Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/ եւ Բեռնար Ֆասիեին /Ֆրանսիա/:
Ինչպես հայտնել են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում երկուստեք նշվել է, որ հակամարտության կարգավորման ուժային տարբերակն անընդունելի է եւ հղի անկանխատեսելի հետեւանքներով: Նախագահ Սահակյանը ողջունել է զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի բացահայտման մեխանիզմների մշակման`ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պատրաստակամությունը` ընդգծելով, որ կիրառման դեպքում դրանք լուրջ դերակատարություն կարող են ունենալ կայունության եւ խաղաղության պահպանման գործում:
Շուրջ 3,5 ժամ տեւած հանդիպումից հետո համանախագահները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին։ Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեին տեղեկացրել է, որ Հայաստանում, Ադրբեջանում եւ Ստեփանակերտում կայացած հանդիպումների ժամանակ քննարկվող ամենակարեւոր հարցերից էին նաեւ շփման գծի իրավիճակը եւ կորուստների սահմանափակման հնարավորությունները։
Համանախագահները ներկայացրել են նաեւ Ղարաբաղում անցկացված դաշտային առաքելության վերաբերյալ իրենց զեկույցը, որի բովանդակությունը, սակայն, չեն ցանկացել մեկնաբանել, քանի որ, իրենց հավաստմամբ, այն հաջորդ շաբաթ Վիեննայում պետք է ներկայացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչներին։
Այն հարցին, թե նախատեսվո՞ւմ է, արդյոք, դաշտային առաքելություն նաեւ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում /ինչպես նրանք հայտարարել էին դաշտային առաքելության ժամանակ/, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեին նշել է. «Մենք նկատի ունեինք, թե ինչպես իրականացնել այլ առաքելություններ։ Եվ մենք դա այդպես էլ պատրաստվում ենք անել»։ Իսկ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հավելել է. «Մենք նպատակ ունենք այցելել բոլոր տարածքները, որոնք շոշափել է հակամարտությունը»։
Խոսելով Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության՝ «հնարավոր միջադեպերի հետաքննության իրականացման» մասին` Իգոր Պոպովը նշել է, որ իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ հայտարարությունը ճիշտ ժամանակին է։ «Սովորաբար միջադեպերի վայրեր այցելել է մոնիտորինգային առաքելությունը, բայց ոչ միշտ է այդ առաքելությունն իր օբյեկտիվ արդյունքները տվել։ Դրա համար մենք ե'ւ Բաքվում, ե'ւ Երեւանում, ե'ւ այստեղ քննարկել ենք նման տիպի հետաքննության մեխանիզմների մշակման հետ կապված հարցեր»,- ասել է նա։
Այդ կապակցությամբ, համանախագահների տեղեկացմամբ, բոլորն արել են իրենց առաջարկները: Դրանք ընդհանրացնելով` հնարավոր կլինի մշակել այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան ամրապնդել համանախագահների աշխատանքի հումանիտար բաղադրիչը եւ կծառայեն երկու երկրների միջեւ վտահության մթնոլորտի ձեւավորմանը։