Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չբացառեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքում որոշակի ուղղումներ ու շտկումներ կլինեն:
«Կառավարությունն ու իշխանությունները երկար են քննարկել ու գիտակցաբար են գնացել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը»,- ԵԿՄ 10-րդ համագումարի ժամանակ, պատասխանելով Էջմիածնի քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդու' Կարեն Գրիգորյանի հարցին, հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Որովհետեւ այդ քայլն ուղղված է Հայաստանի ապագային եւ արվում է մեր զավակների ու թոռնիկների համար: Որեւէ մեկը չի կարող ասել, որ այս բարեփոխումները պետք չեն: Նույնիսկ մեր քննադատները ասում են, որ բարեփոխումները պետք են, բայց այս մի թեզը սխալ է, ժամկետը ճիշտ չի ընտրվել»,- պարզաբանեց նախագահը:
Նա նշեց, թե ինքը տեւական ժամանակ է, ինչ աշխատում է կառավարությունում, եւ 2004 թվականից սկսած` բոլոր կառավարություններն այս խնդրով զբաղվել են, բայց գործող կառավարությունն է որոշել այս խնդրին լուծում տալ: Սերժ Սարգսյանը նշեց, թե բացառված չէ, որ այս փաստաթղթում թերություններ կան, կարող են նաեւ լինել անհաջող ձեւակերպումներ, բայց որ այս համակարգը անհրաժեշտ համակարգ է, նախագահը չի կասկածում:
«Կարող են լինել անհաջող ձեւակերպումներ: Մենք պատրաստ ենք այդ անհարթ ձեւակերպումներն ուղղել, ես չեմ բացառում: Այո', մենք այսօր մարդկանց հինգ տոկոսի նեղություն ենք տալիս, բայց այսօր զինվորականների աշխատավարձերը բարձրացել են տասը տոկոսով, որոշ ընկերությունների աշխատողներինը' 15 տոկոսով, նույնիսկ 20-25 տոկոսով: Հուլիսից պետական ծառայողների աշխատավարձերը բարձանալու են 40 տոկոսով»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նա հավաստիացրեց, թե այդ 5 տոկոս կենսաթոշակային պահումները պետք են գալու բոլորիս: Որովհետեւ կենսաթոշակային հիմնադրամները, պարզաբանեց նախագահը, պետք են մեր երկրի տնտեսությանը, քանի որ դրանց շնորհիվ տնտեսությունում հայտնվելու են երկար եւ ցածր տոկոսներով փողեր, որոնց կարիքն այսօր մեր տնտեսվարողները շատ ունեն: Պետք է ունենալ այդ փողը, համոզմունք հայտնեց Սերժ Սարգսյանը, որպեսզի մեր երկիրը զարգանա, եւ այդ փողերն էլի ուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը:
Այնուհետեւ, դիմելով հարցն ուղղողին, հավաստիացրեց. «Անպայման անելու ենք, Կարե'ն ջան, եւ մեծ խնդիր չեմ տեսնում: Թեեւ գիտեմ, որ 80 տոկոսը դժգոհ է այդ որոշումից, բայց ներողություն արտահայտությանս համար, մենք հո ախմախ չենք, որ այսքան ռեսուրս ենք ծախսում, քաղաքական ռեսուրս է չէ՞, մեր ռեսուրսն ենք մաշում»: