Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառլ ԿՐԱՈՒՍՆ (1874-1936թթ.) ավստրիացի գրող է, պոետ-երգիծաբան, գրականության եւ արվեստի քննադատ, ֆելիետոնիստ, ուշագրավ երեւույթ անցյալ դարասկզբի գերմանալեզու հասարակական ու մշակութային կյանքում։ Այսքանը, որ չնմանվենք մեր հեղինակի հիշած գրողներին, ովքեր էջեր են լցնում, երբ բավական է նաեւ ամբողջ երկու տողը։
Կարդանք Կառլ Կրաուսի աֆորիզմներն ու մեկ անգամ էլ փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ ժամանակը չի անցնում։
Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ
Հարկավոր է ամեն անգամ գրել այնպես, ինչպես առաջին ու վերջին անգամ։ Ասել այնքան շատ, ասես թե դա քո հրաժեշտն է, եւ` այնքան լավ, ասես դա նորամուտ է։
Սեր ու արվեստն ընդգրկում են ոչ թե գեղեցիկը, այլ իրենց շնորհիվ գեղեցիկ դարձածին։
Կառլ ԿՐԱՈՒՍ
Միտք մտքի վրա
Դեմոկրատիան բոլորի ստրուկը լինելու հնարավորություն է նշանակում։
Մեկը գրում է, որովհետեւ տեսնում է, մյուսը` որովհետեւ լսում է։
Շատ տաղանդներ պահպանել են իրենց վաղահասությունը նաեւ առաջացած տարիքում։
Պոետը, որը կարդում է, նմանվում է խոհարարին, որն ուտում է։
Մեքենա ստեղծելու համար մենք բավական քաղաքակրթված էինք, իսկ դրանից օգտվելու համար պարզունակ ենք չափազանց։
Կան մարդիկ, ովքեր երբեք չեն ներելու այն աղքատին, որին ոչինչ չտվեցին։
Ագիտատորի գաղտնիքը. հիմարանալ այնքան, որ լսողները հավատան` իրենք էլ են նույնքան խելոք, որքան նա։
Նա շատ բան կտար այդ կնոջը, միայն թե վերջինս սիրեր իրեն ոչ իր տվածի համար։
Փոքր կայարանները շատ են հպարտանում, որ ճեպընթացները պետք է անցնեն իրենց կողքով։
Դեւը մեծ լավատես է, եթե մտածում է, թե մարդկանց դեռ էլի կարելի է վատթարացնել։
Պատերազմը սկզբում հույս է, թե մեզ համար լավ է լինելու. հետո սպասում է, թե նրանց համար վատ է լինելու. այնուհետեւ բավականություն է, թե նրանք ավելի լավ չեն զգում, քան մենք. եւ վերջապեսՙ անսպասելի բացահայտումն է այն փաստի, որ վատ է ե՛ւ մեզ, ե՛ւ նրանց համար։
Սուտը հանուն փրկության ներելի է։ Չի կարելի ներել միայն նրան, ով ասում է ճշմարտությունը, երբ ոչ ոք դա չի ուզում։
Այո, իհարկե, շունը հավատարմության տիպար է։ Բայց ինչու պիտի օրինակելի լինի. չէ՞ որ նա հավատարիմ է մարդուն, այլ ոչ թե մեկ ուրիշ շան։
Սեւով սպիտակի վրա. այդպիսի տեսք ունի մեր օրերում կեղծիքը։
Թույլը կասկածում է որոշում ընդունելուց առաջ, ուժեղը` հետո։
Լիովին բնական է` մեռնել հանուն հայրենիքի, որում ապրել հնարավոր չէ։
Նախկինում դեկորները ստվարաթղթից էին, իսկ դերասաններնՙ իսկական։ Հիմա դեկորներն, ասես, շնչում են, բայց դերասաններն են ստվարաթղթից։
Ոչ մի միտք չունենալ, բայց կարողանալ արտահայտել դրանք. ահա ինչն է ծնում լրագրողին։
Եթե չգիտես, թե ինչպես վարվել, ճիշտ վարվիր։
«Վե՛րջ տանք պատրանքներին». ու հենց այստեղից էլ դրանք սկսվում են։
Հորանջող անասունը մարդկային դեմք ունի։
Եթե մարդն ուրիշի հանդեպ խոզի պես է վարվում, ասում է. «Ներողամիտ եղեք, ես ընդամենը մարդ եմ»։ Բայց եթե ի՛ր հետ են խոզի պես վարվում, նա բացականչում է. «Թույլ տվեք, չէ՞ որ ես էլ մարդ եմ»։
Աֆորիզմը երբեք չի բովանդակում ամբողջ ճշմարտությունը. դրանում կամ կես ճշմարտությունն կա, կամ` մեկուկես։
Դերասանուհին կնոջ խորանարդն է, դերասանը` այն տղամարդը, որից քառակուսի արմատ են հանել։
Ոչ մի ուժ աշխարհում չի համեմատվի այն էներգիայի հետ, որով շատերը պաշտպանում են իրենց թուլությունները։
Եթե պետք է հավատալ նրան, ինչը տեսնել չի կարելի, ապա ավելի լավ է, ըստ իս, հավատալ հրաշքներին, քան բացիլներին։
Եթե ուրիշի համար փոս չես փորում, ինքդ կընկնես դրա մեջ։
Նրանք դատում են, որ չդատվեն։
Ընտանեկան կյանքը ոտնձգություն է անձնական կյանքի հանդեպ։
Իմ քաղաքից ես պահանջում եմ. ասֆալտ, կոյուղի եւ տաք ջուր։ Մշակո՞ւյթ - ո՛չ, մշակույթը ես ինքս եմ։
Ուրիշ գրողներ ընդամենը մի քսան էջում կարող են արտահայտել այն, ինչի համար ինձ երբեմն հարկավոր է լինում ամբողջ երկու տող։
Ես, փառք աստծո, հաճախ եմ խփում թիրախից վեր եւ հազվադեպ` թիրախին մոտ։
Առաջընթացը բնության դեմ մարտում իր պյուռոսյան հաղթանակներն է տոնում։
Առաջընթացը դրամապանակներ է պատրաստում մարդկային մաշկից։
Աշխարհը բանտ է, որտեղ մենախուցն ավելի հաճելի է։
Ոչինչ այնպես չի ապացուցում տեսության սխալականությունը, որքան դրա կիրառելիությունը գործնականում։
Համեստությունն արվեստագետի իրավունքն է, իսկ փառասիրությունը` նրա պարտականությունը։
Ամենադժվարը հետ գնալն է` տարիքի սահմանն անցնելով։
Ի՜նչ հրաշալի է, երբ աղջիկը մոռանում է, որ լավ է դաստիարակված։
Լավ հոգեբանը հեշտությամբ քեզ կմտցնի իր դրության մեջ։
Կրթությունը. մեծամասնությունը ստանում է դա, ոմանք փոխանցում են, եւ քչերն են միայն, որ ունեն։
Միայն քաղցկեղով խոցված լեզուն է, որ հակում ունի նորագոյացությունների հանդեպ։
Կան մարդիկ, ովքեր խելացի են դառնում, եթե ութ օր անընդհատ ոչ ոքի ոչ մի բառ չեն ասում։
Միակ արվեստը, որը կարող է գնահատել հասարակությունը, թատերական արվեստն է։ Առանձին հանդիսատեսը, դե իսկ քննադատը` հատկապես, անհեթեթություններ է դուրս տալիս, բայց բոլորը միասին ճիշտ են։ Գրականության մեջ հակառակն է։
Պատիժը պետք է դաս լինի նրանց համար, ովքեր չեն ցանկանում մեղք գործել։
Արվեստը հին բառի ծննդյան խորհուրդն է։
Իմ լեզուն փողոցային աղջիկ է, որին ես վերադարձնում եմ իր կուսությունը։
Կծու ծաղրը, որը հասկանալու ունակ է գրաքննիչը, ենթակա է արգելանքի։
Եթե նախադասության մեջ վրիպակ կա եւ այդ նախադասությունն, այնուամենայնիվ, պահպանում է իմաստը, նշանակում է դրանում միտք չի եղել։
Մեր ժամանակներում նույնիսկ կարգին մարդը, եթե, իհարկե, նա իր այդ հատկանիշը չի գովազդում, կարող է լավ համբավ ձեռք բերել։
Ես չեմ ողջունում շատ շատերին, թեպետ ամենեւին չեմ ճանաչում նրանց։
Արվեստում նույնպես աղքատին չի թույլատրվում որեւէ բան վերցնել հարուստից, իսկ հարուստն աղքատից կարող է վերցնել ամեն ինչ։
Աստված իմ, ներիր նրանց, քանզի գիտեն, թե ինչ են անում։