Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր պաշտոնյաները սիրում են տեղի-անտեղի հայտարարել, թե Հայաստանը չունի բնական ռեսուրսներ, մեր հարեւանների նավթին ու գազին մենք հակադրվում ենք Սփյուռքով եւ այլն, եւ այլն:
Օրերս Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Չունենալով բավարար բնական ռեսուրսներ, մենք կարծում ենք, որ մեր հիմնական ռեսուրսը մարդն է»:
Բնական ռեսուրս ասելով, չգիտես ինչու, մեր պաշտոնյաները հասկանում են միայն նավթն ու գազը, ու եթե դա չունենք, մնացածին, ուրեմն, պետք չէ ընդհանապես ուշադրություն դարձնել: Մինչդեռ Հայաստանի մնացած ռեսուրսները թեև շատ չեն, բայց եղածն էլ բավարար է երկիրը զարգացնելու համար: Հայաստանը հարուստ է օգտակար հանածոներով. գոյություն ունի դրանց մոտ 500 հանքավայր: Կա մետաղների ավելի քան 38 տեսակ եւ 70 տեսակ կարծր հանածոների, ինչպես նաեւ քաղցրահամ, հանքային եւ տաք ջրերի երեւակումներ եւ հանքավայրեր: Սակայն Պաշարների պետական հաշվեկշռում հաշվառված են հետազոտված եւ նախնական գնահատված միայն 18 տեսակ մետաղների եւ 47 տեսակ ոչ մետաղական հանքային հանածոների, ինչպես նաեւ քաղցրահամ եւ հանքային ջրերի պաշարներ:
Մի շարք օգտակար հանածոների ուսումնասիրված եւ նախնական գնահատված պաշարներով Հայաստանը առաջատար տեղ է գրավում Անդրկովկասում: Հարավային Կովկասի ընդամենը 16 տոկոս տարածք զբաղեցնող մեր երկրում է հաշվառված Անդրկովկասի մոլիբդենի պաշարների 99,9 տոկոսը, որը համաշխարհային մոլիբդենի պաշարների 7 տոկոսն է կազմում, պղնձի՝ 85 տոկոսը, որը կազմում է համաշխարհային պաշարների 2 տոկոսը, ոսկու՝ 80 եւ երկաթի ավելի քան 50 տոկոսը: Զգալի են ոչ միայն ոչմետաղական հանածոների պաշարները, այլև երեսպատման քարերի՝ 54,5%-ը (այդ թվում՝ մարմարի 34,5% եւ տուֆի 80%-ը) շինարարական քարերի՝ 70%-ը, ցեմենտ հումքի, դիատոմիտի եւ բենտոնիտային կավի ավելի քան 40%-ը, ցեոլիթի եւ կիսաթանկարժեք քարերի ավելի քան 70%-ը, պերլիտի ավելի քան 90% եւ փիրուզի, պեմզայի, պեմզային ավազների եւ օբսիդիանի 100%-ը: Երկաթի, պղինձի, կապարի եւ ցինկի, մոլիբդենի արդյունաբերական պաշարները հաշվվում են միլիոնավոր տոննաներով:
Երկաթի հանքավայրերում հանքաքարում երկաթի միջին պարունակությունը կազմում է 30%, պղինձի միջին պարունակությունը պղինձ-պիրիտային հանքավայրերում՝ 3,5%, իսկ պղինձ-մոլիբդենային եւ ոսկի-բազմամետաղային կոմպլեքս հանքավայրերում՝ 0,3%: Կապարի եւ ցինկի միջին պարունակությունը բազմամետաղային հանքավայրերում համապատասխանաբար կազմում է 1,1% եւ 2,8%: Ոսկու միջին պարունակությունը ոսկու հանքավայրերում կազմում է 7գ/տ, իսկ արծաթինը՝ 13,5գ/տ: Մետաղական հանքավայրերում կան նաեւ հազվադեպ հանածոների՝ ռենիումի, բիսմուտի, գալիումի, թալիումի, գերմանիումի, ինդիումի, սելենիումի, թելլուրիումի եւ ծծմբի զգալի պաշարներ:
Երկաթի հանքավայրերը տեղակայված են Կոտայքի մարզ: Պղնձի պաշարների զգալի մասը կենտրոնացված է պղնձա-մոլիբդենային (Քաջարան, Ագարակ, Լիճք եւ Թեղուտ), ինչպես նաեւ պղինձ-պիրիտային (Կապան, Ալավերդի, Շամլուղ) եւ ոսկի-բազմամետաղային (Շահումյան, Արմանիս) հանքավայրերում: Հայաստանը հարուստ է նաեւ մոլիբդենով (Քաջարան, Թեղուտ): Ոսկու զգալի պաշարներ կան՝ ոսկու (Սոթք, Մեղրաձոր, Լիճքվազ-Թեյ) եւ ոսկի-բազմամետաղային (Շահումյան, Արմանիս, Ազատեկ, Գլաձոր, Մարջան) հանքավայրերում: 2001 հունվարի 1-ի դրությամբ, ՀՀ օգտակար հանածոների հաշվեկշռում հաշվառվել են 483 հանքավայրերի պաշարներ, այդ թվում՝ գունավոր, ազնիվ եւ սեւ մետաղների 24 հանքավայրեր, պինդ ոչմետաղական օգտակար հանածոների 385 եւ ստորերկրյա ջրերի 74 հանքավայրեր:
Այսինքն` պաշարների առումով խնդիրներ չունենք, բայց ունենք խնդիրներ դրանց ճիշտ տնօրինման հարցում: Հայաստանյան հանքերից գերշահույթներ են ստանում դրանք տնօրինողները, այնինչ պետբյուջե է մտնում չնչին գումարներ: Վերջին տարիներին համաշխարհային շուկայում պղնձի եւ մոլիբդենի գինն աճել է մի քանի անգամ, սակայն հայտնի չէ, թե դրանից պետությունը որքանով է շահել: Հայաստանն այսօր ոչ թե պատրաստի արտադրանքից է շահույթ ստանում, այլ հումքից: Հայաստանը հումքի պարզ մատակարար է՝ հանքերից ձեռք բերածը հարստացվելուց հետո անմիջապես արտահանում է, տեղում մշակելու եւ արտադրանք թողարկելու փոխարեն:
Աշխարհում այսօր մեծանում է բնական ռեսուրսների պահանջարկը, եւ դրանցով հարուստ երկրները փակում են հանքերը ու սպասում առավել նպաստավոր ժամանակի: Իսկ մեզ մոտ մեծ մասամբ դրանք տնօրինվում են դրսի կամ դրանց անվան տակ հանդես եկող ներսի ուժերի կողմից` փոշիացվում է ունեցվածքը, գործարանները կանգ են առնում, իսկ երկրիս ղեկավարությունն էլ, անտերության մատնելով ոլորտը, բողոքում է, թե Հայաստանը չունի բնական ռեսուրսներ:
Սուրեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ