Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին պաշտոնանկությունները մի նպատակ ունեն` Սերժ Սարգսյանը պարզապես մաքրում է թիկունքը, քանի որ լրջագույն հարցեր են ծառանալու Հայաստանի առջեւ, եւ հարցերի հարցը լինելու է Ղարաբաղը: Այսօր ՀՀԿ ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանի հետ համատեղ ասուլիսում նման հայտարարություն արեց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Անդրադառնալով ոստիկանապետի հրաժարականին` նա նշեց, որ այն նույնիսկ ուշացած էր, եւ ցնծությամբ հույս հայտնեց, որ խորհրդականի կարգավիճակում էլ նախկին ոստիկանապետը կքանդի ու կկազմալուծի նաեւ այս կառույցը, այնպես, ինչպես ոստիկանությունը հասցրեց քանդել: «Մարդ, որ չի տեսել, թե իր քթի տակ ինչ է կատարվում, պետք է գնա խորհո՞ւրդ տա»,- տարակուսեց նա:
Ինչ վերաբերում է նոր նշանակմանը, ապա Վլադիմիր Գասպարյանը նրան գոհացնում է: «Ես չեմ կարող Վլադիմիր Գասպարյանին համեմատել Ալիկ Սարգսյանի հետ, որովհետեւ Գասպարյանը, ով էլ լինի, մասնագետ է, իսկ Ա. Սարգսյանը շատ հեռու էր իր զբաղեցրած պաշտոնից»,- պարզաբանեց Եղիազարյանը:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանին` նա վերջինիս հրաժարականը հերթական բլեֆ համարեց, քանի որ վեց ամիս առաջ մարդուն պաշտոնանկ անել ԱԺ նախագահի պաշտոնից եւ տանել, դնել շտաբի պետ, որ նա ընտրություններ անցկացնի, ըստ նրա, անգամ եփած հավի ծիծաղը կառաջացնի:
ՀԱԿ անդամը բլեֆ է համարում նաեւ Մ. Մինասյանի հրաժարականը: «Փեսային ուղղակի պաշտոնանկ արեց` ոչ մի բանից չզրկելով, որովհետեւ Հայաստանում պաշտոնով ու աթոռով չէ միայն. բավական է լինել ընտանիքի անդամ եւ ցանկացած հարց կլուծես»,- ասաց Եղիազարյանը` հավելելով, որ «փտած, նեխած իշխանական բուրգը գնում է ինքնաոչնչացման եւ սրա ելքը միայն արտահերթ ընտրություններն են»:
Հակադարձելով ընդդիմախոսին` Մկրտիչ Մինասյանը նկատեց, որ երկրի իմիջն իրենց համար կարեւոր է, այդ պատճառով էլ երկրի ղեկավարի եւ կուսակցության առաջնորդի կողմից շատ ավելի թափանցիկ, հրապարակային ու ոչ վիճահարույց ընտրություններ անցկացնելու խնդիր է դրված: Հանրապետական գործիչը նաեւ նշեց, որ «իհարկե, կլինեն ուժեր, որոնք արդեն էս գլխից պատրաստ են ցանկացած արդյունքի դեպքում, եթե իրենք չեն հաղթում, այդ ընտրություններն անարդար համարել», բայց հավելեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ «ձայն բազմաց, ձայն աստծո»-ն գործի»:
Անդրադառնալով Հ. Աբրահամյանին` նա նշեց, որ Աբրահամյանն ինքն է իր հրաժարանականն առաջարկել, որպեսզի կաշկանդված չլինի եւ ժամանակ ունենա լիարժեքորեն աշխատելու: Իսկ այգ գործում նրան կօգնի Միքայել Մինասյանը, ով, նրա բնորոշմամբ, երիտասարդ, խոստումնալից ու զարգացած անձնավորություն է, իսկ շտաբը ղեկավարելու համար առանձնահատուկ կարողություններ են պետք: «Ե'վ պետը, ե'ւ տեղակալն այս հատկություններն ունեն»,- ամփոփեց ՀՀԿ-ական պատգամավորը: