեղ են զբաղեցնում, նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում երկաթուղային տրանսպորտի զարգացման ոլորտում որոշակի առաջընթաց կա, սակայն միջտարածաշրջանային երկաթուղային հաղորդակցության զարգացման համատեքստում մեր երկիրը դեռևս հայտնի խնդիրներ ունի:

 

ԱՊՀ անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի և «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանում խորհրդին հերթական անգամ հյուրընկալելու, ինչպես նաև երկաթուղու խնդիրների նկատմամբ մշտական ուշադրության ու հոգածության համար: Նա կարևորել է վերջերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ընդունված երկաթուղային տրանսպորտի ռազմավարական զարգացման ծրագիրը, որը պաշտպանել է նաև Հայաստանը: