կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2012-06-19 16:57
Հասարակություն

Սեւանը ծանրաբեռնելու ժամանակը

Սեւանը ծանրաբեռնելու ժամանակը

Գարնան եւ աշնան գալուն պես ոչ միայն քաղաքական «թեժ» կրքերն են իրենց զգալ տալիս, այլ նաեւ նկատվում են բնապահպանական ջղաձգումներ՝ գարնանը Սեւանա լճից ջուր վերցնելու, իսկ աշնանը՝ անտառահատումների հետ կապված:

 

Հինգ տարվա ընդմիջումից հետո կառավարությունը խախտում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը, որտեղ Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանված է մինչեւ 170 միլիոն խմ:

 

Ի՞նչ է ստացվում. յուրաքանչյուր կառավարության ձեւավորվելուց հետո Սեւանի գլխին «սեւ ամպեր» են կուտակվել:

 

Նմանատիպ որոշում կառավարությունը կայացրեց 2008-ին` Սեւանից վերցնել 320 մլն խմ ջուր, սակայն այդ ժամանակ մի շարք բուռն քննարկումներից հետո լճից վերցվեց 303 մլն խմ ջուր:

 

Հայաստանում գետերի վրա կառուցված 79 ջրամբարներում այսօր կարելի է կուտակել մոտ 1 մլրդ խմ ջուր: Իսկ թե ինչու դրանք լիարժեք չեն կուտակվել, Ջրային պետական կոմիտեի պարզաբանմամբ, տարին չորային է եղել:

 

Թե ինչպես են կառավարվում ջրային ռեսուրսները մեր երկրում, հայտնի է. մասնագետների պնդմամբ, որպեսզի մենք հասնենք ջրային ռեսուրսների այսպես կոչված՝ բանական օգտագործմանը եւ լիարժեք պահպանության գաղափարին, ապա ամբողջովին պետք է վերանայենք կառավարման սկզբունքները։ Հայաստանը տարեկան 7,5 միլիարդ խմ ջուր է «ունենում» (առանց Սեւանա լճի), որից միայն կարողանում ենք կուտակել միայն 1 միլիարդ խմը, իսկ մնացածը մակերեւութային գետերով հոսում են հանրապետությունից դուրս։

 

Բազմիցս է խոսվել, որ անհրաժեշտ է ամբարել այդ ջրերի գոնե 50 տոկոսը, որի դեպքում Հայաստանը զերծ կմնա անապատացումից, եւ որքան էլ ջրային ռեսուրսների կառավարման մարմինը ահազանգի, թե երկրում երաշտ է, միեւնույն է՝ դա երկրին եւ գյուղատնտեսությանը չի սպառնա:

 

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տվյալների՝ ընդհանուր ջրօգտագործման ծավալը Հայաստանում տարեկան կազմում է 409 մլն խմ, որի գերակշիռ մասը վերաբերում է ստորերկրյա ջրային ռեսուրսներին՝ տարեկան 378 մլն խմ, իսկ 31 մլն խմ-ն՝ մակերեւութային ջրերին։

 

Սակայն ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային պետական կոմիտեի տվյալներով, այս պահին ջրային համակարգում եւ նրա աշխատանքներում կա որոշակի լարվածություն: Այսինքն՝ Հայաստանը, լինելով ջրառատ երկիր, միաժամանակ սահմանափակ քանակությամբ ջուր է կարողանում օգտագործել:

 

Միեւնույն է` կոմիտեից պնդում են, որ տարին բավական սակավաջուր է, եւ առկա ջրամբարներում ջրի սակավությունը չի բավարարի ոլորտի պահանջները: Հայաստանի տարածքում մեր ջրերը կուտակելու քաղաքականության մասին կառավարությունը լուրջ քայլեր չի ձեռնարկում ջրամբարաշինության ուղղությամբ:

 

Թե ինչ կարծիք ունի Սեւանից ներկայիս համեմատ ավելի ջրաքանակի բացթողնման մասին ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, մեզ ճշտել չհաջողվեց: Կամ ոչինչ չունի ասելու, կամ էլ մտածում է՝ ինչպես փրկի իր ղեկավարած հանձնաժողովը:

 

Ինչպես հայտնի է, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը որոշում է ընդունել դուրս գալ հանձնաժողովի` Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կազմից, իսկ ավելի վաղ նույն հանձնաժողովից դուրս գալու դիմում էր գրել Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է յուրաքանչյուր տարի Ջրային պետական կոմիտեն «խնդրում» Սեւանից ավելի ջուր խլելու մասին, այն դեպքում, երբ մինչեւ հողօգտագործողին հասնելը ոռոգման ջուրը ճանապարհին կորուստ է ունենում առնվազն 30-40 %:

 

Ոլորտի մասնագետները դժգոհում են, որ այդքան գումարներ են ներդրվում երկրի ոռոգման ցանցը կարգի բերելու համար, սակայն կորուստները չեն նվազում։ Եվ ամեն գարնան գալուն պես՝ կոմիտեն պետք է ոչ թե իր հույսը դնի Սեւանի վրա` փորձելով ավելացնել լճից ոռոգման համար նախատեսվող ջրի ծավալները, այլեւ ամեն ինչ անի լուծելու առկա ջրի կարուստների հարցը:

 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կադաստրում գանցված է 208 հա հազար ոռոգելի հող, որն ապահովում է գյուղատնտեսության գյուղմթերքի արտադրության հիմնական` 80 տոկոսը:

 

Իսկ այդ չափաքանակի միայն 130 հազար հա-ն է ոռոգման ջրով սպասարկվում ՋՕԸ-ի կողմից:

 

Գալուստ Նանյան

Լուսանկարը` հեղինակի