|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ Բեռնար Ֆասիեն, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ԵԱՀԿ Մշտական խորհրդին են ներկայացրել իրենց գործունեության տարեկան հաշվետվությունը:
Համանախագահները նշել են, որ անցած տարվա ընթացքում իրենք տարածաշրջան են այցելել 8 անգամ, անցկացրել են 14 առանձին հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, 4 անգամ ոտքով հատել են ղարաբաղա-ադրբեջանական ԶՈՒ շփման գիծը` ցուցադրելով, որ այն չի կարող խոչընդոտ լինել երկու երկրների ժողովուրդների համար, եւ որ հրադադարի ռեժիմի պահպանման հարցում ռազմական համակարգումը հնարավոր է, եթե կողմերը կամք դրսեւորեն:
Միջնորդները շեշտել են, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական տարբերակն անհնար է, նաեւ որ անընդունելի ստատուս քվոյի հաղթահարման ու խաղաղության հասնելու համար հարկավոր է կողմերի քաղաքական կամքը, որը հիմք կդառնա բարդ որոշումների կայացման համար:
Համանախագահները նաեւ տեղեկացրել են բանակցային մթնոլորտի բարելավմանը, ժողովուրդների միջեւ փոխըմբռնմանը, հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված լրացուցիչ միջոցառումների մասին: Նրանք մտադիր են նոյեմբերին դարձյալ այցելել տարածաշրջան` բանակցային գործընթացի շարունակման վերաբերյալ հարցեր քննարկելու: