կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-02 12:17
Առանց Կատեգորիա

Ադրբեջանը կդառնա Լիբիայի բախտակիցը

Ադրբեջանը կդառնա Լիբիայի բախտակիցը

Անդամակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ադրբեջանի համար կարող է բոլորովին էլ բարեգութ հետեւանքներ չունենալ: Ադրբեջանցիների համար նման անսպասելի եզրակացության է հանգել REAL շարժման առաջնորդ, քաղաքագետ Իլհար Մամեդովը:

 

Նա չի կիսում պաշտոնական Բաքվի տոնական տրամադրությունը եւ դա չի համարում «մեծ դիվանագիտական հաղթանակ»: «Եթե Ադրբեջանի իշխանություններին թվում է, թե անդամակցությունը ՄԱԿ-ի ԱԽ-ին իրենց պաշտպանում է միջազգային ճնշումից եւ բարձրացնում երկրի վարկը միջազգային ասպարեզում, ապա նրանք սխալվում են: Ընդամենը երկու տարի առաջ Լիբիան նույնպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ էր: Այժմ բոլորը Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունների վկան դարձան»,- հայտարարել է նա՝ նշելով, որ Ադրբեջանը ապահովագրված չէ նույնօրինակ սցենարից:

 

Այս տեսակետի համար Ի. Մամեդովը բավական հիմքեր ունի: Բաքվի «Պոլիգոն» լրատվական գործակալությունը գրում է, որ հարաբերությունները Ադրբեջանի եւ Արեւմուտքի միջեւ կարող են վերստին խզվել, որովհետեւ Արեւմուտքը դժգոհ է իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարում ստանձնած պարտավորությունների չկատարումից: Արեւմտյան շրջանակներում Բաքվի առջեւ շատ հստակ խնդիր են դրել. եթե ցանկանում են ազնվորեն պայքարել կոռուպցիայի դեմ, առաջին հերթին հարկավոր է սկսել իշխանության համակարգից:

 

«Ադրբեջանի կառավարությունն ինքը կոռումպացված է, որովհետեւ ղեկավարում է ավելի քան 15 տարի: Այդ պատճառով նա պետք է իր ամբողջ կազմով հրաժարական տա: Նրանց փոխարինելու պետք է գան բոլորովին նոր մարդիկ: Դրանից հետո Արեւմուտքը բարեփոխումներ կանցկացնի գործադիր շրջանակներում, իսկ վերջնանպատակը կլինի նախագահի ներկայացուցիչների լիազորությունների կրճատումը»,- նշում է գործակալությունը:

 

«Առաջատար ընկերություններն իրար հետեւից լքում են Ադրբեջանը՝ վերջին 6 ամսում 20-ը: Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ թիվը կկրկնապատկվի: Կոռուպցիան շարունակում է պրոբլեմ լինել Ադրբեջանում»,- համարում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան՝ համեմատելով երկրի տնտեսությունը միջնադարյան խանությունների հետ:

 

Արեւմուտքում մատնանշում են ժողովրդավարական բարեփոխումների իմիտացիոն բնույթը Ադրբեջանում: «Բաքվի հռչակած՝ «Մեր ուղին ժողովրդավարությունն է» կարգախոսը չի համապատասխանում ճշմարտությանը, որովհետեւ ժողովրդավարացումը ադրբեջանական իշխանություների PR արշավի մի մասն է ընդամենը, որպեսզի երկիրը հեշտությամբ հարաբերվի եվրոպական բիզնես միջավայրի հետ եւ գազի ու նավթի եկամտաբեր պայմանագրեր կնքի եվրոպական քաղաքական գործիչների հետ, որոնք էներգետիկ անվտանգություն են փնտրում վերածնվող Ռուսաստանի դեմ...»,- գրում է բրիտանական The Grardian-ը:

 

ԱՄՆ-ը եւ Եվրոպան կոչ են անում Բաքվին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Իսկ Ալիեւի վարչակազմը, դրան ի պատասխան, ԵԽԽՎ քաղբանտարկյալների հարցերի զեկուցող Քրիստոֆ Շտրեսսերին մուտքի թույլտվություն չի տալիս՝ պահանջելով փոխել առաքելության մանդատը: Եվրոպան համարում է, որ Ադրբեջանում աղետալի է մարդու իրավունքների վիճակը: «Ազադլիգի» տվյալներով` ԱՄՆ-ը, նախագահ Օբամայի հանձնարարությամբ, պատրաստում է ադրբեջանցի պաշտոնյաների «սեւ ցուցակը», եւ հնարավոր է, որ հաջորդ տարվանից նրանց արգելվի մուտքը Նահանգներ՝ մարդու իրավունքների խախտման պատճառով:

 

Ի դեպ, ԱՄՆ-ը եւ Եվրամիության անդամները դեմ քվեարկեցին Ադրբեջանի ժամանակավոր անդամությանը ՄԱԿ-ի ԱԽ-ին: Ի պատասխան, ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւն ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

 

Հետեւաբար, Հայաստանը կարող է շտկել իր դիրքերը միջազգային ասպարեզում եւ Ղարաբաղյան կարգավորման մեջ, եթե, ինչպես բազմիցս նշել ենք, կողմնորոշվի իր արտաքին քաղաքականության դոկտրինի հարցում: Իզուր չէ, որ արեւմտյան մամուլում հաճելի պարբերականությամբ սկսել են հրապարակումներ լինել այն մասին, որ Ղարաբաղը կայացել է որպես ազատ ժողովրդավարական պետություն, որ Ադրբեջանն իրեն հայտարարել է 1918-1920թթ. ժամանակաշրջանի Ադրբեջանի ժառանգորդ՝ այդպիսով հրաժարվելով Խորհրդային Ադրբեջանի իրավական եւ քաղաքական ժառանգությունից, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից, որովհետեւ այն տարիներին Ազգերի լիգան չի ճանաչել Ադրբեջանի իրավունքը ԼՂ նկատմամբ: Այս հարցերում է, որ մեր դիվանագիտությունը պարտավոր է նախաձեռնություն հանդես բերել:

 

Գայանե ՄՈՎՍԵՍՅԱՆ