Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թագաժառանգների դավադրական սպանությունները չհաշված՝ մարդն իր ձևավորումից ի վեր փորձարկել է իշխանափոխության 4 տարբերակ՝
ա) հեղափոխություն,
բ) երկխոսություն,
գ) ընտրություններ,
դ) դրսի միջամտություն:
Իշխանափոխությունները, սովորաբար, սկսվում են այն բանից հետո, երբ որոշակի թվով մարդիկ մի տևական շրջան անընդհատ խոսում են իշխանափոխության անհրաժեշտությունից, ելույթներ են ունենում, կուրծք ճղում, ամբիոն ջարդում և այլն: Առավել ստորին ցիվիլիզացիաներում շամաններն են առաջ ընկնում և որսի անհաջողության մեջ մեղադրում աշխարհիկ առաջնորդներին՝ թե սրանք որսից առաջ ինչպես հարկն է չեն ցատկոտել կրակի վրայով: Հետո գալիս է մի ժամանակահատված, որ հոտի սովահար անդամները սկսում են հավատալ շամանների իմաստությանը, որ նույն է՝ իրենց ստամոքսի ձայնին ու մի խաղաղ երեկո խարույկի վրա խորովում են առաջնորդին: Ճիշտ այդպես եղավ բոլշևիկների ժամանակներում, թեև 1917 թվականը մարդկային հոտի սաղմնավորման շրջան չես համարի: Սա նշանակում է, որ իշխանափոխության տեսակները ժամանակագրական առումով ճամփորդում են մարդու հետ, և նպատակահարմար չէ դրանք տարանջատելը, ասելով, թե տվյալ ժամանակահատվածում որն է դրանցից ամենանախընտրելին կամ տարածվածը:
Այ, օրինակ, ոմանց թվում է, թե արաբական գարունը բոլորովին նոր երևույթ է, իշխանափոխության ամենամոդեռն տեսակը, բայց նրանք սխալվում են: Դեռ Հազկերտն է Վասակի միջոցով փորձել Հայաստանում ՙպարսկական գարուն՚ իրականացնել, և սա անուրանալի փաստ է: Կարելի է քննարկել, թե տվյալ երկրում իշխանափոխության որ տեսակն է ավելի նպատակահարմար: Սա արդեն նուրբ դիտողականություն, քաղաքական հասունություն, շնորհք ու մի քիչ էլ քթածակ ունենալու խնդիր է: Հենց այդ խնդրին էլ կանդրադառնանք ստորև՝ դիտարկելով այն մեր ժամանակների մեծագույն իշխանափոխիչի գործերի և օրինակների վրա: Արդեն մի տևական շրջան է (2007-2012), ինչ Հայաստանում մարդկանց մի մեծ խումբ խոսում է իշխանափոխության անհրաժեշտության մասին: Ոմանք դա անում են փրփուր ի բերան՝ շամանից ավելի շաման երևալու ձգտումով, ոմանք՝ ավելի հավասարակշիռ՝ դեռևս կասկածելով շամանի քաղաքական հասունությանը:
Բայց դա էական չէ: Կարևորն այն է, որ արդեն խոսում են առաջնորդներին փոխելու անհրաժեշտության մասին: Հասկանալի է, որ խոսելով այս թեմայի շուրջ, հնարավոր չէր շրջանցել ամենամեծ իշխանափոխիչին և նրա գործը: Կասկած չկա, որ Հայաստանում դա Լևոն Տեր-Պետրոսյանն է, ում ի դեպ, մեկ անգամ իշխանափոխել են, բայց, քանի որ մեր քաղաքակրթությունը բոլշևիկների քաղաքակրթությունից ավելի հին էր ու բարի, կրակի վրա չեն այրել: Տասը տարվա մենությունը, փաստորեն, դույզն ինչ չէր փոխել նրան և նա, չգիտես ինչ շաման էր կծել, դարձյալ ասպարեզ իջավ ու հայտարարեց, որ ինքը, ոչ ավել, ոչ պակաս՝ իշխանափոխության գործիք է ու կարելի է իրենով իշխանափոխություն իրականացնել: Բայց նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի նման գործիչը կանգնեց ընտրության առաջ՝ իշխանափոխության ո՞ր ճանապարհով գնալ: Ի վերջո, քանի որ ընտրությունները տանուլ էր տվել, եկավ եզրակացության, որ ճիշտը հեղափոխությունն է: Այստեղ նա ղրղզական դրոշ պարզեց, բայց, քանի որ հարակից երկրներում սրան զուգընթաց արաբական գարունն էր մոլեգնում, հրապարակներում երևացին նաև թունիսական և եգիպտական դրոշներ: Հիշենք այդ օրերի մի քանի կարգախոսներ՝ «Ղրղզանալ տենք», «Թունիսիլ տենք», «Մուբարաքացնիլ տենք» և այլն:
«Վախեցած» իշխանությունները, Մուբարաքի հանգույն, գնացին զիջումների, բայց, ի տարբերություն եգիպտական իշխանափոխիչների, Լևոն Տեր-Պետրոսյանն իսկույն դեն նետեց դրոշները, ղրղզած ֆորումին ուղարկեց տուն ու անցավ իշխանափոխության մյուս տարբերակին՝ իշխանության հետ երկխոսությանը: Ավելորդ է ասելը, որ այս երկխոսությամբ նա բավականին բարձրացրեց մեր իշխանությունների վարկը միջազգային շուկայում և դրանով, փաստորեն, թուլացրեց անդրօվկիանոսյան շամանների ուշադրությունը մեր երկրի հանդեպ: Օգտվելով այդ հանգամանքից՝ իշխանությունը անցավ գրոհի ու այնքան զզվեցրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դադարեց երկխոսել ու կրկին թեքվեց դեպի հեղափոխությունը՝ կրկին վրաններ Օպերայի բակում:
Դժվար է ասել, թե Մուբարաքն ինչպես կվարվեր նման սիտուացիայում (նա չձգեց մինչև հեղափոխության երկրորդ ալիքը), բայց ՀՀ իշխանություններն այնքան նենգ դուրս եկան, որ անամոթաբար փակեցին հեղափոխականների «կիսլարոդը»՝ զուգարանները: Եվ վերջ, հեղափոխությունը մեռավ: Բայց, ինչպես ասում են՝ կարևորը հեղափոխությունը չէ, այլ առողջությունը: Մարդս առողջ լինի, իսկ ելք միշտ էլ կգտնվի: Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը գտավ այդ ելքը՝ դարձ ի շրջանս յուր, դարձ դեպի երկխոսություն՝ այս անգամ արդեն ԲՀԿ-ի հետ:
Հոգնեցի՞ք: Լավ, փորձենք կլորանալ: Սրանք Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանափոխիչ գործունեության հիմնական հանգրվաններն էին: Վերջին երկխոսությունը դեռ շարունակվում է և խոստանում է նոր ու հետաքրքիր զարգացումներ ունենալ: Եթե ԲՀԿ-ն թեկնածու առաջադրի, դա կարող է նմանվել Լևոն Տեր-Պետրոսյանի առջև երկրորդ անգամ զուգարանները փակելուն: Ինչո՞ւ: Որովհետև ԲՀԿ-ի թեկնածուին սատարելը մեծ իշխանափոխիչի հետևորդների սրտով չէ, ու նրանք այս անգամ կարող են ինքնագլուխ վեր կենալ ու գնալ տուն: Չի բացառվում նաև՝ Լևոն Տեր-Պետրոսյանի անցումը իշխանափոխության մյուս տարբերակին՝ ընտրությունների միջոցով իշխանափոխությանը: Կառաջադրվի՞ արդյոք նա: Է՛, երբ էր, որ պահանջում էր արտահերթ ընտրություններ, ասում էր՝ եթե ԱԺ ընտրությունները լինեն հերթական, ապա դրանից հետո կպահանջենք նախագահի հրաժարականն ու արտահերթ նախագահական ընտրություններ: Ասում էր՝ եթե անցնենք ԱԺ, նախագահի իմպիչմենթի գործընթաց կսկսենք: Ի՛նչ հրաշալի ծրագրեր ուներ:
Պարզվում է նաև, որ իշխանափոխության տեսակները միմյանց վրա զարմանալի փոխազդեցություններ ունեն: Երկխոսությունն, օրինակ, թուլացնոմ է հեղափոխությունը, ընտրությունները՝ թուլացնելով երկխոսությունը, մերժում են հեղափոխությունը, հեղափոխությունը՝ մերժելով թե մեկը և թե մյուսը, կարող է վերածվել երկխոսության ու սահուն գնալ դեպի ընտրություններ: Տեր-Պետրոսյանը բարեհաջող անցել է այս ամենի միջով: Արդյունքների մասին խոսում են ՀԱԿ-ի ձեռքբերումները, որոնց շուրջ, չգիտես ինչու, Զուրաբյանն ու մյուս մանդատավորները դադարել են բարձրաձայն խոսել: Ըստ երևույթին` իշխանափոխական մոմենտի հետ է կապված այդ լռությունը, և դեռ ամեն ինչ կորած չէ: Համ էլ՝ կարևորը առողջությունն է:
Էդիկ Անդրեասյան